Դպրություն

Հայրենիք և պետություն. ինչպե՞ս են դպրոցականները ընկալում ազգային արժեքները. «Դպրություն»

Հայրենիքի և պետության մասին պատկերացումները ձևավորվում են դեռևս դպրոցական տարիներին։ Դրանք ազդում են մարդու ինքնության, քաղաքացիական գիտակցության և հասարակական պատասխանատվության ձևավորման վրա։ Սակայն ժամանակակից աշխարհում, երբ տեղեկատվության աղբյուրները բազմազան են, կարևոր է հասկանալ, թե ինչպես են աշակերտներն ընկալում այս հասկացությունները և ինչ դեր ունի դպրոցը դրանց ձևավորման գործում։

Ինչպե՞ս են աշակերտները հասկանում հայրենիքի և պետության գաղափարները, ի՞նչ դեր ունի կրթությունը դրանց ընկալման ձևավորման գործում և ի՞նչ մարտահրավերներ կան այսօր։

«Հասարակագիտության մեջ հայրենիք հասկացությունը, որպես կանոն, ընկալվում է որպես մի վայր, որը պատմականորեն պատկանել է մի որոշակի ազգի, իսկ պետությունն ավելի ուշ ձևավորված հասկացություն է, որի իմաստն այն է, որ դա մի կառույց է, որն ունի սահմաններ, իշխանություն, տնտեսական այլ համակարգեր։ Այսինքն, պետությունը սահմանվում է որպես որոշակի կառուցվածք, որն ունի նաև իրավական ճանաչում, բայց հայրենիքն այդ իմաստով մի փոքր ավելի լայն և ճկուն հասկացություն է։ Ես ընդհանրապես համաձայն չեմ, երբ մենք փորձում ենք պետությունն ու հայրենիքն իրար հակադրել։ Նաև համաձայն չեմ, երբ փորձում ենք նույնացնել։ Դրանք պետք է լինեն փոխլրացնող, իրար հարստացնող բաներ»,- ասում է  ԵՊՀ դասախոս, փիլիսոփա, կրթության ոլորտի փորձագետ Սերոբ Խաչատրյանը։

Դպրոցը կարևոր դեր ունի պատասխանատու, գիտակից և ակտիվ քաղաքացիների ձևավորման գործում։ Միաժամանակ անհրաժեշտ է, որ հայրենասիրական դաստիարակությունը զուգորդվի քննադատական մտածողության, պատմական գիտակցության և քաղաքացիական պատասխանատվության զարգացման հետ։

«Պետք է ցավով արձանագրեմ, որ մինչ օրս հանրակրթական դպրոցներում շարունակվում է հիմնովին սխալ և կոնցեպտուալ առումով անորոշ ներկայացվել «հայրենիք» և «պետություն» այս երկու հակադիր և հակոտնյա հասկացությունները՝ հաճախ զուգադրելով և դրանց տալով նույնաբովանդակ բնույթ։ Ես որոշեցի ուսումնասիրել «Հայրենիք և պետություն գաղափարախոսությունների ընկալումը հանրակրթական դպրոցներում» թեման, և դրա հիմնական պատճառներից մեկն այն է, որ մատաղ սերնդի մեջ ազգային, պետական, քաղաքական և արժեքային գիտակցություն սերմանելու տեսանկյունից շատ կարևոր են այս հասկացությունները միմյանցից տարբերակելը և տարանջատելը»,- ասում է ՀՊՄՀ պատմության և հասարակագիտության ֆակուլտետի պատմության բաժնի ուսանող Դավիթ Առաքելյանը։

Հայրենիքի և պետության մասին պատկերացումները ձևավորվում են տարբեր միջավայրերի և փորձառությունների ազդեցությամբ։ Դպրոցը շարունակում է մնալ այն կարևոր հարթակը, որտեղ աշակերտները ոչ միայն գիտելիքներ են ստանում, այլև ձևավորում են իրենց ազգային ինքնությունը, քաղաքացիական դիրքորոշումն ու արժեքային համակարգը։

Կարդացեք նաև

Back to top button