
Ըստ Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության տվյալների (որոնք վերլուծել է ՏԱՍՍ գործակալությունը)՝ 2026 թվականի մայիսին Վրաստանը Հայաստանից ներմուծել է ռեկորդային՝ 218,2 տոննա թարմ ծաղիկ և կոկոն։
Ներմուծման ծավալները կազմել են 749,9 հազար ԱՄՆ դոլար:
2026 թվականի մայիսի ցուցանիշը 2,9 անգամ գերազանցել է 2025 թվականի նույն ամսվա ծավալները: Ապրիլի համեմատ ներմուծումն աճել է 89%-ով:
Հայաստանից ներկրված ծաղիկները չեն վերաարտահանվել. ողջ խմբաքանակը սպառվել է հենց Վրաստանի ներքին շուկայում:
Մայիսին Վրաստանն ընդհանուր առմամբ ներմուծել է 341,7 տոննա ծաղիկ: Հայաստանը մնում է գլխավոր մատակարարը, որին հաջորդում են Էկվադորը (89,3 տոննա) և Նիդերլանդները (23,8 տոննա):
Հայկական ծաղիկների արտահանման նման կտրուկ աճը դեպի Վրաստան և այլընտրանքային ուղղություններ (այդ թվում՝ տարանցիկ ճանապարհով դեպի Եվրոպա) տեղի է ունենում այն ֆոնին, երբ Ռուսաստանի «Ռոսսելխոզնադզորը» 2026 թվականի մայիսի 22-ից արգելք է սահմանել Հայաստանից ծաղիկների և բուսական ծագման մի շարք այլ ապրանքների ներմուծման վրա:




