
Այս տարի լրանում է հայ դպրության մեծ երախտավորի 350-ամյակը։ Նա ընդամենը 20 տարեկան էր, երբ ձեռնադրվեց վարդապետ և հիասթափվելով Հայ առաքելական եկեղեցում այդ շրջանում տիրող անփառունակ վիճակից, որոշեց հիմնել մի նոր միաբանություն։
Նրա նպատակն էր ամբողջ գործունեությունն ուղղել հայ հոգևոր կյանքի, մշակույթի ու գիտության զարգացմանը։ Այդ առաքելությունն իրագործելու համար նա դիմեց Հռոմի պապին, ստացավ նրա բարեհաճությունն ու թույլտվությունը, ինչպես նաև տարածք, որտեղ էլ հանգրվանեց Մխիթարյան միաբանությունը։
Ինչպես նշում է արվեստաբան Լևոն Լաճիկյանը, նախկինում բորոտանոց եղած այս կղզու տարածքը Մխիթար Աբբահայրը երեք անգամ մեծացրեց, կառուցեց եկեղեցի, գրադարան ու ընծայարան՝ այն վերածելով հոգու և մտքի աշխատանքը խթանող իսկական գիտական կենտրոնի։ Մխիթարյանների ջանքերով լույս տեսան հոգևոր-կրոնական, պատմա-աշխարհագրական ու բառարանագիտական հիմնարար աշխատություններ, հիմնվեցին պարբերականներ, որոնցից ամենահայտնին, թերևս, մինչ օրս հրատարակվող «Բազմավեպն» է, իսկ հանրահռչակ «Հայկազյան բառարանն» առ այսօր չի կորցրել իր արդիականությունն ու կարևորությունը։
Մխիթար Սեբաստացու հիմնած գիտակրթական այս օջախը, շնորհիվ այնտեղ ապրող ու գործող նվիրյալների, շարունակում է իր գործունեությունը նաև այսօր։ Այդուհանդերձ, հանուն ճշմարտության պետք է նշել, որ միաբանությունն աստիճանաբար «ծերանում» է և ունի երիտասարդ միաբանների ու թարմ ուժերի կարիք։




