ԿարևորՄիջազգայինՔաղաքական

Լուսաբանում, ամբարտավանություն և խրատական տոն

«Ինչպես «ճիշտ» լուսաբանել հայոց ընտրությունները»

Ռուսաստանում «օտարերկրացի գործակալ» և «անցանկալի կազմակերպություն» ճանաչված անկախ պարբերական «Մեդուզա»-ն գրել Է, որ ըստ իր հավաստի աղբյուրի, Կրեմլը հեռարձակող, համացանցային և տպագիր իշխանամետ լրատվամիջոցներին ցուցում Է տվել Հայաստանում հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների լուսաբանման վերաբերյալ:

ԶԼՄ-ները պետք Է պարտադիր նշեն, որ «Փաշինյանի կուսակցությունը 50 տոկոսից քիչ Է ստացել» և ընդգծեն, որ դա իշխող կուսակցության համար «պարտություն Է»: Բացի այդ, պետք Է շեշտել, որ ընտրությունների ընթացքում, իբր, գրանցվել են համատարած խախտումներ: Դա, ըստ «Մեդուզա»-ի անանուն զրուցակցի, «թույլ կտա կասկածի տակ առնել վարչապետի լեգիտիմությունը»:

Անսալով կոչին, ռուսական հեռուստակայաններից «Առաջին ալիքը» ռեպորտաժում հաղորդել Է, թե «Փաշինյանի կուսակցությունը 50 տոկոսից քիչ Է հավաքում, բայց ստանում Է կառավարություն կազմելու հնարավորություն»:

«Վեստի»-ն ավելի հեռուն Է գնացել, հաղորդելով, թե «Քաղաքացիական պայմանագիրը» ստացել Է 50 տոկոսից քիչ, «իսկ ընդդիմությունը՝ ի հեճուկս աննախադեպ ճնշումների, միասնաբար հավաքել Է գրեթե 40 տոկոս, դա նշանակում Է, որ 460 հազար մարդ դեմ Է վարչապետի քաղաքականությանը»:

«Հայաստանն ավելի կհեռանա ԵԱՏՄ-ից ու Ռուսաստանից»

«Հայաստանը միացրել Է թարթիչը» վերնագրած հոդվածում «Эксперт» վերլուծական հանդեսի մեկնաբանը գրել Է, որ եթե ​​Հայաստանը չհայտնվի քաղաքական ճգնաժամի մեջ, և Նիկոլ Փաշինյանը պահպանի իր լիազորությունները որպես վարչապետ, ընդդիմության նկատմամբ ճնշումը կուժեղանա, և հանրապետությունն ավելի կհեռանա ԵԱՏՄ-ից ու Ռուսաստանից։ Հանդեսը նաև վկայակոչում Է Փաշինյանին, որն ասել Է, թե «Հայաստանը չեն կարող վտարել Եվրասիական տնտեսական միությունից, քանի որ հանրապետությունը վետոյի իրավունք ունի»:

Հայաստանին ձեռնտու Է Ռուսաստանի հետ բնականոն շփումը

Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի ավագ գիտաշխատող, «Միջազգային անալիտիկա» հանդեսի խմբագիր, վերլուծաբան Սերգեյ Մարկեդոնովն «Ինտերֆաքս»-ին տված հարցազրույցում ասել Է, թե Փաշինյանին ձեռնտու չԷ Ռուսաստանի հետ հարաբերությունների արագ խզումը:

«Նա գիտակցում Է, որ կայունությունն, այդ թվում՝ նրա իշխանության կայունությունը կախված են Ռուսաստանի հետ բնականոն շփումներից տնտեսական փոխգործակցությունից, ով Էլ ինչ ասի»,- նշել Է Մարկեդոնովը:  

Սխալներից սովորելու Մոսկվայի անկարողությունը

Այս ընտրություններին Մոսկվայի արձագանքի թեմայով վերլուծություն Է պատրաստել Deutsche Welle-ի անվանի սյունյակագիր Կոնստանտին Էգերտը:

«Ինչու Պուտինը չի հասկանում և չի հասկանա Փաշինյանին» վերնագրած հոդվածում նա գրել Է, թե Մարիա Զախարովան նույն ինքը Սերգեյ Լավրովն Է և Վլադիմիր Պուտինը, սա հետևողականության մարմնացում Է։ Զախարովան մեկնաբանել Է ընտրությունների արդյունքները նույն ամբարտավան և խրատական տոնով, որով Կրեմլը սովոր է դիմել այն երկրներին ու ժողովուրդներին, որոնք համարձակվել են ինչ-որ հարցում հակառակվել:

Քննադատություն ընտրությունների ժողովրդավարական բնույթի վերաբերյալ, քողարկված ակնարկ, թե Փաշինյանն Արևմուտքի խամաճիկ է, և բնավ ոչ քողարկված սպառնալիք: Դիցուք՝ «Հայաստանի հետ հարաբերություններում մենք մտադիր ենք մեր ուղղությունը ձևավորել՝ հիմնվելով Հայաստանի իրական քայլերի վրա»:

Սա, ըստ Էգերտի, պետք Է այսպես կարդալ. «Եթե շարունակեք մերձենալ Եվրամիությանը և Միացյալ Նահանգներին, մենք կշարունակենք արգելափակել ձեր արտահանումը և նույնիսկ պատրաստ ենք փլուզել ձեր տնտեսությունը»:

Այս անզուսպ, անզոր անամոթության մեջ աչքի ընկնողը նույնիսկ սեփական շահերից ելնելով սեփական սխալներից սովորելու Մոսկվայի լիակատար անկարողությունն է:

Պուտինի ռեժիմը ցանկանում է կառավարել երևակայական «կայսրությունը», բայց նույնիսկ չի կարողանում հանձնել վարորդական իրավունքի քննությունը:

Մի՞թե նրանք չեն հասկանում, որ Ուկրաինայի հետ աղետալի պատերազմի են հասցրել հենց այդ մեծապետական մտածելակերպը, ամբարտավանությունը, խորը համոզմունքն առ այն, որ հարևանները «փախուստի տեղ չունեն»:

Դրան ավելացրեք Մոլդովայի հետ առաջացած խզումը, Բաքվի հետ հարաբերությունների սառեցումը, հիմա Էլ՝ բոլորիս աչքի առաջ՝ Երևանի հետ կապերի խզումը։

Հարևանները իրենց եզրակացություններն արել են։ Նրանք արդեն հեռանում են և կշարունակեն հեռանալ։

Այսօր կարելի Է հեշտությամբ պատկերացնել այն օրը, երբ Պուտինը կմասնակցի մայիսի 9-ի շքերթին Կարմիր հրապարակում՝ միայն Հարավային Օսիայի և Աբխազիայի ռուսական պրոտեկտորատների խամաճիկ «նախագահների» ուղեկցությամբ։

«Ու մի օր նրանք Էլ չեն գա»,- գրել Է Կոնստանտին Էգերտը:

Կարդացեք նաև

Back to top button