
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշեց, որ 3 ընտրատեղամասերում քվեարկությունների արդյունքներն անվավեր ճանաչելու որոշումը չի ազդում ընտրությունների արդյունքների վրա, հետևաբար վերաքվեարկություն տեղի չի ունենա:
«ԿԸՀ-ն որոշում է՝ ՀՀ ԱԺ 2026թ-ի հունիսի 7-ին կայացած հերթական ընտրությունների նախապատրաստման և քվեարկության ընթացքում տեղի չեն ունեցել ՀՀ Ընտրական օրենսգրքի այնպիսի խախտումներ, որոնք կարող էին ազդել ընտրության արդյունքների վրա»,- հայտարարել է ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը:
Ավելի վաղ ԿԸՀ-ն անվավեր էր ճանաչել 35/65, 10/51 և 12/13 ընտրական տեղամասերի քվեարկության արդյունքները։
Հայաստանում խորհրդարանական ընտրությունները տեղի են ունեցել հունիսի 7-ին։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի բոլոր 2005 ընտրատեղամասերից նախնական տվյալների համաձայն՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է ձայների 49.825%-ը։ Գործարար Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստան» դաշինքը ստացել է 23.281%, իսկ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ 9.934%։ Գործարար Գագիկ Ծառուկյանի «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ստացել է 3.996% և չի կարողացել մտնել խորհրդարան։ Մասնակցությունը կազմել է 58.97%։
«Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքը, «Հայաստան» կուսակցությունների դաշինքը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն, «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը և «Ազգային ժողովրդական բևեռ» կուսակցությունը համատեղ հայտարարությամբ են հանդես եկել, որով արձանագրում են, որ «ընտրությունների վերաբերյալ ներկայացված պաշտոնական տվյալները չեն արտացոլում ժողովրդի իրական կամքը և ընտրությունների ստույգ արդյունքները»։ Նշում են, որ պատրաստվում են վիճարկել ԿԸՀ որոշումը Սահմանադրական դատարանում և սկսել փողոցային պայքար։
Հայաստանում խորհրդարանական ընտրությունները տեղի են ունեցել հունիսի 7-ին։
ԱԺ մանդատները բաշխվում են հետևյալ կերպ․
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն-61 մանդատ
«Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինք-28 մանդատ
«Հայաստան» կուսակցությունների դաշինք-12 մանդատ:




