
«Airbus Helicopters» ընկերությունը և Հայաստանի Հանրապետությունը պայմանագիր են կնքել վեց բազմաֆունկցիոնալ H145 ուղղաթիռների մատակարարման վերաբերյալ։ Գործարքը վերջնականապես հաստատվել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ Երևան կատարած պաշտոնական այցի ընթացքում և վերջերս արդեն ուժի մեջ է մտել՝ դառնալով կարևոր քայլ Ֆրանսիայի և Հայաստանի միջև երկկողմ կապերի ամրապնդման ճանապարհին։
Այս բազմաֆունկցիոնալ ուղղաթիռներն օգտագործվելու են փոխադրումների համար։ Սա «Airbus Helicopters»-ի հետ Հայաստանի առաջին պայմանագիրն է, որով հիմք է դրվում երկրի ուղղաթիռային պարկի արդիականացմանը՝ իր դասի ամենաճկուն և հուսալի մոդելներից մեկի միջոցով։
«Այս անդրանիկ պայմանագիրը մեր ընկերության և Հայաստանի միջև խորացող գործընկերության վկայությունն է։ Մենք հպարտ ենք աջակցել երկրին իր ավիացիոն հնարավորությունների զարգացման գործում»,- նշել է Արևելյան Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի և Կովկասի տարածաշրջանի ղեկավար, փոխնախագահ Լյուդովիկ Բուաստոն։ Նա հավելել է. «Ակնկալում ենք երկարատև ու արդյունավետ համագործակցություն և պատրաստ ենք էլ ավելի խորացնել մեր կապերը»։
H145 ուղղաթիռներն աչքի են ընկնում բարձր արդյունավետությամբ, հատկապես բարձրլեռնային ու շոգ պայմաններում և լիովին համապատասխանում են Հայաստանի բարդ ու լեռնային աշխարհագրությանը։
Աշխարհում շահագործվում է H145 ընտանիքի ավելի քան 1800 ուղղաթիռ, որոնց ընդհանուր թռիչքային ժամանակը գերազանցում է 8,5 միլիոն ժամը։ Ուղղաթիռն աշխատում է երկու «Safran Arriel 2E» շարժիչով, ունի շարժիչի թվային կառավարման ինքնավար (FADEC և «Helionix» թվային ավիոնիկայի (օդանավային էլեկտրոնիկայի) համակարգեր։




