
Հարավային Աֆրիկայի Հանրապետության ոստիկանությունը հայտնել է, որ Յոհաննեսբուրգի Քլիվլենդ շրջանում տեղի ունեցած զանգվածային հրաձգության հետևանքով զոհվել է առնվազն 12 մարդ, ևս 9-ը՝ վիրավորվել, հաղորդում է BBC-ն։
Ոստիկանության տվյալներով՝ հարձակումը տեղի է ունեցել երեքշաբթի ուշ երեկոյան Քլիվլենդի ոչ պաշտոնական բնակավայրում։ Իրավապահները շարունակում են որոնել կասկածյալներին։
«Նախնական տվյալներով՝ ավելի քան 10 կասկածյալ սպիտակ Toyota Quantum մակնիշի մեքենայով ժամանել է Քլիվլենդի բենզալցակայանի տարածք», — նշվում է ոստիկանության հայտարարության մեջ։
Ըստ նույն աղբյուրի՝ հարձակվողները երկու տարբեր մուտքերով ներթափանցել են բնակավայր, շարժվել տարածքով և մի քանի վայրերում կրակ բացել բնակիչների ուղղությամբ, ապա նույն մեքենայով հեռացել դեպքի վայրից։
Հարավային Աֆրիկան շարունակում է մնալ աշխարհում սպանությունների ամենաբարձր ցուցանիշ ունեցող երկրներից մեկը։ Պաշտոնական տվյալներով՝ երկրում օրական միջինում սպանվում է շուրջ 60 մարդ։




