Այս տարվա աշնանն արդեն որոշում կընդունվի Մեծամորի ատոմակայանի շահագործման ժամկետը ևս 10 տարով երկարաձգելու մասին։ Հայաստանն արդեն հինգ երկրից առաջարկ ունի նոր ատոմակայան կառուցելու վերաբերյալ։
Այդ մասին օրերս հայտարարեց տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարարը։ Դավիթ Խուդաթյանը նշեց, որ հայկական կողմը դեռ չի շտապում, քանի որ դեռ ժամանակ կա։ Իսկ մոդուլյար ատոմակայանների մասին նոր տեղեկություններ ստացվում են աշխարհի տարբեր երկրներից։
Հինգ երկիր, որոնք ՀՀ-ին առաջարկել են մոդուլային ատոմակայան կառուցել։ Երկրների աշխարհագրությունը մեծ է՝ ԱՄՆ, Ֆրանսիա, Ռուսաստան, Կորեա, Չինաստան։ Հայաստանը, սակայն, ընտրության հարցում չի շտապում։ Ատոմակայանի տեսակն արդեն ընտրվել է, երկրի ու մոդելի ընտրության համար դեռ ժամանակ կա՝ ասում է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը․
«Տարբեր երկրներ ունեն մոդուլյար ատոմակայաններ։ Կան տարբեր առաջարկներ։ Որոշում կայացնելու առումով չենք շտապում, քանի որ գործող կայանի հնարավորությունն այնպիսին է, որ մենք կարող ենք պահել էներգահամակարգում»։
Նոր ատոմակայանի ֆինանսական բաղադրիչը շատ կարևոր է, քանի որ կառուցման արժեքը կարող է էական ազդեցություն ունենալ էլեկտրաէներգիայի սակագնի վրա։ Իսկ առաջարկները ֆինանսական առումով իրարից տարբերվող են, հետևաբար, ըստ նախարարի, գլխավոր պայմաններից մեկը հնարավորինս մատչելի առաջարկ ստանալն է։
Ինչպես ցանկացած մեծ նախագծի, այնպես էլ այս դեպքում առաջնայինը գիտական միտքն է։ ԵՊՀ-ի միջուկային ֆիզիկայի ամբիոնի պրոֆեսոր, հեռանկարային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Անահիտ Բալաբեկյանն ասում է, որ ատոմային էներգետիկան արագ է զարգանում։ Այն այժմ համաշխարհային Էներգիայի հիմնական աղբյուրներից է։
Զարգացման հիմնական ուղղությունը անվտանգ էներգիան է՝ արևային, հողմային, ջրային։ Սրանք շրջակա միջավայրը զերծ են պահում աղտոտումից։ Ատոմային էներգետիկան սրանց միջին մասում է։ Այն ևս, ըստ գիտնականների, շրջակա միջավայրը չի աղտոտում, քանի որ բնական հումքի վրա է հիմնված, էներգետիկական ցանցում ունի մեծ չափաբաժին։ Ընդհանրապես, աշխարհում երկու տիպի ատոմակայաններն են զարգանում՝ ասում է մասնագետը՝ ստացիոնար ատոմակայաններ ու փոքր մուդուլային․
«Փոքր մոդուլային ատոմակայանները նոր խոսք են այս բնագավառում։ Թեկուզ հիմքը դրվել է վաղուց, սակայն վերջին ժամանակներում շատ ավելի ակտիվ ենք խոսում փոքր մոդուլային ռեակտորների մասին։ Ինչո՞վ է գրավիչ․ նրանք ավելի կոմպակտ են, անվտանգության առումով բավականին անվտանգ են։ Հաշվի առնելով նախկիններում եղած բոլոր վթարները, որոնք տեղի են ունեցել ատոմակայաններում, այժմ հաշվի առնելով անվտանգությունը, բավականին վերացրել են վտանգի այդ աղբյուրները և բավականին անվտանգ են դարձել»։
Փոքր ռեակտորենրը գրավիչ են, բայց մասնագետի կարծիքով՝ որոշում կայացնելիս պետք է մի շարք գործոներ հաշվի առնել․
«Ինչքան ծախսատար է, որքան անվտանգ է, որքան հարմարեցված կլինի տվյալ երկրի տեղանքին։ Այսինքն, այդ ամեն ինչը արդյոք հնարավո՞ր է կազմակերպել։ Այստեղ լոգիստիկ հարցերն էլ կան, այդ ամենը պետք է ուսումնասիրվի»։ «Հզորության հետ կապված խնդիր չկա, մենք ընտրելու ենք այն հզորությունը, որը կցանկանանք ընտրել՝ մեր էներգետիկ համակարգին ու սպառումներին համահունչ։ Կարող ենք ընտրել մոդուլյար 100 մգվտ, կարող ենք ընտրել 1000 մգվտ՝ կախված ՀՀ կարիքներից»։
Մեծամորի ատոմակայանի շահագործման ժամկետը հաջողությամբ երկարացնելու դեպքում Հայաստանը կկարողանա ատոմակայանը պահել իր էներգահամակարգում առնվազն մինչև 2036 թվականը։ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն ասում է, որ 2026 թվականին ատոմակայանն անջատված կլինի Հայաստանի էներգահամակարգից և կգտնվի շահագործման ժամկետի երկարացման ծրագրի փուլում։ Ամեն տարի շահագործման ժամկետի երկարաձգման գործողություններ են իրականացվում, 5 տարին մեկ դա ավելի երկար է տևում, և էներգահամակարգից անջատումը կազմում է շուրջ 3 ամիս։
Մինչև Հայաստանը կողմնորոշվի, աշխարհի մի քանի երկրում արդեն էներգահամակարգին միացված մոդուլային ատոմակայաններ կլինեն։ Սա հնարավորություն կտա ավելի ամբողջական գնահատելու այդ տեխնոլոգիայի կիրառման փորձը՝ կարծում են մասնագետներն ու պատասխանատուները։




