
Հունիսի 23-25-ը Գերմանիայի Մյունխեն քաղաքում կանցկացվի արևային էներգետիկայի ոլորտի աշխարհի խոշորագույն և ամենահեղինակավոր միջազգային ցուցահանդեսներից մեկը՝ Intersolar Europe 2026-ը։ Միջոցառմանը Հայաստանի արևային էներգետիկայի ոլորտը կներկայացնի Արևային էներգետիկայի հայկական ասոցիացիան (ԱԷՀԱ)։
Ավելի քան 30 տարվա պատմություն ունեցող Intersolar Europe-ը համախմբում է արևային և վերականգնվող էներգետիկայի ոլորտի առաջատար ընկերություններին, ասոցիացիաներին, ներդրողներին, տեխնոլոգիական կազմակերպություններին և քաղաքականություն մշակողներին։
Միջոցառման շրջանակում ԱԷՀԱ-ի նախագահ Ջուլիետա Սիմոնյանը հանդես կգա որպես խոսնակ՝ ներկայացնելով Հայաստանի արևային էներգետիկայի շուկայի զարգացման ընթացքը, ոլորտի հիմնական ձեռքբերումները, մարտահրավերներն ու առաջիկա զարգացման հեռանկարները։
ԱԷՀԱ-ի ռազմավարական նպատակը Հայաստանում վերականգնվող էներգետիկայի ամբողջական արժեքային շղթայի ձևավորումն է՝ արտադրությունից մինչև կուտակում, ցանցային ինտեգրումից մինչև ֆինանսավորում, կարգավորումից մինչև կրթություն և շուկայի զարգացում։
Intersolar Europe 2026-ին մասնակցությունը ևս մեկ կարևոր քայլ է միջազգային համագործակցության խորացման, նոր գիտելիքների և լավագույն փորձի ներգրավման, ինչպես նաև Հայաստանի էներգետիկ ներուժի միջազգային ներկայացման ուղղությամբ։




