
Խորհրդարանական ընտրություններից մեկ շաբաթ հետո էլ քաղաքական կրքերը չեն հանդարտվում։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հունիսի 14-ին կամփոփի հունիսի 7-ի ընտրությունների վերջնական արդյունքները։ Մինչև այդ ներկայացրել է քաղաքական ուժերի դիմումների հիման վրա 637 ընտրատեղամասերում արված վերահաշվարկի արդյունքները։ Ըստ դրանց՝ կուսակցությունների մի մասի ձայներն ավելացել են, մյուսներինը պակասել։ ԿԸՀ-ն նաև 3 տեղամասերում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու որոշում է կայացրել։
Ընդդիմադիր ուժերը հայտարարում են այս որոշումները վիճարկելու, Սահմանադրական դատարան դիմելու մտադրության մասին, իշխանությունը հակադարձում է՝ ընտրություններն ազատ են անցել, իսկ ընդդիմությունն աննախադեպ ծավալով ընտրակաշառք է բաժանել։
Հունիսի 14-ին՝ քվեարկության օրվանից 7 օր հետո, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նիստ կհրավիրի և կամփոփի Ազգային ժողովի հունիսի 7-ի հերթական ընտրությունների վերջնական արդյունքները։ Ըստ Ընտրական օրենսգրքի՝ հանձնաժողովը պետք է կայացնի հետևյալ որոշումներից մեկը՝ հայտարարի 9-րդ գումարման Ազգային ժողովի ընտրվելու և մանդատների բաշխման մասին, առանձին ընտրատեղամասերում վերաքվեարկություն նշանակի կամ անվավեր ճանաչի Ազգային ժողովի ընտրությունները։
Մինչև այդ որոշումը ԿԸՀ-ն ամփոփել է քաղաքական ուժերի դիմումների հիման վրա 637 ընտրատեղամասերում արված վերահաշվարկի արդյունքները։
Ըստ դրանց՝ կուսկացությունների մի մասի ձայներն ավելացել են, մյուսներինը՝ պակասել։
Անցողիկ շեմը հաղթահարած քաղաքական ուժերից «Քաղաքացիական պայմանագրի» կուսակցության քվեների թիվն ավելացել է 1148-ով, «Ուժեղ Հայաստան»-ինը՝ 508-ով, «Հայաստան» դաշինքինը՝ 217-ով։
Վերահաշվարկը կարևոր էր հատկապես «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համար, քանի որ վերջինիս անցողիկ շեմը հաղթահարելու համար մի քանի հարյուրերոդական տոկոս էր պակասում։ Ըստ վերահաշվարկի արդյուքների՝ ԲՀԿ-ի 58 378 քվեն ավելացել է 147-ով։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը տեղեկացնում է նաև, որ վերահաշվարկի արդյունքում անճշտությունների գումարային չափը`1279-ից ավելացել է 230-ով, իսկ անվավեր քվեաթերթիկների թիվը 17 097-ից նվազել է 859-ով: Վերահաշվարկին զուգահեռ ԿԸՀ-ն անվավեր է ճանաչել 3 ընտրատեղամասի քվեարկության արդյունքներ։ Ստացվում է, որ վերահաշվարկի արդյունքում ԲՀԿ-ի քվեների քանակն ավելացել է, զուգահեռաբար նվազել՝ 3 տեղամասերում ընտրությունների չեղարկման պատճառով։
ԲԿՀ-ում այս իրավիճակն իրենց ուղղված հարված են համարում։ Իրավաբան Արամ Օրբելյանի կարծիքով՝ մի քանի ընտրատեղամասերում ընտրության արդյունքները չեղյալ հայտարարելու որոշումը ԿԸՀ–ն կայացրել է այն բանից հետո, երբ պարզ է դարձել, որ վերահաշվարկի արդյունքներով ԲՀԿ–ն հաղթահարում է անցողիկ շեմը։
«Տեղի է ունեցել խախտում, խախտումը եղել է բոլորի աչքի առաջ, խախտումը նկարագրել են, արձանագրել են, բարձրաձայնել են առաջին գիշերվանից սկսած։ Լռություն… դե, ոչինչ չկա, ոչ մեկը չի ասում՝ խնդիր ենք տեսնում, ընտրատարածքային հանձնաժողովը խնդիր չի տեսնում, ոչ մեկը խնդիր չի տեսնում, կառավարական թեկնածուները չեն բարձրաձայնում, մինչև որ պարզ է դառնում, որ վերահաշվարկի արդյունքում երեք օպոզիցիոն ուժերը անցնում են Ազգային ժողով։ Այդ ժամանակ տեսնում են խախտումը, խախտումը արձանագրում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովում ու դրա արդյունքում անվավեր է ճանաչում, ըստ էության, երկու ընտրատարածքային հանձնաժողովների որոշումը»։
