ԿարևորՀասարակություն

Աշխատող ծնողների համար «ծնողական ժամ» կսահմանվի. նախագիծն արժանացել է ԱԺ հանձնաժողովի հավանությանը

Ազգային ժողովի աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովն արտահերթ նիստում դրական եզրակացություն է տվել ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություն և լրացում նախատեսող օրենքի նախագծին:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Լուսինե Քոչարյանն առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացրել նոր՝ «ծնողական ժամ» հոդվածը, որը միտված է աշխատողների սոցիալական երաշխիքների ընդլայնմանը և աշխատանք-ընտանիք հավասարակշռության բարելավմանը:

Առաջարկվում է ՀՀ աշխատանքային օրենսգիրքը լրացնել  նոր` «ծնողական ժամ» հոդվածով, որից կարող է օգտվել խնամքին մինչեւ տասներկու տարեկան երեխա ունեցող, ինչպես նաեւ մինչեւ տասնութ տարեկան՝ ֆունկցիոնալության խորը կամ ծանր սահմանափակումով երեխա ունեցող աշխատողը (ծնողը, խնամատար ծնողը կամ որդեգրողը կամ խնամակալը)՝ դիմումի հիման վրա:

Մինչեւ երկու երեխա ունեցող ծնողին տրվում է օրական առավելագույնը կես ժամ, երեք եւ ավելի երեխա ունեցող ծնողին` 1 ժամ, իսկ մինչեւ 18 տարեկան ֆունկցիոնալության խորը կամ ծանր սահմանափակումով երեխա ունեցող ծնողին, անկախ երեխաների թվից, օրական առավելագույնը 1 ժամ բացակայելու հնարավորություն:

Տարբեր կամ միեւնույն գործատուի մոտ աշխատող երկու ծնողներն էլ կարող են օգտվել ծնողական ժամից:

Ըստ զեկուցողի՝ «ծնողական ժամը» ներառվում է աշխատաժամանակում, եւ այդ ժամանակահատվածում պահպանվում է աշխատողի աշխատատեղը եւ հիմնական աշխատավարձը: Ընթացակարգային մի շարք հարցեր կարող են կարգավորվել գործատու եւ աշխատող հարաբերությունների շրջանակում:

Փոփոխությունները միտված են բարձրացնելու աշխատողների սոցիալական պաշտպանությունը եւ աշխատանքի արդյունավետությունը:

Կարդացեք նաև

Back to top button