ԿարևորՍպորտ

ԱԱ-2026․ Նիդերլանդները վստահ հաղթանակ տարավ Շվեդիայի նկատմամբ

ԱԱ-2026-ի խմբային փուլի երկրորդ տուրում Նիդերլանդների ազգային հավաքականը շքեղ հաղթանակ տոնեց Շվեդիայի նկատմամբ: ԱՄՆ-ի Հյուսթոն քաղաքի «Էն-Էր-Ջի» մարզադաշտում կայացած հանդիպումն ավարտվեց «Նարնջագույնների»՝ 5:1 հաշվով վստահ հաղթանակով: 

Հանդիպումն անցավ հոլանդացիների բացահայտ առավելությամբ: Արդեն հինգերորդ րոպեին հաշիվը բացեց Նիդերլանդների հարձակվող Բրայան Բրոբին, իսկ 17-րդ րոպեին նա կրկնապատկեց իր թիմի առավելությունը՝ ձևակերպելով դուբլ: Երկրորդ խաղակեսի մեկնարկում՝ 47-րդ րոպեին, աչքի ընկավ Կոդի Գակպոն, ով յոթ րոպե անց ևս մեկ անգամ գրավեց հակառակորդի դարպասը՝ հաշիվը դարձնելով արդեն 4:0:

Շվեդներին հաջողվեց խփել միայն հեղինակության գնդակը. 59-րդ րոպեին իր անվան դիմաց գոլ գրանցեց Էնթոնի Էլանգան: Հանդիպման վերջակետը 89-րդ րոպեին դրեց Կրիսենսիո Սամերվիլը՝ վերականգնելով չորս գնդակի տարբերությունը և հաստատելով 5:1 վերջնական հաշիվը:

Այս հաղթանակից հետո Նիդերլանդների հավաքականը վաստակեց 4 միավոր և գլխավորեց F խմբի մրցաշարային աղյուսակը: Շվեդիան 3 միավորով առայժմ երկրորդն է: Ճապոնիան 1 միավորով և Թունիսը 0 միավորով զբաղեցնում են համապատասխանաբար երրորդ և չորրորդ հորիզոնականները, սակայն այս թիմերն իրենց երկրորդ տուրի հանդիպումը դեռ պետք է անցկացնեն:

Առաջին տուրում Նիդերլանդները գոլառատ ոչ-ոքի էր խաղացել Ճապոնիայի հետ (2:2), իսկ Շվեդիան նույն 5:1 հաշվով ջախջախել էր Թունիսին:

Խմբային փուլի եզրափակիչ երրորդ տուրում, որը կկայանա հունիսի 26-ին, նիդերլանդցիները կմրցեն Թունիսի, իսկ շվեդները կփորձեն ուժերը Ճապոնիայի դեմ խաղում: ԱԱ-2026-ի խմբային փուլը կտևի մինչև հունիսի 27-ը:

Համաձայն մրցաշարի կանոնակարգի՝ փլեյ-օֆֆ դուրս կգան յուրաքանչյուր խմբի լավագույն երկու հավաքականները, ինչպես նաև երրորդ տեղը զբաղեցրած լավագույն ութ թիմերը:

Աղբյուր՝ armsport.am

Կարդացեք նաև

Back to top button