ԿարևորՀասարակություն

Վերաքննիչ դատարանը բեկանել է Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով դատավճիռը և ուղարկել նոր քննության

Վերաքննիչ քրեական դատարանը բեկանել է Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով առաջին ատյանի դատարանի դատավճիռը և գործն ուղարկել նոր քննության։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ դատարանը հունիսի 25-ին հրապարակել է որոշման եզրափակիչ մասը։

Դատարանը նաև վերացրել է Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը։ Նրա նկատմամբ կիրառված բացակայելու արգելքը թողնվել է անփոփոխ։

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին մեղավոր էր ճանաչել և դատապարտել 2 տարվա ազատազրկման։

Նրա նկատմամբ քրեական հետապնդում էր հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով՝ իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի համար։

Ավելի վաղ Վերաքննիչ դատարանը որոշում էր կայացրել փոխել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը՝ կալանքի փոխարեն սահմանելով տնային կալանք։ Արքեպիսկոպոսը կալանավորված էր 2025 թվականի հունիսի 28-ից։

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը։

Պաշտպանական կողմը վերաքննիչ բողոքով պահանջել էր ամբողջությամբ բեկանել առաջին ատյանի դատարանի դատավճիռը և հռչակել արքեպիսկոպոսի անմեղությունը։ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը նաև դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան։

Կարդացեք նաև

Back to top button