ԿարևորՀասարակություն

ՀԾԿՀ-ն ու HELVETAS-ը միավորում են ջանքերը էներգետիկայի ոլորտի զարգացման համար

2026 թվականի հունիսի 12-ին ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը և HELVETAS Swiss Intercooperation շվեյցարական զարգացման կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Հովսեփ Պատվականյանը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր։

Հուշագրի հիմնական նպատակն է համագործակցություն հաստատել ներառական և կանաչ տնտեսական զարգացումը խթանող ծրագրի շրջանակներում։

Հուշագիրը ստեղծում է կողմերի միջև համագործակցության շրջանակ կայուն տնտեսական զարգացման, էներգաարդյունավետության, կանաչ անցման, կարգավորող միջավայրի բարելավման, էներգետիկ ռեսուրսների արդյունավետ կառավարման և օգտագործման հետ կապված ոլորտներում։

Այն նաև նախատեսում է համագործակցություն հետազոտությունների, խորհրդատվությունների, գիտելիքների փոխանակման, կարողությունների զարգացման, շահագրգիռ կողմերի ներգրավման և էներգետիկ ոլորտի բարելավմանն ու շուկայի զարգացմանը նպաստող առաջարկությունների մշակման ոլորտներում։

Հատկապես կարևորվում է հանձնաժողովի ինստիտուցիոնալ և մասնագիտական կարողությունների ամրապնդումը, այդ թվում՝ ուսումնական ծրագրերի, փորձագիտական փոխանակումների, սեմինարների և մասնագիտական զարգացման այլ նախաձեռնությունների կազմակերպման միջոցով։

Ստորագրման արարողությունից հետո ելույթ ունենալով՝ ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը ընդգծել է համագործակցության գործնական նշանակությունը.

«Էներգետիկայի ոլորտը արագ վերափոխման է ենթարկվում՝ ստեղծելով նոր մարտահրավերներ կարգավորող մարմինների համար։ Այսօր արդյունավետ կարգավորումը պահանջում է ոչ միայն ուժեղ ինստիտուտներ, այլև ժամանակակից փորձագիտություն, շարունակական մասնագիտական զարգացում և միջազգային գործընկերների հետ սերտ համագործակցություն։ Մենք բարձր ենք գնահատում HELVETAS-ի պատրաստակամությունը՝ աջակցելու կարողությունների զարգացմանը և գիտելիքների փոխանակմանը։ Այս Հուշագիրը նոր հնարավորություններ կընձեռի Հանձնաժողովի ինստիտուցիոնալ կարողությունների ամրապնդման, կարգավորող պրակտիկայի բարելավման և Հայաստանում կայուն զարգացմանը աջակցելու համար»։

Մեսրոպյանը նաև նշել է, որ համագործակցությունը կնպաստի էներգետիկ կարգավորման ժամանակակից մոտեցումների ներդրմանը, կնպաստի միջազգային լավագույն փորձի փոխանակմանը և կաջակցի ոլորտում ավելի կանխատեսելի և ներդրումային միջավայրի ստեղծմանն ուղղված ջանքերին։

HELVETAS Swiss Intercooperation-ի հայկական ներկայացուցչության ղեկավար Հովսեփ Պատվականյանն ընդգծել է համագործակցության կարևորությունը կայուն տնտեսական զարգացման խթանման գործում.

«Մենք ուրախ ենք համագործակցություն հաստատել Հանձնաժողովի հետ և կարծում ենք, որ կարողությունների ամրապնդումը և գիտելիքների փոխանակումը կնպաստեն Հայաստանում ավելի արդյունավետ և կայուն էներգետիկ ոլորտի ձևավորմանը: Հուշագրի ստորագրումից հետո մենք սպասում ենք գործնական նախաձեռնությունների իրականացմանը, որոնք կապահովեն երկարաժամկետ օգուտներ էներգետիկ ոլորտի համար»:

Կողմերը վստահություն են հայտնել, որ Հուշագիրը կծառայի որպես ամուր հիմք գործնական համագործակցության և Հայաստանի կայուն տնտեսական և էներգետիկ զարգացմանը նպաստող նախաձեռնությունների իրականացման համար։

HELVETAS Swiss Intercooperation-ը միջազգային ճանաչում ունեցող  շվեյցարական զարգացման կազմակերպություն է, որն ավելի քան 70 տարի գործունեություն է իրականացնում աշխարհի բազմաթիվ երկրներում՝ իրականացնելով ծրագրեր կայուն զարգացման, կրթության, ինստիտուցիոնալ կարողությունների և տնտեսական զարգացման, ինչպես նաև կլիմայի փոփոխության հարմարվողականության և ջրային ռեսուրսների կառավարման ոլորտներում։

Կարդացեք նաև

Back to top button