ԿարևորՄիջազգային

Պուտինը ներկայացրել է Ուկրաինայի հետ բանակցությունների չորս հիմնարար սկզբունքները

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կառավարության անդամների հետ հանդիպման ընթացքում ներկայացրել է այն սկզբունքները, որոնց հիման վրա, ըստ նրա, Մոսկվան պատրաստ է շարունակել Ուկրաինայի հետ խաղաղ բանակցությունները։

Պուտինի խոսքով՝ բանակցությունները պետք է հիմնվեն Ստամբուլում ձեռք բերված համաձայնությունների, Անքորիջում քննարկված մոտեցումների, ինչպես նաև «տեղում առկա իրականության» վրա։ Նա նաև նշել է, որ հիմք են ծառայում այն սկզբունքները, որոնք ներկայացրել էր մի քանի տարի առաջ Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարությունում ունեցած ելույթի ընթացքում։

ՌԴ նախագահը հայտարարել է, որ ուկրաինական ուժերը շարունակում են կորցնել իրենց վերահսկողության տակ գտնվող տարածքները, իսկ Ռուսաստանը մտադիր է շարունակել առաջխաղացումը՝ հենվելով տնտեսական կայունության և ռազմական հաջողությունների վրա։

Պուտինը նաև պնդել է, որ Ուկրաինայի կողմից իրականացվող հարձակումները քաղաքացիական ենթակառուցվածքների վրա չեն կարող ազդել ռազմաճակատում ստեղծված իրավիճակի վրա։ Նրա խոսքով՝ Կիևը նման գործողություններով փորձում է ստեղծել ավելի ուժեղ բանակցային դիրքեր։

Ռուսաստանի նախագահը հիշեցրել է, որ 2022 թվականի գարնանը Ստամբուլում նախաստորագրվել էր խաղաղության պայմանագրի նախագիծը, որը, ըստ նրա, մշակվել էր ռուսական և ուկրաինական պատվիրակությունների բանակցությունների արդյունքում։

Պուտինը նաև վկայակոչել է 2024 թվականին Ռուսաստանի ԱԳՆ-ում ունեցած ելույթը, որտեղ ներկայացրել էր հակամարտության կարգավորման պայմանները։ Դրանց թվում են Ուկրաինայի զորքերի դուրսբերումը Դոնեցկի, Լուգանսկի, Խերսոնի և Զապորոժիեի մարզերից, ինչպես նաև հրաժարումը ՆԱՏՕ-ին անդամակցելու ծրագրերից։

Կարդացեք նաև

Back to top button