Մտքի ուժը

Ինչպես է «Gallium-68»-ը օգնում հայտնաբերել քաղցկեղի օջախները․ բացահայտում են հայ գիտնականները․ «Մտքի ուժը»

«Gallium-68» իզոտոպն ախտորոշիչ ռադիոակտիվ բժշկական իզոտոպ է։ Հետազոտությունը կատարում են Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայում՝ Բարձրագույն կրթության ու գիտության կոմիտեի դրամաշնորհի շրջանակում։ Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի Իզոտոպների հետազոտման և արտադրության բաժնի ղեկավար Ռուբեն Դալլաքյանը պատմում է.

«Բժշկական ռադիոիզոտոպները ռադիոակտիվ նյութեր են, որոնք կարող են ներարկվել մարդուն։ Նրանք, միացվելով որոշակի քիմիական վեկտոր մոլեկուլի հետ, կարող են կուտակվել կոնկրետ օրգաններում կամ քաղցկեղի բջիջներում։ Կախված նրանից, թե ինչ վեկտոր մոլեկուլի հետ են միացվում, կարող են կուտակվել այնտեղ, որտեղ կցանկանանք։ Այնտեղից եկող ճառագայթումը գրանցվում է, ստացվում է եռաչափ պատկեր և շատ ճշգրիտ տեղորոշվում քաղցկեղի օջախը։ Գոյություն ունեն ինչպես ախտորոշման, այնպես էլ բուժման նպատակով օգտագործվող ռադիոիզոտոպներ՝ կախված իրենց ճառագայթման տեսակից։ Վերջիններս տեղում կարող են ոչնչացնել քաղցկեղի բջիջները՝ չվնասելով կամ նվազագույն վնաս հասցնելով շրջակա առողջ բջիջներին»։

Ըստ Քաղցկեղի ուսումնասիրության միջազգային գործակալության (ՔՈւՄԳ) տվյալների՝ 2022 թվականին աշխարհում գրանցվել է քաղցկեղի 20 միլիոն նոր դեպք և 10 միլիոն մահ։ Կյանքի ընթացքում յուրաքանչյուր 5-րդ մարդու մոտ ախտորոշվում է օնկոլոգիական հիվանդություն, ընդ որում՝ յուրաքանչյուր 9-րդ տղամարդը և յուրաքանչյուր 10-րդ կինը մահանում է քաղցկեղից։ Կանխատեսվում է, որ մինչև 2050 թվականը քաղցկեղի դեպքերի թիվը կաճի 77%-ով՝ պայմանավորված բնակչության ծերացմամբ և ռիսկային վարքագծով։ Այս աճը հատկապես արագ է լինելու ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներում, որտեղ առողջապահական համակարգերը կարող են պատրաստ չլինեն նման բեռին արդյունավետորեն արձագանքելու համար։

«Gallium-68» բժշկական իզոտոպը հնարավոր է օգտագործել ոչ միայն շագանակագեղձի, այլ  նաև քաղցկեղի այլ տեսակների ախտորոշման համար։ Իզոտոպների արտադրության և հետազոտության բաժանմունքի կրտսեր գիտաշխատող Արմինե Գրիգորյանը պատմում է՝ հետաքրքրված է հատկապես «Gallium-68» բժշկական իզոտոպի ստացման տեխնոլոգիայի ուսումնասիրությամբ։ Ռադիոակտիվ իզոտոպների հետ աշխատելու համար կան կոնկրետ կանոններ։ Այստեղ անվտանգության կանոնները պահպանելը թիվ մեկ խնդիրն է։

Կարդացեք նաև

Back to top button