ԿարևորՌեպորտաժներՔաղաքական

Ուզում եմ համաձայնեցված ցանկ ունենալ յուրաքանչյուր բնակավայրի ամենահրատապ երեք խնդիրների վերաբերյալ՝ վարչական ղեկավարի ստորագրությամբ․ Փաշինյան

Ներկա կառավարության առանցքային դեմքերը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակում ընդգրկված են որպես պատգամավորի թեկնածուներ։ «Որքանո՞վ կփոխվի գործադիրի կազմը նոր խորհրդարանի ձևավորումից հետո»,— հարցնում են լրագրողները վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

«Մեծ փոփոխություններ չեն լինի»։

Այս փուլում վարչապետը կառավարության կազմի մասին կոնկրետ անուններով չի խոսում, փոխարենը խոսում է անելիքների մասին և ընտրություններից հետո գործադիրի առաջին նիստը սկսում  նոր որակի պետություն ստեղծելու գաղափարով․

«Այն տրամաբանությամբ, որ պետությունը մարդու, քաղաքացու անվտանգությունը, բարեկեցությունը, ազատությունը ապահովելու միջոց է, և մենք պետք է գործենք այդ տրամաբանությամբ։ Իհարկե, մենք արդեն կսկսենք կառավարության ծրագրի նախագծի մշակումները, որը նոր կառավարության ձևավորումից հետո պիտի հաստատվի Ազգային ժողովում»։

Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն առաջին անգամ ոչ թե արտահերթ, այլ հերթական ընտրություններից հետո է ձևավորվելու, ինչը նշանակում է, որ այս անգամ կառավարության ծրագիրն ավելի մանրամասն ու դետալային քննարկումներով կձևավորվի։ Փաշինյանի խոսքով՝ կլինեն ոչ պաշտոնական քննարկումներ ներկա և հաջորդ կառավարության անդամների և ավելի լայն շրջանակների հետ։

«Կարևոր է, որ նախորդ շրջանն ամբողջապես վերլուծենք, հասկանանք` ինչն է, որ պետք է առավել ակտիվացնենք, ինչից է, որ պետք է հրաժարվենք, և որտեղ է, որ մեր արդյունքները մեզ բավարար չեն թվում, և պետք է ավելի մեծ ջանքեր գործադրենք»։

Կառավարությունը պետք է ունենա առաջնահերթություններ և առաջնահերթությունների առաջնահերթություն։ Նախորդ գումարման դեպքում այն խաղաղության օրակարգն էր՝ ասում է Փաշինյանը․

«Եվ մենք կենտրոնացած, գերկենտրոնացած մնացինք էդ թեմայի վրա և արդյունք արձանագրեցինք»։

Նիկոլ Փաշինյանը նաև աշխատանքային ձևաչափը փոխելու մասին է հետևություններ արել նախընտրական քարոզչության ընթացքում Հայաստանի բնակավայրերում հանդիպումներից հետո․

«Ի միջի այլոց, դրանից էլ սկսելու ենք»։

Կառավարությունն ավելի քիչ կաշխատի մայրաքաղաքի նստավայրերում և ավելի շատ համայնքների դահլիճներում։ Փաշինյանի խոսքով՝ համայնքների բնակիչների հետ ուղիղ ու անկեղծ խոսելու կարիք կա՝ հաշվի առնելով նախորդ տարիների փորձը, երբ կառավարության նիստերում ինչ-ինչ որոշումներ են ընդունվել կոնկրետ համայնքների վերաբերյալ, բայց մարզային այցերը ցույց են տվել, որ համայնքն այլ առաջնահերթ խնդիրներ ունի․

«Ես ուզում եմ համաձայնեցված ցանկ ունենալ յուրաքանչյուր բնակավայրի ամենահրատապ երեք խնդիրների վերաբերյալ, և ես ուզում եմ այդ խնդիրները ունենալ վարչական ղեկավարի ստորագրությամբ, որ ինքը հաստատի, որ դա ժողովրդի, հանրության, բնակիչների հետ քննարկման հարց է, և դրանք բնակավայրի առաջնահերթություններն են»։

Համայնքային խնդիրների շրջանակում Փաշինյանն ադրադառնում է նաև «Ռադիոլուր»-ի հարցին, թե ինչպես է պատկերացնում Գյումրիում արտահերթ ընտրությունների անցկացումը, երբ ձևավորված ավագանին շարունակում է աշխատել։ Փաշինյանի խոսքով՝ այդ հարցը ոչ այնքան իրավական, որքան քաղաքական պատասխանատվության տիրույթում է․

«Ես էս պահին պատրաստ չեմ կոնկրետ սցենար ներկայացնելու, բայց պատրաստ եմ ներկայացնելու մի սցենար, որ որտեղ տեղական ինքնակառավարման մարմինը մեզ կխոչընդոտի, մենք ձև կգտնենք, շրջանցումով Գյումրին կբարեկարգենք։ Գյումրին էդպիսին չի կարող լինել, դա ողբերգություն է ինձ համար, և խայտառակություն, որովհետև երբ Անի թաղամասում ես քարոզարշավ էի անում, ես շատ ծանր ապրումներով եմ այդտեղ քարոզարշավ արել, որովհետև ես իմ տեսածին ուղղակի չէի հավատում»։

Տարածքային կառավարման և ենթակակառուցվածքների նախարարության հետ արդեն նախանշվել են Գյումրու՝ վերանորոգման կարիք ունեցող ենթակառուցվածքները։ Փաշինյանի խոսքով՝ մի շարք այլ համայնքներում ևս ընդդիմադիր ղեկավարներ կան, սակայն չկա այն անբարեկարգ վիճակը, որը  Գյումրիում է․

«Ծաղկում են նաև այն քաղաքները, որտեղ ընդդիմադիր քաղաքապետեր կան, բայց Գյումրիում իմ ընկալումն այն է, որ հատուկ կոռուպցիոն սաբոտաժ են արել, որ վերջում մարդկանց այդ լուրերը տարածեն, թե վարչապետը նեղված է կամ նեղացած է, դա անհեթեթ է»։

Կառավարությունը, ի դեպ, արդեն ունի համայնքներում աշխատելու մեթոդաբանություն։ Առաջին փուլում քննարկման առարկա կլինեն այդ համայնքի առաջնահերթ երեք խնդիրները։  Յուրաքանչյուր խնդիր լուծելուց հետո կավելանա ևս մեկը, այսինքն՝ մինչև բոլոր հարցերի լուծումը կառավարության աշխատանքային սեղանին կլինի երեք խնդիր։

Կարդացեք նաև

Back to top button