
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության անդամների՝ փոխվարչապետների և նախարարների կազմում փոփոխությունների կարիք չի տեսնում և չի նախատեսում։ Այդ մասին նա ասել է գործադիրի նիստից հետո՝ լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ։ Այլ մակարդակներում որոշ փոփոխություններ այնուամենայնիվ տեղի կունենան՝ հավելել է Փաշինյանը։
ՍԴ-ում սպասվող քննությունից և ընդունվելիք որոշումից վարչապետն անակնկալներ չի սպասում, ինչպես նաև լուրջ վտանգներ չի տեսնում ընդդիմության՝ կոալիցիա ձևավորելու և փողոցային պայքար գեներացնելու փորձերում։
Թեև խորհրդարանական ընտրությունների արդյունքները վիճարկվում են ՍԴ-ում, բայց «Քաղաքացիական պայմանագիր»-ն այսօր կորոշի, թե ով է ղեկավարելու հաջորդ գումարման խորհրդարանը։ Տեղեկությունը հաստատել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ժամանակագրական առումով իշխող կուսակցության նիստը ՍԴ նիստի նախօերին է։
«Տեղի է ունենալու նիստ, որտեղ որոշում է կայացվելու` առաջադրված թեկնածուներից փակ գաղտնի քվեարկությամբ ընտրվելու է մեկը։ Ով որ կընտրվի, դրա մասին կլինի հանրային իրազեկում։ Այդ հարցով մենք պետք է լսենք թեկնածուներին, հարցեր տանք, մտքեր փոխանակենք և որոշում կայացնենք։ Ես իմ քվեարկությունը կանեմ փակ, գաղտնի ռեժիմով, ինչպես նաև մյուս գործընկերները»։
Վարչապետը հաստատել է, որ ԱԺ նախագահի պաշտոնի համար իշխող ուժն ունի երեք թեկնածու։ Նրանց անունները, սակայն, Փաշինյանը չի հրապարակել։ Շրջանառվող լուրերի համաձայն՝ հավակնորդները երեքն են՝ լիազորություններն ավարտված խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանը, փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը և խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։
Նոր խորհրդարանին առնչվող քննարկում ՍԴ նիստին զուգահեռ մտադիր է կազմակերպելու նաև ընդդիմությունը։ Մասնավորապես՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը իր ընտրողներին կրկեսի շենքում՝ «Տաշիր արենայում», հրավիրում է քննարկելու և որոշելու սկզբունքային հարցերից մեկը՝ տեղեկացրել է Նարեկ Կարապետյանը․
«Ուրբաթ օրը ցանկանում եմ հանդիպում կազմակերպել մեր ուժի համար ձայն տված մեր հայրենակիցների հետ, որպեսզի իրար հետ մի քանի բան որոշենք` մանդատ չվերցնե՞լն է ճիշտ, թե՞ վերցնել, պայքարի ճանապարհների քննարկումը, իհարկե, օրենքի շրջանակներում։ Կարծում եմ, որ կլինի շատ էմոցիոնալ, շատ հախուռն և հետաքրքիր քննարկում»։
Այս հանդիպումից հետո Կարապետյանը նախատեսում է իր համակիրների հետ շարժվել դեպի ՍԴ, իր ձևակերպմամբ, տեր կանգնելու քաղաքացիների քվեին։
Մինչ խորհրդարան անցած ընդդիմադիր ուժերը փորձում են հստակեցնել իրենց հետագա մարտավարությունն ու ռազմավարությունը, ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը փորձագիտական հիմնավորումներ է ներկայացնում, թե ինչու է անհրաժեշտ, որ ընդդիմությունը ձևակերպի իր սեփական օրակարգը․
