ԱՄՆ նախագահի հատուկ դեսպան Սթիվ Ուիթքոֆը մեկնել է Շվեյցարիա՝ մասնակցելու Իրանի պատվիրակության հետ միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների առաջին փուլին։ Այս մասին հաղորդում է Axios-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյայի։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Սպիտակ տան մեկ այլ ներկայացուցիչ՝ Դոնալդ Թրամփի փեսա Ջարեդ Քուշները, արդեն գտնվում է Շվեյցարիայում։
Axios-ի տեղեկություններով՝ Կատարի վարչապետ և արտաքին գործերի նախարար շեյխ Մոհամմեդ բին Աբդուլռահման ալ Թանին, որը Վաշինգտոնի և Թեհրանի միջև գլխավոր միջնորդն է, հունիսի 19-ին ժամանել է Շվեյցարիա։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին նախատեսում է ժամանել հունիսի 20-ին, թեև, ըստ աղբյուրների, այցի ժամկետները դեռ կարող են փոփոխվել։
Պարբերականի մեկ այլ աղբյուր հայտնել է, որ Արաղչին միջնորդ երկրների ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում ընդգծել է, որ Իրանի համար առաջնահերթ նշանակություն ունի Լիբանանում կայուն հրադադարի հաստատումը։ Ըստ հաղորդման՝ Թեհրանը ցանկանում է տեսնել տարածաշրջանում կայուն հրադադար՝ մինչև ԱՄՆ-ի հետ բանակցությունների մեկնարկը։ Այդ պատճառով դեռևս վերջնականապես հստակ չէ, թե երբ կկայանա ամերիկյան և իրանական պատվիրակությունների հանդիպումը։
Ավելի վաղ նախատեսվում էր, որ Վաշինգտոնի և Թեհրանի միջև բանակցությունները կանցկացվեն հունիսի 19-ին։ Կողմերը մտադիր էին ստորագրել փոխըմբռնման հուշագիր, որը, ըստ հրապարակման, նախատեսում էր ռազմական գործողությունների դադարեցում ամբողջ ճակատային գծի երկայնքով, այդ թվում՝ Լիբանանում, ինչպես նաև ԱՄՆ-ի և Իրանի միջև 60-օրյա բանակցությունների մեկնարկ՝ վերջնական խաղաղության համաձայնագրի շուրջ։
Սակայն, ըստ Axios-ի, փաստաթուղթը հունիսի 17-ին ստորագրվել է հեռակա կարգով, իսկ Շվեյցարիայում նախատեսված հանդիպումը հետաձգվել է։ Պարբերականը նշում է, որ դրա պատճառը Լիբանանի հարավում Իսրայելի և Իրանի աջակցությունը վայելող «Հեզբոլլահ» շարժման միջև շարունակվող ռազմական բախումներն էին։
Միաժամանակ, հունիսի 19-ին մի շարք լրատվամիջոցներ հաղորդեցին, որ կողմերը համաձայնության են եկել հրադադարի շուրջ։




