
«VETCAUCASUS» («VET Caucasus – Strengthening VET Systems in Armenia and Georgia for Skills and Workforce Development») Էրազմուս+ ծրագրի շրջանակում իրականացվող կարողությունների զարգացման նախագիծ է, որի նպատակն է բարելավել և արդիականացնել մասնագիտական կրթության և ուսուցման (ՄԿՈՒ, VET) համակարգերը Հայաստանում և Վրաստանում։
Նախագիծը միտված է մասնագիտական կրթության ոլորտում առկա մի շարք մարտահրավերների հաղթահարմանը, մասնավորապես՝ եվրոպական կրթական շրջանակներին սահմանափակ համապատասխանությանը, աշխատաշուկայի և կրթական հաստատությունների միջև թույլ կապերին, ինչպես նաև ժամանակակից և պահանջարկահեն ուսուցման մեթոդների անհրաժեշտությանը։


VETCAUCASUS-ի հիմնական նպատակն է նպաստել այնպիսի ՄԿՈՒ համակարգերի ձևավորմանը, որոնք ավելի լավ կարձագանքեն աշխատաշուկայի պահանջներին, կապահովեն բարձր որակի կրթություն և կհամապատասխանեն եվրոպական չափանիշներին։
««VETCAUCASUS» («Հայաստանում և Վրաստանում մասնագիտական կրթության և ուսուցման համակարգերի հզորացում՝ հմտությունների և աշխատուժի զարգացման համար») ծրագիրը Էրազմուս+ ծրագրի շրջանակներում Երևանի ինֆորմատիկայի քոլեջի մասնակցությամբ ծրագիր է, որը նպատակ ունի ուսումնասիրել և վերհանել բոլոր այն խնդիրները, որոնք վերաբերում են և՛ ՄԿՈՒ համակարգին, և՛ ՄԿՈՒ համակարգի աշխատաշուկայում ներգրավվածությանը՝ ի դեմս մեր ուսանողների և շրջանավարտների»,- ասում է ԿԳՄՍՆ Երևանի Ինֆորմատիկայի պետական քոլեջի տնօրեն, ծրագրի մասնակից գործընկեր հաստատության ղեկավար Ռոբերտ Աբրահամյանը։


Ծրագրի շրջանակում իրականացվող փորձի փոխանակումները հաճախ դառնում են երկարաժամկետ զարգացման հիմք։ Եվ յուրաքանչյուր նախագիծ ունի նաև ապագային միտված նպատակներ ու շարունակականության ապահովման խնդիր։
«Ծրագիրը համակարգում է Լատվիայից մի համալսարան։ Ծրագրի մաս են նաև իտալական և բելգիական գործընկերներ։ Մենք պետք է այցելենք բոլորին՝ հասկանալու համար, թե իրականում իրենց կրթական համակարգում միջին մասնագիտական կրթությունը ի՞նչ դեր ունի, այնուհետև լավագույն փորձը տեղայնացնենք։ Բրյուսել այցը նաև ենթադրելու է այցեր եվրոպական այլ կառույցներ, որտեղ մենք կհասկանանք, թե ի՞նչ հիմքի վրա է առհասարակ եվրոպական կրթությունը այն մասով, ինչ վերաբերվում է միջին մասնագիտական կրթությանը»,– ասում է միջազգային համագործակցության մասնագետ Արծրուն Պիվազյանը։
«VETCAUCASUS» ծրագրի շրջանակում առանձնահատուկ ուշադրություն է դարձվում կրթական ծրագրերի արդիականացմանը, որակի ապահովման մեխանիզմների զարգացմանը, հմտությունների ճանաչման և գնահատման համակարգերի կատարելագործմանը, ինչպես նաև կրթական հաստատությունների, գործատուների և պետական կառույցների միջև համագործակցության ամրապնդմանը։




