
Կառավարությունն առաջարկում է օրենսդրական հավասարակշռված լուծում, որով նախատեսվում է վարորդական իրավունքից զրկված անձանց համար այդ իրավունքի վերականգնման նոր մոդել:
Ազգային ժողովը հունիսի 16-ին առաջին ընթերցմամբ քննարկել է ««Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ կից օրենսդրական փաթեթով:
ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի խոսքով քաղաքացիները երկար ժամանակ բարձրաձայնել են այս հարցը եւ խնդրել դիտարկել մոդելի փոփոխության հարցը: Քննարկում է տեղի ունեցել նաեւ ՀՀ վարչապետի մոտ:
Նախարարի խոսքով ներկայում վարորդական իրավունքից զրկված անձինք կարողանում են վարորդական իրավունքը վերականգնել բացառապես տեսական եւ գործնական քննությունները հանձնելու ճանապարհով: Միջազգային պրակտիկան այս առումով տարբեր կարգավորումներ է նախատեսում:
Ներկայացված նախագծերի փաթեթով առաջարկվում է փոխել վարելու իրավունքի վերականգնման գործող մոդելը՝ ներդնելով առավել թիրախային ընթացակարգ:
Այսպես, վարորդական իրավունքի զրկման ժամկետն անցնելուց հետո, որը կարող է լինել 1, իսկ բացառիկ դեպքերում՝ 2 տարի, անձը պետք է վճարի 50 հազար դրամ պետական տուրք եւ անցնի փորձաշրջան, որի ընթացքում նրան տրվելու է սահմանափակ՝ 6 բալային միավոր: Փորձաշրջանի ավարտից հետո, եթե ամեն ինչ հարթ է անցնում, ապա այդ դեպքում հաջորդ տարվա կտրվածքով նրան տրվում է 13 բալային միավոր:
«Եթե փորձաշրջանի ընթացքում անձը կրկին զրկվում է վարորդական իրավունքից կամ սպառվում են բալերը, ապա սա համարվում է կրկին զրկում, եւ անձը չի կարողանում օգտվել վարորդական իրավունքից: Հետագա վերականգնումը կարող է տեղի ունենալ արդեն տեսական եւ գործնական քննությունների պարտադիր վերահանձնման ճանապարհով»,- ասել է նախարարը:
Նաեւ սահմանվում է անցումային դրույթ, որով 2020 թվականի հունվարի 1-ից հետո զրկված անձինք եւս միայն մեկ անգամ կկարողանան վերականգնել իրենց վարելու իրավունքը՝ համապատասխան պետական տուրքի վճարմամբ եւ 13 միավորի փոխարեն 6 տուգանային միավորի հատկացմամբ՝ վերականգնումից հաշված 1 տարի ժամկետով փորձաշրջանի պայմանով:
Նախարարը պատասխանել է պատգամավորների հարցերին եւ մտահոգություններին:
ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը փաթեթի վերաբերյալ ներկայացրել է հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Խաչատրյանը:




