
Թանկարժեք և կիսաթանկարժեք քարերը, ինչպիսիք են ադամանդը, զմրուխտը, շափյուղան, ամետիստը, սերդոլիկը, մարգարիտը, փիրուզը, սաթն ու մարջանը, օժտված են բուժիչ հատկություններով: Այս մասին են վկայում Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում պահվող միջնադարյան բժշկական ձեռագրերը։
Մատենադարանի գիտաշխատող Կարինե Մոսիկյանը պատմում է, որ հնում այս քարերը մանրացնում էին, խառնում գինուն և օգտագործում ամենատարբեր հիվանդություններ բուժելու համար: Մեր հայտնի բժշկապետերի՝ Մխիթար Հերացու և Ամիրդովլաթ Ամասիացու և այլոց աշխատություններում պահպանվել են այս քարերի կիրառության բազմաթիվ բաղադրատոմսեր։
Ընդ որում, չիմանալով քարերի քիմիական բաղադրությունը՝ միջնադարյան բժիշկներն դրանց զորությունը հաճախ բացատրել են քարի «խասիաթով», այսինքն բնավորությամբ։
Բացի քարերից, բուժական նպատակներով լայնորեն կիրառվել են նաև տարբեր տեսակի կավեր, որոնց օգտակարությունն այսօր էլ հայտնի է։ Միջնադարում, անշուշտ, չեն անտեսվել նաև քարերի պահպանիչ ու չարխափան ազդեցությունը:
Հենց այդ պատճառով էլ մեծահարուստներն իրենց զարդարում էին թանկարժեք քարերով, իսկ թունավորումից պաշտպանվելու համար՝ հաճախ դրանք խմում էին մանրացված վիճակում։




