
Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները կհրապարակի հունիսի 14-ին, լրագրողների հետ զրույցում ասել է ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը՝ պատասխանելով հարցին, թե Գագիկ Ծառուկյանի առաջնորդած «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կանցնի՞ խորհրդարան, թե՞ ոչ։
Նրա խոսքով՝ այս պահին մի շարք ընտրատեղամասերում իրականացվում են վերահաշվարկի աշխատանքներ։
Ըստ նրա՝ հայտնաբերված սխալները եղել են մարդկային գործով պայմանավորված. «Մուտքագրման ընթացքում եղել է սխալ մուտքագրում, էնտեղ տողեր են թռցրել»։ ,
ԿԸՀ նախագահը նշել է, որ այս պահին բազմաթիվ ընտրատեղամասերի վերահաշվարկ է իրականացվում։ Վերահաշվարկի համար դիմել են «Ուժեղ Հայաստան»- ը, ԲՀԿ-ն եւ «Միասնության թեւեր»- ը։
«Մեր ուղղակի մոտեցումը եղել է հնարավորինս որտեղ որ տեղամասերը ցանկանում են, որպեսզի վերահաշվարկ իրականացվի, ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները իրենց նախաձեռնությամբ [անեն]։ Այսինքն` հասկացա՞ք դիմումը չի եղել, պատշաճ, մերժվել է, բայց իրենք նախաձեռնությամբ սկսել են վերահաշվարկները իրականացնել ու հիմա ընթանում են»,- ասել է Վահագն Հովակիմյանը՝ նշելով, որ քաղաքական ուժերից վերահաշվարկի պատշաճ դիմում քիչ են ստացել։
Նա տեղեկացրել է, որ Երեւանում «գրեթե բոլոր ընտրատարածքներում» վերահաշվարկ կանցկացվի։
«Քվեարկության վերջնական արդյունքները կհրապարակվեն հունիսի 14-ին։ Նախնական արդյունքները հենց դրա համար են նախնական, որովհետև դրանք դեռ պետք է ճշգրտվեն»,-ասել է ԿԸՀ նախագահը։




