
Հայաստան ներմուծվող ռուսական գազի հնարավոր թանկացման դեպքում այլընտրանք կարող է լինել այլ երկրներից գազի ներկրումը՝ այսօր ասել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահը։ Նրա խոսքով՝ հայ–ռուսական «գազային» պայմանավորվածություններն ուժի մեջ են մինչև 2027-ի տարեսկիզբ։ Թե ինչ կլինի դրանից հետո, առայժմ պարզ չէ։ Հայտնի է միայն, որ ռուսական կողմի հետ աշխատանքային քննարկումներ են ընթանում։ Թեմային անդրադարձել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նկատելով, որ Հայաստանը դիտարկում է հնարավոր բոլոր սցենարները։
Այս պահին Հայաստանը շարունակում է Ռուսաստանից գազ ստանալ այն գրաֆիկով և սակագնով, որոնց շուրջ կողմերը գրավոր պայմանավորվածություններ ունեն։ Դրանք ուժի մեջ են մինչև 2027 թվականի տարեսկիզբ՝ ասում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը.
«Պայմանագիրը և սակագները գործում են մինչև 2027 թվականի սկիզբը, և հետևաբար առաջիկա 6 ամիսների ընթացքում մենք ցնցումային բան չենք ունենա»։
Ռուսական կողմը վերջին շրջանում հաճախ է հիշեցնում Հայաստանին արտոնյալ պայմաններով գազ մատակարարելու մասին և, ըստ էության, բաց տեքստով զգուշացնում՝ ԵԱՏՄ-ից ԵՄ գնալը կհանգեցնի գազի գնի բարձրացման։ Պաշտոնական Երևանը, ի պատասխան այս զգուշացումների, բազմիցս կրկնել է, որ ԵԱՏՄ-ից դուրս գալու մտադրություն չունի և կարծում է, որ այս փուլում կառույցին անդամակցությունն ու եվրոպական ձգտումներն իրար չեն խանգարում։
Ռուսական կողմի պարբերական հիշեցումներն առայժմ փաստաթղթային ձևակերպումներ չունեն։
ՀԾԿՀ նախագահն ասում է՝ իր սեղանին պաշտոնական որևէ փաստաթուղթ չկա, որը ներկրվող գազի գնի բարձրացում է ենթադրում։ Իսկ ինչ քայլեր կանի Հայաստանը, եթե նման փաստաթուղթ շրջանառվի։ Ըստ Մեսրոպյանի՝ գազի թանկացումն անհետևանք չի կարող լինել, բայց հնարավոր այլընտրաքներ կան.
«Այլընտրանքները հարակից տարածքներից են՝ Ադրբեջանից, Թուրքմենստանից, Պարսկաստանից։ Բոլոր այն երկրները, որոնք գազ են վաճառում, և եթե ենթակառուցվածքները թույլ են տալիս, որ մենք այդ երկրներից գազ գնենք»։
ՀԾԿՀ նախագահի խոսքով՝ Հայաստանում էլեկտրական էներգիայի մոտ 30-35 տոկոսը արտադրվում է ջերմային էլեկտրակայաններում, հետևաբար եթե գազի գինը թանկանա x դրամով կամ y անգամ, ապա ազդեցությունն էլեկտրաէներգիայի սակագնի վրա կլինի բացասական.
«Միայն արդեն արևային կայանների գոյությունը մեր իրականության մեջ մեզ կապահովի 1992, 199 3-94 թվականների ծանր էներգետիկական կրիզիսի պատկերը ունենալուց։ Այո՛, անցումային փուլում եթե լինի գազի թանկացում, որոշակի դժվարություններ ենթադրաբար կլինեն, հովարային անջատումների տարիների այդ պատկերը չենք ունենա ձեր՝ ծանր և խոր։ Արդեն ասացի, որ անհետևանք դա չի կարող լինել։ Անցումային որոշակի դժվարություններ կլինեն, բայց դա չի լինի, այսպես ասած, որ օրերով, ժամերով ինչ-որ հոսանքազրկումներ կունենանք»։
Հայաստան ներկրվող ռուսական գազի գնի հնարավոր բարձրացմանն իր ամենշաբաթյա ճեպազրույցում անդրադառնում է նաև վարչապետը։ Նիկոլ Փաշինյնաը հիշեցնում է, որ կան գործող պայմանագրեր, որոնց հիման վրա ՌԴ-ից գազ է ներմուծվում.
«Ես դժվար եմ պատկերացնում, թե կողմը պայմանագրից ինչպես պետք է հրաժարվի։ Դա պայմանագրային գործելակերպ չէ։ Բայց ամեն դեպքում մենք բնականաբար բոլոր սցենարներն էլ նայում ենք, միշտ ենք նայել բոլոր սցենարները, որովհետև էլի եմ ասում` այս խոսակցությունները, որ ձեզ համար նորություն են, ինձ համար նորություն չեն։ Ես 8 տարի, տարին 2 անգամ այս խոսակցությունների մեջ եմ, և ԵԱՏՄ-ում են անընդհատ այս խոսակցությունները կապված սահմանափակումների հետ, ֆիտոսանիտարիայի հետ, տեսչական այցերի հետ կապված և այլն։ Այսինքն՝ դա ԵԱՏՄ-ի ամենօրյա աշխատանքն է, և ես ասում էի, որ ընտրություններից հետո կվերադառնամ աշխատանքի։ Հիմա ԵԱՏՄ-ի աշխատանքների մեջ լիարժեքորեն կներգրավեմ և բոլոր հարցերը արդեն երկու ձևաչափերում կքննարկեմ»։
Ի դեպ, Ազգային ժողովը վերջերս փոփոխություններ է կատարել «Կուտակիչ կայանների մասին» օրենքում, ինչը հնարավորություն է տալիս Հայաստանում զարգացնել նման կայանների կառուցումը։ ՀԾԿՀ-ում կարծում են՝ կարգավորումը կարող է լրացուցիչ գործիք դառնալ էներգետիկ համակարգում հնարավոր խնդիրների մեղմման համար։




