Ընտրություններ 2026ԿարևորՀասարակություն

«Երկու Հայաստան» ռուսական և արևմտյան մամուլում

Դիտորդներն էական խախտում չեն գրանցել

Համեմատելով Հայաստանում հունիսի 7-ի ընտրությունների մասին արևմտյան և ռուսական լրատվամիջոցների հաղորդագրություններն ակամա ենթադրում ես, որ լրագրողներն իրենց լսարանների համար աշխատել են երկու տարբեր պետություններից: Մեկում իշխող ուժը վստահ հաղթանակ է տարել և նոր խորհրդարանում կկազմի կառավարություն:

Արևմտյան դիտորդներն այդ Հայաստանում առանձնապես էական խախտումներ չեն գրանցել, մտահոգությամբ նշել են փոխադարձ ատելության գործոնը, սակայն ընդհանուր կացությունը կայուն են գնահատել: Միջազգային պետական այրերը շնորհավորել են Նիկոլ Փաշինյանին և հույս հայտնել, որ Հայաստանը կշարունակի եվրոպական ընթացքը, որի առանցքային բաղկացուցիչը հարևանների հետ վեճերի կարգավորումն է:

Կրեմլը նկատել է տալիս, որ հիմա շնորհավորելու պահը չէ

Այդպես է Հայաստանում, որտեղ աշխատել են եվրոպացի լրագրողները: Բայց զուգահեռ տիեզերքում կար Հայաստան, որի պատկերը հեղինակել են ռուսաստանցի լրագրողները և Ռուսաստանի պաշտոնյաները:

Կրեմլը լռում է, նկատել է տալիս, թե հիմա շնորհավորելու պահը չէ, դեռ պետք է սպասել, պարզաբանումներ են անհրաժեշտ: Այս մի Հայաստանում ծանր վիճակ է՝ խեղճ ընտրող, պատկերացնո՞ւմ եք համատարած խախտումներ, օրը ցերեկով կառուսել: Ռուսաստանի Առաջին ալիքի լրագրողը խորհուրդ է տալիս ուշադրություն չդարձնել մասնակցության բարձր թվի վրա: Իրականում գրեթե 59 տոկոսի հասած մասնակցությունն ամենաբարձրն է անցած 9 տարում:

ՔՊ-ն ունի կառավարությունն իր ուժերով կազմելու իրավունք

«Վեստի» ալիքի լրագրողն էլ ռուստանցիների համար «մխիթարող» փաստ է գտել և խանդավառված տեղեկացրել, թե «ՔՊ-ն չի հասել 50 տոկոսը նվաճելու բաղձալի նպատակին, ինչը թույլ կտար միանձնյա ձևավորել խորհրդարանը»: Ճիշտ է, այդ «աչքալուսանքից» հետո «Վեստի»-ի թղթակիցը ստիպված հավելել է, որ «իշխող կուսակցությունն այնուամենայնիվ հաղթել է»:

Մինչդեռ, բրիտանական BBC-ին հստակեցնում է, որ գրանցած արդյունքով Նիկոլ Փաշինյանի ղեկավարած ՔՊ-ն ունի կառավարությունն իր ուժերով կազմելու իրավունք:

Պնդում «աննախադեպ խախտումների» և «կաթվածի» մասին

Բայց մի կողմ դնենք BBC-ին և վերստին տեղափոխվենք զուգահեռ տիեզերք: Ռուսական Առաջին ալիքի թղթակից Միխայիլ Ռակիտսկի ռեպորտաժում ասել է, թե «մասնակցությունը հասել է գրեթե 60 տոկոսի, սակայն ժողովրդական քվեարկությունը կհիշվի ոչ միայն դրա համար: Այդ  ընտրությունների օրը տեղի են ունեցել աննախադեպ ընտրախախտումներ: Սրանք ամենասկանդալային ընտրություններն են: Այն, ինչ տեղի էր ունենում ընտրատեղամասերում վկայում է ընտրական Հայաստանում համակարգի կաթվածի մասին»: Ռակիտսկին, իհարկե, համեստորեն լռել է այն մասին, որ իր հայրենիքում ընտրությունների արդյունքները նախապես են հայտնի:

Ֆրանսիացի գործակալները բարձրացան հայկական սարե՞ր

РЕН ТВ պնդել է, թե օտարերկրյա հատուկ ծառայությունները Երևանի թույլտվությամբ, իրբ, միջամտել են հայոց ընտրություններին: Որտեղի՞ց այդ տեղեկությունը:

Պարզվում է, դա թղթակից Ալեքսեյ Պոլտորանինի ենթադրությունն է: Ահա մի մեջբերում. «Փաշինյանն արդեն տոնում էր հաղթանակը, հավաքել էր զինակիցներին նախընտրական շտաբում և հայտնել, որ զրուցել է Մակրոնի հետ: Գուցե Փաշինյանը և զինակիցները քննարկել են ֆրանսիական հատուկ ծառայությունների աշխատանքը, դրանք Հայաստանում ամբողջ նախընտրական շրջանում են աշխատել»:

Ֆրանսիացիներին, ըստ РЕН ТВ-ի թղթակցի, սատարել է եվրոպական ՀԿ-ների հզոր դեսանտը:

«Հստակ հայտնի է, որ տեղակայված են եղել բելգիական և նիդերլանդական կենտրոններ»,- խորհրդավոր տոնով ավելացրել է РЕН ТВ-ի լրագրողը:

Ահա այդպիսի տարբեր, իրարամերժ տեսանկյուններից են մեկնաբանել հայոց ընտրությունները ռուսական և արևմտյան լրատվամիջոցները:

Խոսքն աշխարհքաղաքական կողմնորոշման մասին է

Բայց եղե՞լ է, որևէ միավորող գործոն: Իհարկե: Թե՛ արևմտյան, թե՛ ռուսական մամուլը նշել է, որ խոսքն, ըստ էության, աշխարհաքաղաքական և նույնիսկ քաղաքակրթական կողմնորոշման մասին է:

Տվյալ պահին ծանրագույն ճնշումների տակ գտնվող Հայաստանն իր ապագան է ընտրում: Եվ հունիսի 7-ի արդյունքներով ուրվագծվող կողմնորոշումը, կարծես թե, խիստ նյարդայնացնում է միջազգային հզոր դերակատարներից մեկին:

Back to top button