ԿարևորՀասարակություն

2022-2025-ին ՀՀ-ում թրաֆիքինգի զոհ է ճանաչվել 90 անձ, որոնցից 22-ը՝ երեխա․ ԵԽ զեկույցը

Թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով Եվրոպայի խորհրդի փորձագիտական մարմինը՝ GRETA-ն, հրապարակել է նոր զեկույց, որով գնահատում է 2022 թվականից ի վեր Հայաստանի արձանագրած առաջընթացը մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարում։ ԵԽ լրատվական բաժնից «Ռադիոլուրին» փոխանցել են, որ զեկույցում ողջունվում են զոհերի հայտնաբերման և աջակցության բարելավման ուղղությամբ ձեռնարկված քայլերը։ Միևնույն ժամանակ ընդգծվում է, որ իշխանությունները պետք է ակտիվացնեն աշխատանքային շահագործման նպատակով թրաֆիքինգի կանխարգելման ջանքերը, ապահովեն նախաձեռնողական քննություններ, ինչպես նաև զոհերին տրամադրեն իրավական աջակցություն և փոխհատուցում։

2022-2025 թվականներին Հայաստանում թրաֆիքինգի զոհ է ճանաչվել 90 անձ, որոնցից 22-ը՝ երեխա։ Ուսուցումների ընդլայնման և նոր գործիքների ներդրման շնորհիվ աճել է ինչպես բացահայտված զոհերի, այնպես էլ  թրաֆիքինգի դեպքերի վերաբերյալ քննությունների թիվը։ Բացահայտված զոհերի շրջանում թրաֆիքինգի գերակշռող ձևը դարձել է աշխատանքային շահագործումը։ Ավելացել է նաև օտարերկրյա զոհերի, այդ թվում՝ միգրանտ աշխատողների թիվը։

Նշված ժամանակահատվածում օրենսդրական փոփոխությունների թվում GRETA-ն առանձնացնում է  Քրեական օրենսգրքում մարդկանց թրաֆիքինգին վերաբերող դրույթների ներառումը, վերանայված Աշխատանքային օրենսգրքում «պարտադիր կամ հարկադիր աշխատանքի» սահմանման ամրագրումը, ինչպես նաև երեխաների իրավունքների պաշտպանության վերաբերյալ երկար սպասված օրենսդրական փաթեթի ընդունումը։ GRETA-ն ողջունում է նաև զոհերի հայտնաբերման բարելավմանն ուղղված միջոցառումները և մարդկանց թրաֆիքինգի զոհերին ծառայությունների մատուցման նվազագույն չափորոշիչների ընդունումը։

Զեկույցում առանձնահատուկ ուշադրություն է դարձվում թրաֆիքինգի նկատմամբ խոցելիության նվազեցմանը և տեղեկատվական ու հաղորդակցական տեխնոլոգիաների (ՏՀՏ) օգտագործմանը։

Հայաստանում թրաֆիքինգ իրականացնողները հիմնականում օգտվում են այնպիսի խոցելի գործոններից, ինչպիսիք են աղքատությունը, բնակարանային վատ պայմանները, գործազրկությունը, կրթության պակասը և սոցիալական մեկուսացումը։ Եզդի փոքրամասնության աղջիկներն ու կանայք հատկապես խոցելի են մանկական, վաղաժամ և հարկադիր ամուսնությունների առումով։ Բացի այդ, խնամքի այլընտրանքային համակարգերից դուրս եկող երեխաներն ու երիտասարդները, ինչպես նաև հաշմանդամություն և/կամ հոգեկան խանգարումներ ունեցող անձինք, խոցելի են շահագործման տարբեր ձևերով թրաֆիքինգի նկատմամբ։

Վերջին տարիներին Հայաստանում զգալիորեն աճել է միգրանտ աշխատողների թիվը։ Հավաքագրման գործակալությունների կողմից թույլ տրվող չարաշահումները և ընկերությունների նկատմամբ սահմանափակ վերահսկողությունը միգրանտ աշխատողներին դարձնում են հատկապես խոցելի գործատուների կամ հավաքագրողների կողմից իրականացվող թրաֆիքինգի և շահագործման նկատմամբ։

Զեկույցում ընդգծվում է երեխաների պաշտպանության համար պատասխանատու մարմինների ֆինանսական և մարդկային ռեսուրսների ավելացման անհրաժեշտությունը, որպեսզի դրանք կարողանան արդյունավետ դեր ունենալ մանկական թրաֆիքինգի կանխարգելման գործում։ Ռիսկային խմբերի շրջանում թրաֆիքինգի վտանգների վերաբերյալ իրազեկման բարձրացումը, նրանց սոցիալական ներառմանը նպաստող միջոցառումները, ինչպես նաև այդ խմբերի հետ աշխատող մասնագետների վերապատրաստումը կարող են էապես ուժեղացնել կանխարգելիչ աշխատանքը։