Վերահաշվարկի արդյունքում՝ ԲՀԿ–ն վերականգնել է պակասող ձայներից ավելի շատ ձայներ՝ ասում է կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը։
«Բազմաթիվ տեղամասերում, որտեղ զինվորները նույն պայմաններում կատարել են քվեարկություն, ԿԸՀ-ն արդյուքներն անվավեր չի ճանաչել։ Անգամ, եթե ինչ-որ տարբերակում մտածենք, որ ԿԸՀ-ն լրջագույն ուսումնասիրությունն է իրականացրել այս օրերի ընթացքում, իրենց նախորդ կատարած հայտարարությունից հետո և այնուամենայնիվ պարզել է, որ դա օրենքի խախտում է և դա պետք է անվավեր ճանաչել, ապա ինչու՞ անվավեր չեն ճանաչվել ընտրության արդյուքներն այն բոլոր ընտրատեղամասերում, որտեղ այս նույն իրավիճակն է եղել։ Այլ հատկապես անվավեր են ճանաչվել այն երկու ընտրատեղամասերում, որտեղ ԲՀԿ-ն վստահության բարձր քվե է ստացել»։
Արձագանքելով ընդդիմադիր ուժերի մեղադրանքերին՝ իշխող ուժի փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը հիշեցնում է՝ զինվորների քվեարկության ժամանակ արձանագրված խախտումների մասին ահազանգում էին հենց ընդդիմադիրները։ ԿԸՀ-ն, ըստ էության, արձագանքել է այդ ահազանգին։ Մեջբերում․
«Զինվորների քվեարկությամբ պայմանավորված՝ ընդդիմության բարձրացրած հիստերիայի արդյունքում չեղարկվում են 2 տեղամասի արդյունքներ, որոնցում ՔՊ-ն հանրագումարով ուներ 1224 քվե։ Ցանկացած դեպքում, երբ այս ընդդիմությունն առաջիկա հինգ տարիներին կարտասանի «բանակ» կամ «զինվոր» բառերը, պիտի հիշի, որ հերթափոխից իջած ու քվեարկած զինվորների ձայնն անվավեր սարքելու պրոցես է գեներացրել»։
Մինչ քաղաքական ուժերը սպասում են ԿԸՀ-ի որոշմանը, իրավապահ մարմինները շարունակում են ընտրական գործընթացին առնչվող նոր փաստեր ներկայացնել։ Հակակոռուպցիոն կոմիտեն նոր ձայնագրություն է հրապարակել, ըստ որի՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները խորհրդարանական ընտրություններին իրենց կուսակցության օգտին քվեարկելու և համակիրներ հավաքագրելու պայմանով Լոռու մարզի Ախթալա համայնքում և հարակից շրջաններում մի շարք ընտրողների ընտրակաշառք են տվել:
«Քաղաքացիական պայմանագիր» կուսկացության վարչության անդամ, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը կարծում է, որ այս ընտրությունների ինտրիգը «ԲՀԿ-ն կանցնի՞ խորհրդարան, թե՞ ոչ» հարցը չէր։
«Անկեղծ եմ ասում՝ ինձ նենց մեկ է «Բարգավաճ Հայաստանը» կանցնի, չի անցնի, ընտրակաշառք բաժանող «Բարգավաճ Հայաստանները», «Ուժեղ Հայաստանները», «Հայաստան» դաշինքները առհասարակ մեր քաղաքական կյանքում տեղ չպիտի ունենան, այդ տեսակ ուժերն առհասարակ չպիտի լինեն մեր քաղաքական դաշտում: Ընտրակաշառք բաժանողը, ընտրակեղծարարությամբ զբաղվողը Հայաստանի Հանրապետությունից պիտի արմատախիլ արվի»։
Վաղը կայանալիք նիստում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կամփոփի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները՝ պատասխանելով գլխավոր հարցին՝ արդյո՞ք վերահաշվարկից և քաղաքական ուժերի համար վիճահարույց որոշումներից հետո կփոխվի՞ խորհրդարանի կազմը, թե 9-րդ գումարման Ազգային ժողովն իր առաջին նիստը կգումարի օգոստոսի 2-ին, քաղաքական 3 ուժերով։