«Ընդդիմությունը վիճարկում է ընտրությունների օրինականությունը։ Այսինքն` համաձայն չեն։ Իրենց մանդատը իրենց կողմից կեղծ հռչակված ընտրության հետևանք է։ Չպետք է այնպես լինի, որ խորհրդարանում ձևափոխվի պայքարի էությունը և ընտրողի մոտ ձևավորվում է վարքագիծ, որ ինքը այդ խորհրդարանից այլևս ոչ թե սպասում է լուծում, ինչի համար ինքը գնացել, ձայն էր տվել, մեկն էլ ես եմ դրանցից։ Ես չեմ ուզում իմ նպատակը ձևափոխվի, ձևախեղվի։ Ես չեմ ուզում ինձ սովորեցնեն, որ սուր ելույթը դա հեռացմանն ուղղված մի աշխարհացունց քայլ է։ Այդպես եղավ 21-26-ին և հիմա ես խոսում եմ այն մասին, որ 26-31-ին չպետք է այդ սեզոնը կրկնվի»։
Գործող կառավարությունը ՍԴ-ից անակնկալ որոշումներ չի սպասում։ Վարչապետն արդեն ստացել է համապատասխան գրությունը, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը քննության մեջ ներգրավվել է որպես երրորդ կողմ։ Նիկոլ Փաշինյանը գործընթացն իրավական առումով չի գնահատում, բայց իրավիճակին քաղաքական գնահատական տալիս է․
«Սահմանադրական դատարանի գործընթացի հետ կապված որևէ մեկնաբանություն չեմ անի, որովհետև կոռեկտ չէ։ Ինչ վերաբերում է լեգիտիմությանը և օրինականությանը, ես ուզում եմ մենք անընդհատ չմոռանանք, որ լեգիտիմության առաջին աղբյուր կա` դա ժողովուրդն է։ Ժողովուրդն է գնահատում` իր ընտրությունը տեղի է ունեցել, թե՞ իր ընտրություն տեղի չի ունեցել։ Եթե որևէ մեկը դիտելու գոնե բավարար հմտություն ունի, անզեն աչքով կնկատի, որ ժողովուրդը արձանագրել է, որ իր ընտրությունը տեղի է ունեցել և իր ընտրությունը արձանագրվել է ընտրությունների պաշտոնական արդյունքներով։ Մնացածը արդեն մեր դիրքորոշումներով հանդես կգան մեր թիմի ներկայացուցիչները Սահմանդրական դատարանում»։
Վարչապետը տարբեր առիթներով խորհուրդ է տվել ընդդիմադիր ուժերին հավաքվել և հեղափոխություն անել, եթե անհամաձայնություն կա գործադիրի որոշումներին։ Վերջին հորդորը կապված էր հենց ընտրությունների արդյունքների հետ։ Հետընտրական կոալիցիաների ձևավորման և փողոցի պայքար գեներացնելու փորձերին առնչվող հարցին ի պատասխան՝ Հայաստանի վարչապետը նկատում է՝ հեղափոխական գործողությունների կամ նոր ընտրությունների նշանակման նախադրյալներ չի տեսնում․
«Ես ի միջիայլոց երբեք չեմ ժխտել և երբեք էլ չեմ ժխտի ժողովրդի հեղափոխություն անելու իրավունքը։ Ես դա միշտ եմ ասել, ընտրություններից առաջ էլ եմ ասել, ընտրությունների ժամանակ էլ եմ ասել, ընտրություններից հետո էլ եմ ասում։ Բայց ակնհայտ է, որ ժողովուրդը իր ընտրությունը կատարել է և մարդիկ բնականոն կյանքով ապրում են, և Հայաստանը տնտեսական զարգացման բարձր տեմպերը շարունակում է։ Սա շատ ուրախալի փաստ է»։
Նիկոլ Փաշինյանը ներքաղաքական օրակարգ է վերադարձնում մեկ այլ կարևոր թեմա։ Կարծում է, որ վաղուց հասունացել է ժամանակը անդրադառնալու քաղաքական խոսույթին և հրաժարվելու կոշտ բառապաշարից։ Հիշեցնում է, որ դեռ մեկ տարի առաջ արված առաջարկը բաց է բոլորի համար, միևնույն ժամանակ զգուշացնում, որ պայմանավորվածությունները խախտելու դեպքում արձագանքը կլինի համարժեք։




