ԿարևորՌեպորտաժներՍպորտ

Դատարկաձեռն, արտասվելով հեռացող Ռոնալդուն, մեկ զանգով կարմիր քարտ չեղարկող Թրամփը․ Մունդիալ-2026-ում էմոցիաների և սկանդալների պակաս չկա

Եզրագծին մոտեցող Ֆուտբոլի՝ աշխարհի առաջնությունում սպորտային սկանդալների, անսպասելի հաղթանակների կամ պարտությունների, ռեկորդների և էմոցիաների պակաս չկա։ Դարի լավագույն ռմբարկուներից մեկը՝ պորտուգալացի Կրիշտիանու Ռոնալդուն, արտասվելով է հրաժեշտ տվել մեծ ֆուտբոլին, իսկ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստովանել՝ անձամբ է զանգել ՖԻՖԱ-ի նախագահին հավաքականի ֆուտբոլիստներից մեկի կարմիր քարտը չեղարկելու և խնդրելու համար, որ վերջինս մասնակցի 1/8 եզափակիչին։ Թրամփի զանգը, սակայն, հավաքականին օգուտ չի տվել․ Միացյալ Նահանգները խոշոր՝ 4։1 հաշվով պարտվել է Բելգիայի հավաքականին ու դուրս մնացել պայքարից։ Փոխարենը Թրամփի միջամտությունը սուր քննադատությունների և սպորտը քաղաքականացնելու մեղադրանքների առիթ է դարձել։

41-ամյա Կրիշտիանու Ռոնալդուն, որ բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուներից մեկն է, նվաճել է Չեմպիոնների լիգայի 5 տիտղոս, 5 անգամ տուն տարել Ոսկե գնդակը, 900-ից ավելի գոլի հեղինակ դարձել, առանց բառերի և իրեն հատուկ ժպիտով արտասվում է․ լեգենդար ֆուտբոլիստը, որ երազում էր ավարտել կարիերան Ֆուտբոլի՝ աշխարհի առաջնության հաղթողի տիտղոսով, տուն կգնա դատարկաձեռն։ Առաջնության պատմության մեջ առաջին անգամ 1/8 եզրափակիչում Իսպանիայի հավաքականը նվազագույն՝ 1։0 հաշվով հաղթեց Պորտուգալիայի հավաքականին ու դուրս եկավ քառորդ եզրափակիչ։ Խաղից հետո լրագրողի հարցին, թե ինչ զգացողությամբ վաղը կարթնանա Ռոնալդուն, վերջինս պատասխանել է՝ մաքուր խղճով․

«Վաղը կարթնանամ այնպես, ինչպես այսօր արթնացա՝ մաքուր խղճով։ Ես ամեն ինչ տվեցի։ Պորտուգալիայի հետ երեք տիտղոս նվաճեցի։ Մինչև ինձ Պորտուգալիան երբեք մեծ գավաթ չէր նվաճել։ Ազգային հավաքականի հետ լավագույն գավաթը 2016 թվականին էր, որն ինձ համար նույնն է, ինչ Աշխարհի առաջնությունը։ Այնպես որ, կրկնում եմ՝ ես այստեղից հեռանում եմ մաքուր խղճով։ Վաղը կլինի նոր օր, և կյանքը կշարունակվի»։

Միաժամանակ ֆուտբոլիստն անկեղծորեն ասել է, որ տխուր է մեծ ֆուտբոլից այսպես հեռանալու համար, իր հազարավոր երկրպագուներին հիշեցրել քաջ լինելու և կյանքի մարտահրավերները պատվով ընդունելու մասին․

«Երբեմն դու հաղթում ես, երբեմն՝ պարտվում։ Սա է ֆուտբոլը։ Բայց դու պետք է շարունակես առաջ գնալ։ Այո՛, սա իմ վերջին աշխարհի առաջնությունն էր, և ես տխուր եմ այսպես հեռանալու համար, բայց ես տվել եմ առավելագույնը, ամենը, ինչ կարող էի տալ»։

Նա, սակայն, չի պարզաբանել՝ ավարտում է կարիերան ազգային հավաքականում, թե ոչ։

«Ես հույզերի տակ որոշումներ չեմ ընդունում։ Հիմա կգնամ, մի փոքր ժամանակ կանցկացնեմ ընտանիքիս հետ, հետո կորոշեմ»։

21-րդ դարի լավագույն ֆուտբոլիստներից մեկը, սակայն, առանց ռեկորդների չի հեռանում։ Նա դարձել է պատմության մեջ առաջին ֆուտբոլիստը, որը գոլի հեղինակ է դարձել ֆուտբոլի աշխարհի վեց առաջնություններում։

Պորտուգալիայի պարտությամբ որպես հավաքականի գլխավոր մարզիչ իր կարիերան ավարտել է նաև իսպանացի Ռոբերտո Մարտինեսը։ Ռոնալդուն նրան ջերմ խոսքեր է հղել՝ անվանելով մեծ մարզիչ, հրաշալի մարդ։ Վերջինս Ռոնալդուին անվանել է սպորտի խորհրդանիշ․

«Ռոնալդուները շատ չեն։ Մենք միշտ շնորհակալ կլինենք նրան այս առաջնությունում արածի համար։ Նրա երազանքն էր հաղթել Աշխարհի գավաթը, և նա ՝ որպես ավագ, փորձեց ցույց տալ առաջնորդության անհավանական օրինակ»։

