
Ֆրանսիական Kissani Films ընկերությունը, հղում անելով 1990-ականներին կնքված պայմանագրին, հավակնում է հայկական մոտ 250 ֆիլմերի բացառիկ իրավունքներին, հայտնում են Հայաստանի կինոյի հիմնադրամից։
Նշվում է, որ հաշվի առնելով հարցի կարևորությունը և դրա շուրջ առաջացած իրավական հանգամանքների բազմակողմանի ուսումնասիրության անհրաժեշտությունը՝ որոշում է կայացվել ժամանակավորապես հետաձգել Անսիի միջազգային անիմացիոն կինոփառատոնի Classics բաժնում նախատեսված հայկական ծրագիրը։
«Հայկական կինոժառանգությունը մեր ազգային հիշողության և մշակութային ինքնության կարևորագույն բաղադրիչներից է, իսկ դրա պահպանությունը, հանրահռչակումը և միջազգային ներկայացումը Հայաստանի կինոյի հիմնադրամի առաջնահերթություններից են։
Ստեղծված իրավիճակի առնչությամբ կիրականացվի համապարփակ ուսումնասիրություն՝ ներգրավելով համապատասխան մասնագիտական և իրավասու կառույցներին։ Ուսումնասիրության արդյունքների հիման վրա կձեռնարկվեն անհրաժեշտ քայլեր՝ առաջնորդվելով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և հայկական կինոժառանգության պահպանության ու պետական շահի պաշտպանության սկզբունքներով», ասվում է հիմնադրամի տարածած հաղորդագրությունում։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ 2026 թվականի Անսիի անիմացիոն ֆիլմերի միջազգային փառատոնի Festival international du film d’animation d’Annecy «Դասականներ» ծրագրում պետք է ցուցադրվեր հայկական անիմացիոն 9 ֆիլմ։




