ԿարևորՀասարակություն

Օրենսդրական նոր կարգավորումներ՝ դեղերի շրջանառության ոլորտում

ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ քննարկել է «Դեղերի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագիծը: Օրենսդրական նախաձեռնությունը խորհրդարանին է ներկայացրել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Աստղիկ Գրիգորյանը:

Բնակչության առողջապահական առաջնահերթ կարիքները բավարարելու նպատակով առաջարկվում է ընդլայնել բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող կազմակերպություններում արտադրվող դեղերի ցանկը, որոնց համար, համաձայն ԵԱՏՄ կանոնների, գրանցում չի պահանջվում: Դա հնարավորություն կտա թույլատրել գրանցում չունեցող, սակայն հիմնական դեղերի ցանկում ներառված դեղերի ներմուծումը: Այդ կարգավորումը վերաբերում է նաեւ ուռուցքաբանության մեջ կիրառվող դեղերին:

Ներկրվող դեղեր գրանցանմուշի հետ անհամաձայնության դեպքում օրենքով սահմանված պայմաններում կթույլատրվի դրա վերապիտակավորումը ծածկաշերտի միջոցով:

Առաջարկվում է հստակեցնել ներմուծումը մերժելու հիմքերը՝ սահմանված պահանջներին չհամապատասխանող դեղերի կիրառման ռիսկերը նվազեցնելու նպատակով:

Առաջարկվում է նաեւ լրամշակել դեղերի արտադրության եւ բաշխման լիցենզիայի կասեցման ու դադարեցման հիմքերը, ընդլայնել լիցենզավորող մարմնի իրավասությունները:

Նախատեսվում է օրենքում սահմանել դեղագործական արտադրանքի պահպանում իրականացնող մաքսային պահեստների մեծածախ իրացման լիցենզիայի եւ պատշաճ բաշխման գործունեության հավաստագրի պարտադիր ստացումը: Այս լրացմամբ առաջարկվում է վերոհիշյալ կարգավորումը կիրառել նաեւ դեղերի ներմուծում, արտահանում եւ բաշխում իրականացնող այլ գերատեասչությունների ենթակայությամբ գործող դեղագործական արտադրանքի պահեստների համար:

Այս դրույթներն ուժի մեջ կմտնեն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո՝ 6 ամսվա ընթացքում:

Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վանիկ Օհանյանը կարեւորել է նախաձեռնության ընդունումը եւ ներկայացրել հանձնաժողովի դրական եզրակացությունը:

Կարդացեք նաև

Back to top button