GRETA-ն կոչ է անում Հայաստանի իշխանություններին ավելացնել Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ռեսուրսները, որպեսզի այն կարողանա իրականացնել նախաձեռնողական և չնախազգուշացված ստուգումներ բոլոր աշխատավայրերում։ Իշխանությունները պետք է նաև ավելի արդյունավետ կարգավորեն և վերահսկեն հավաքագրման և ժամանակավոր զբաղվածության գործակալությունների գործունեությունը, ինչպես նաև ապահովեն միգրանտ աշխատողների համար անվտանգ և անանուն ահազանգման ու բողոք ներկայացնելու մեխանիզմներ։

GRETA-ն ողջունում է Հայաստանում առցանց անվտանգության ամրապնդման և թվային տեխնոլոգիաների կիրառմամբ թրաֆիքինգի դեպքերի քննության բարելավման ուղղությամբ  աշխատանքը։ Միաժամանակ առաջարկվում է ներդրումներ կատարել մասնագիտական կարողությունների ամրապնդման և թվային գործիքների կիրառման մեջ՝ նման դեպքերի նախաձեռնողական բացահայտման համար, ինչպես նաև զարգացնել համագործակցությունը ՏՀՏ ոլորտի ընկերությունների և ինտերնետ ծառայություններ մատուցողների հետ։

Զեկույցում նշվում է նաև GRETA-ի նախկին առաջարկությունների մի մասը, որոնք դեռևս չեն իրականացվել կամ իրականացվել են մասնակիորեն։ Մասնավորապես, զոհերի փոխհատուցում ստանալու իրավունքի իրացումը շարունակում է մնալ անարդյունավետ․ հաշվետու ժամանակահատվածում ոչ մի զոհ փոխհատուցում չի ստացել։ Տուժած անձանց կրած վնասի (ներառյալ բարոյական վնասը և կորցրած եկամուտները) վերաբերյալ ապացույցների հավաքագրումը պետք է դառնա քրեական վարույթի մաս, իսկ պետության կողմից զոհերի փոխհատուցումը երաշխավորող մեխանիզմ պետք է ներդրվի։

GRETA-ն նաև կոչ է անում ապահովել, որ իրավական օգնությունը տրամադրվի հենց այն պահից, երբ առկա են հիմնավոր հիմքեր ենթադրելու, որ անձը կարող է լինել մարդկանց թրաֆիքինգի զոհ։

Զեկույցում ընդգծվում է, որ թեև քննությունների թիվն աճել է, մարդկանց թրաֆիքինգի գործերով կայացված դատավճիռների թիվը շարունակում է ցածր մնալ։ GRETA-ն կոչ է անում Հայաստանի իշխանություններին ապահովել, որ մարդկանց թրաֆիքինգի դեպքերը քննվեն նախաձեռնողական և արագ կերպով՝ լիարժեք կիրառելով հատուկ քննչական միջոցները։ Ընդգծվում է նաև, որ թրաֆիքինգի հանցագործությունները պետք է հետապնդվեն հենց որպես մարդկանց թրաֆիքինգ, այլ ոչ թե որակվեն որպես ավելի թեթև հանցագործություններ, և որ նման գործերով դատական հետապնդումները պետք է հանգեցնեն արդյունավետ, համաչափ և կանխարգելիչ ազդեցություն ունեցող պատժամիջոցների կիրառման։

ԵԽ զոկույցում նշվում է, որ նկատելի առաջընթաց կա, սակայն անհրաժեշտ են լրացուցիչ ջանքեր աշխատանքային շահագործման նպատակով թրաֆիքինգի դեմ պայքարում և զոհերի փոխհատուցման ապահովման հարցում Թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով փորձագետների խումբը (GRETA)։

Անկախ մարմին է, որը վերահսկում է, թե ինչպես են պետություններն իրականացնում Եվրոպայի խորհրդի՝ Մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի մասին կոնվենցիայի դրույթները։

Կոնվենցիայով պարտավորված են Եվրոպայի խորհրդի բոլոր 46 անդամ պետությունները, ինչպես նաև կազմակերպության անդամ չհանդիսացող Բելառուսը և Իսրայելը։

Կարդացեք նաև

Back to top button