Ռոնալդուն աշխարհի առաջնություններում 27 խաղ է ունեցել և 11 գոլ խփել։ Նրա ամենահաջող մասնակցությունը եղել է 2006-ին, երբ 21-ամյա ֆուտբոլիստը հավաքականի կազմում հասավ կիսաեզրափակիչ, բայց պարտվեց Ֆրանսիային։ Վերջինս, ի դեպ, նաև այս առաջնության հաղթողի հավակնորդներից մեկն է։ Ուշագրավ է, որ առաջնության սկզբում միջազգային մամուլի գլխագրերում ուժեղ համարվող թիմերի մեծ մասն արդեն դուրս է պայքարից՝ քառորդ եզրափակիչ չհասնելով։ Խոսքը, օրինակ, Գերմանիայի և Բրազիլիայի մասին է, ինչպես նաև առաջնությունը հյուրընկալած Մեքսիկայի և Միացյալ Նահանգների հավաքականների։ Սակայն, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, իր ձևակերպմամբ, «ֆուտբոլային լավ գիտելիքների» շնորհիվ առաջնության սկանդալային դրվագներից մեկի հեղինակն է դարձել։ Միացյալ Նահանգներ- Բոսնիա-Հերցեգովինա խաղի ժամանակ ամերիկացի 24-ամյա հարձակվող Ֆոլարին Բալոգունը հարվածել էր բոսնիացի պաշտապանի ոտքին, կարմիր քարտ ստացել և, ըստ կանոնների, մեկ խաղ պետք է բաց թողներ։ Թրամփը, սակայն, խաղից հետո զանգել է ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոյին և խնդրել վերանայել այդ որոշումը․

«Ես զանգել և խնդրել եմ վերանայել, որովհետև չէի կարծում, որ դա խախտում էր։ Ես լավ եմ հասկանում ֆուտբոլից։ Ես կարծում էի, որ այդ դրվագը պարզապես երկու հիանալի մարզիկների բախում էր, և ոչ թե դիտավորություն։ Սարսափելի կլիներ, եթե թիմի լավագույն խաղացողներից մեկին կամ գուցե լավագույն խաղացողին թույլ չտան խաղալ»։

Ի վերջո, ՖԻՖԱ-ն իսկապես կասեցրել է Բալոգունի որակազրկումը՝ փոխարինելով մեկ տարվա փորձաշրջանով։ Ֆուտբոլիստը մասնակցել է բելգիացիների դեմ խաղին, բայց այդ հանգամանքը չի օգնել ԱՄՆ-ի հավաքականին։ Վերջինս խոշոր՝ 4։1 հաշվով պարտությամբ է ավարտել իր ուղին այս առաջնությունում։

Ֆուտբոլային մի շարք կազմակերպություններ, այդ թվում՝ ՈՒԵՖԱ-ն, դատապարտել էին ՖԻՖԱ-ի այդ քայլը՝ պնդելով, որ այն ստվերում է կազմակերպության և Ֆուտբոլի՝ աշխարհի առաջնության հեղինակությունը։

«Կարմիր քարտերը չեն չեղարկվում քաղաքական հեռախոսազանգերով, ֆուտբոլը երբեք չպետք է դառնա քաղաքական իշխանության խաղահրապարակ»,– հայտարարել էր ՖԻՖԱ-ի նախկին նախագահ Յոզեֆ Բլատերը։

ՖԻՖԱ-ի նախագահ Ինֆանտինոն ավելի ուշ հայտարարել էր, թե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի զանգը ոչ մի կերպ չի ազդել ամերիկացի հարձակվող Ֆոլարին Բալոգունի որակազրկումը կասեցնելու որոշման վրա։

ՖԻՖԱ-ի դատական մարմիններն անկախ են՝ պնդել է Ջաննի Ինֆանտինոն, հավելելով, թե նույնն ասել է նաև Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցի ժամանակ․

«Ես բացատրեցի, որ գործը պատշաճ կերպով կլուծեն իրավասու մարմինները։ Այսպես է գործում ՖԻՖԱ-ի համակարգը, և սա սկզբունք է, որը ես միշտ կպահպանեմ»։

Ֆուտբոլի՝ աշխարհի առաջնությունում 1/8 եզրափակիչի վերջին խաղերն են։ Շվեյցարիա-Կոլումբիա և Արգենտինա-Եգիպտոս հանդիպումներում հաղթող թիմերը հուլիսի 12-ին կհանդիպեն քառորդ եզրափակիչում:

Պորտուգալիայի հավաքականին հաղթելուց հետո քառորդ եզրափակիչում է Իսպանիան, Նահանգներին մրցապայքարից դուրս թողնելուց հետո՝ Բելգիան։ Իսպանացիները և բելգիացիները քառորդ եզրափակիչում կհանդիպեն հուլիսի 10-ին:

Ֆրանսիա-Մարոկկո և Նորվեգիա-Անգլիա խաղերը ևս տեղի կունենան համապատասխանաբար հուլիսի 10-ին և 12-ին:

Առաջնության կիսաեզրափակիչ խաղերը կանցկացվեն հուլիսի 14-ին և 15-ին, եզրափակիչը՝ հուլիսի 19-ին:

Կարդացեք նաև

Back to top button