
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը թյուր և իրականությանը չհամապատասխանող է համարում քվեարկված քվեաթերթիկների քանակի և ընտրողների ցուցակներում առկա ստորագրությունների թվի տարբերության մասին տեղեկությունները։
«Քվեարկված քվեաթերթիկների քանակի և ընտրողների ցուցակներում առկա ստորագրությունների թվի իբրև թե 30 հազար տարբերության մասին տարածվող տեղեկությունները թյուր են և չեն համապատասխանում իրականությանը»,- հայտնում են ԿԸՀ-ից՝ անդրադառնալով ստորագրությունների և քվեարկության մասնակիցների թվերի տարբերության վերաբերյալ հարցերին։
Կառույցից հիշեցնում են որ «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ քվեարկությանը մասնակցած ընտրողների ցուցակները հրապարակվում են օրենքով սահմանված կարգով՝ բացառությամբ զորամասում, քրեակատարողական հիմնարկում և ձերբակալված անձանց պահելու վայրում կազմվող ընտրողների ստորագրված ցուցակների։
Հանձնաժողովի պարզաբանմամբ՝ Ընտրական օրենսգրքի այս կարգավորումը նշանակում է, որ Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ ընտրողների ցուցակների հրապարակված մասի ստորագրությունները և ընտրությունների ընդհանուր մասնակիցների թվերը կարող են տարբերվել։
ԿԸՀ-ն ևս մեկ անգամ ընդգծում է, որ զորամասերում հաշվառված և քվեարկությանը մասնակցած ընտրողների թվերը որևէ ձևաչափով հրապարակման ենթակա չեն։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կոչ է անում զերծ մնալ անհիմն շահարկումներից։




