ԿարևորՄիջազգային

Դոնալդ Թրամփի բացահայտումը․ ԱՄՆ-ն գաղտնի նավթ է տեղափոխել Հորմուզի նեղուցով

Իրանը փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան ամերիկյան հարվածների։ Թեհրանը հայտարարում է, որ նեղուցը փակ կմնա այնքան, որքան անհրաժեշտ է, և թշնամական նավերը չեն կարող անցնել նեղուցով։ Իսկ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն էլ հայտարարել է, որ Հորմուզի նեղուցով իրենք գաղտնի կերպով նավեր են անցկացնում, և դա է պատճառը, որ նավթի գները իջել են։ ՄԱԿ–ը ԱԽ նիստ է գումարել՝ քննարկելու Մերձավոր Արևելքում պատերազմի վերսկսման ռիսկերը։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին չեն մտահոգում գնաճի թվերը։ Նա դրանք «հիանալի» է համարում, քանի որ, իր ձևակերպմամբ, «սիրում է գնաճը»։ Խոսելով 4,2 %-ի հասած գնաճի մասին, Թրամփն ասել է, որ այն պայմանավորված է Իրանի դեմ պատերազմով, և գնաճը կնվազի հենց որ պատերազմն ավարտվի։ Թրամփը նաև գաղտնազերծել է, որ Միացյալ Նահանգները գաղտնի կերպով նավեր է անցկացնում Հորմուզի նեղուցով, և դրան իրանական կողմն անգամ չի կասկածում․

«Գիտե՞ք, որ մենք միլիոնավոր բարելներ նավթ ենք դուրս բերել։ Ոչ ոք չգիտի դրա մասին։ Իրանը մինչև հիմա չգիտի։ Անցած գիշեր մենք դուրս բերեցինք 22 նավ, ուշ գիշեր էր, առանց լույսերի, այդ պատճառով էլ մեկ բարել նավթը 85 դոլար է»։

Թրամփը վստահեցրել է, որ երբ պատերազմն ավարտվի, նավթի գինը կիջնի նախկին մակարդակին։ Նա կրկին շեշտել է, որ Իրանը չպետք է միջուկային զենք ունենա։

Իրանական կողմից էլ հայտարարում են, որ փակել են Հորմուզի նեղուցը, քանի որ ագրեսիա է տեղի ունեցել Իրանի դեմ, և նեղուցը փակ կմնա այնքան, որքան անհրաժեշտ է։

Իրանի դեմ պատերազմի 104-րդ օրը. Թեհրանը հայտարարում է, որ ամերիկյան հարվածներին ի պատասխան հարձակվում է Պարսից ծոցի ամերիկյան բազաների վրա։

Aljazeera-ն ուղիղ եթերում ցուցադրել է թե ինչպես է Թեհրանը հրթիռակոծում Բահրեյնի, Քուվեյթի, Հորդանանի ամերիկյան բազաները։

Նշվում է, որ մինչև այդ՝ ԱՄՆ-ն հարվածել էր Իրանի մի շարք քաղաքների՝ ներառյալ Բանդար Աբբաս նավահանգիստը և Քարաջը։

Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացն էլ հայտարարել է, որ Իրանի դեմ արշավը շուտ չի ավարտվի․

«Մենք չպետք է մտածենք, որ աշխատանքն ավարտված է, Իրանի դեմ արշավը դեռ շատ հեռու է ավարտից։ Եթե Իրանը հարձակվի Իսրայելի վրա, կկրի ծանր հարված։ Իսրայելի պաշտպանության բանակը պատրաստ է մեծ ուժով հարձակվելու Իրանի վրա»։

Aljazeera-ն հայտնում է, որ Իսրայելը ցանկանում է ռազմական ձեռքբերումներն օգտագործել որպես քաղաքական լծակ․ խոսքը Լիբանանում «Հեզբոլլահի» դեմ գործողությունների մասին է։

Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի հարցով ՄԱԿ անվտանգության խորհրդի նիստի ժամանակ գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը լարվածությունն ու հարձակումները անհապաղ դադարեցնելու կոչ է արել․

«Մերձավոր Արևելքը ավելի խոր է ներքաշվում ճգնաժամի մեջ, քանի որ այս շաբաթը բերեց ավելի լայնածավալ հարձակումների և իրադրության հետագա վատթարացման։ Տարածաշրջանի ժողովուրդները ծանր գին են վճարում, և դա տարածվում է աշխարհի վրա, մասնավորապես՝ ամենախոցելի երկրների և համայնքների»։

Գուտերեշը նշել նաև, որ Հորմուզի նեղուցում նավարկության իրավունքների և ազատությունների սահմանափակումները դժվարություններ և անկայունություն են առաջացնում ողջ աշխարհում, բարձրացնում են էներգակիրների գները և խաթարում մատակարարման շղթաները, թանկացնում են պարարտանյութերը։ Որպես հետևանք՝ սովը ավելի է տարածվում, ինչը մեծացնում է նոր հակամարտությունների ռիսկը:

Բահրեյնի, Քուվեյթի և Հորդանանի ամերիկյան ռազմաբազաների վրա Իրանի օդային հարձակումները դատապարտել է Ծոցի գործակցության խորհուրդը։ Բահրեյնի արտգործնախարար Աբդուլլաթիֆ բին Ռաշիդ Ալզայանին ասել է․

«Այսօր մեր հանդիպումը տեղի է ունենում վտանգավոր մարտահրավերների և հետևանքների պայմաններում։ Մեր երկրները  բախվել են Իրանի դաժան ագրեսիային, թիրախավորել են ենթակառուցվածքները, տնտեսական կառույցները և բնակելի տարածքները»։

Իրանի դեմ ռազմական գործողությունները ավելի կբարդացնեն իրավիճակը, հայտարարում է Եմենի արտգործնախարարությունը՝ նշելով, որ ամերիկյան հարվածները կարող են հանգեցնել տարածաշրջանային ավելի լայն հակամարտության։

ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը,  սակայն, հայտարարում է, որ Իրանը ձեռքից բաց է թողել գործարք կնքելու հնարավորությունը․

«Իրանը հնարավորություն ունի լավ գործարք կնքելու, մեծ գործարք՝ կոդիֆիկացնելու այն, ինչ նրանք ասել են, որ պատրաստ են անելու, և նրանք պատրաստ չեն եղել դա անելու։ Վերջին հաշվով այն, ինչ մենք այսօր անում ենք, առաջ է մղելու մեր ռազմական շահերը, նաև ամրապնդելու է մեր դիվանագիտական դիրքը, քանի որ նախագահ Թրամփը անհրաժեշտության դեպքում կռվելու է, բայց Իրանը ձեռքից բաց է թողել այս գործարքը կնքելու հնարավորությունը»։

Իրանի պետական հեռուստատեսությունը ի պատասխան հաղորդում է, որ Իրանի զինված ուժերը պատրաստ են միասին դիմակայելու թշնամուն մինչև արյան վերջին կաթիլը և չեն նահանջի, քանի դեռ ագրեսորը չի պատժվել:

Իրանի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է ամերիկյան հարվածները՝ ընդգծելով, որ դրանք անիմաստ են դարձնում հրադադարը և, որ դրանց հետևանքների պատասխանատվությունը կրում է Վաշինգտոնը։

Կարդացեք նաև

Back to top button