ԿարևորՌեպորտաժներՏնտեսական

Արտահանման դիվերսիֆիկացիա․ հայկական ապրանքի համար կառավարությունը տարբեր երկրների շուկաներ է մատնանշում

Կառավարությունը Ինտենսիվ այգեգործության զարգացման ծրագրի շահառուներին մայր գումարի մարման արտոնյալ ժամկետ է տրամադրել։ Հայաստանի վարչապետը տեղեկացրել է, որ ինտենսիվ այգիների սեփականատերերը, որոնց վարկի արտոնյալ ժամկետը սպառվել է, ստանում են լրացուցիչ արտոնյալ ժամկետ: Արտոնյալ ժամկետ՝ նշանակում է, որ գումարը վերցնում, օգտագործում են, բայց ո՛չ տոկոս են տալիս, ո՛չ մայր գումար, իսկ սպասարկմանը կաջակցի կառավարությունը:

Արտահանման խնդիրներին ու շուկաների դիվերսիֆիկացման հարցերին նույնպես անդրադարձել են կառավարության անդամները։ Հասմիկ Դիլանյանին լսենք։

1071 տոննա ծիրան, որի 90 տոկոսը՝ վերջին 1 շաբաթում, 882 տոննա կեռաս, 40 տոննա փոքր քաղցր խնձոր, 100 տոննա թութ, թուզ, հաղարջ, մոշ, 87 տոննա ելակ, ազնվամորի, 140 տոննա լոլիկ․ էկոնոմիկայի նախարարը հունիսի 1-25 ընկած ժամանակատվածի արտահանման վիճակագրությունն է ներկայացնում կառավարության անդամներին։ Այս տարի արտահանողները խնդիրներ ունեն՝ պայմանավորված ռուսական սահմանափակումներով։

Արտահանման երկրների դիվերսիֆիկացիան  հատկապես այս փուլում շատ կարևոր է տնտեսվարողների համար։ Կառավարությունում քննարկում են հայկական ապրանքի Ռուսաստան ներմուծման, ինչպես նաև այդ երկրի տարածքով դեպի ԵԱՏՄ այլ երկրներ արտահանման սահմանափակումները։ Ըստ Հայաստանի վարչապետի՝ այդ սահմանափակումները ԵԱՏՄ անդամ մի շարք երկրներում առնվազն շատ լուրջ անհանգստություն են առաջացնելու։

Հայաստանը շարունակում է սերտ աշխատանքը Եվրասիական տնտեսական միության հետ՝ ասում է Նիկոլ Փաշինյանը․

«Ուզում եմ հիշեցնել, որ Եվրասիական տնտեսական միությունը հայեցակարգային մի քանի դրույթների վրա է հիմնված՝ աշխատուժի, ապրանքների, ծառայությունների և ֆինանսների ազատ տեղաշարժի»։ 

Հայկական միրգ-բանջարեղենով, հատապտուղներով ու ծաղիկներով հետաքրրքված են տարբեր երկրների շուկաներում ՝ տեղեկացնում է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

«Կարող եմ Եվրոպական միության շուկան նշել, կարող եմ Կենտրոնական Ասիան նշել և արաբական երկրները, ասենք, օրինակ, Իրաքը և նաև անմիջական հարևանները` Թուրքիան, օրինակ, նաև իր ողջ էդ գործող սահմանափակումներով հանդերձ»։

Առանձին ուղղություններով նոր շուկաներում լոգիստիկ խնդիրներ են առաջանում՝ ասում է Միրզոյանը․

 «Այս մարտահրավերով հանդերձ, կարծես իրավիճակը լուրջ ճգնաժամի չվերածվեց, արդեն թվերն էլ են այդ մասին վկայում։ Մեր համար շատ մեծ հնարավորություններ ստեղծեցին, և մեծ հաշվով տեղի է ունենում այն, ինչ որ մենք երկար ժամանակ խոսում էինք և պլանավորում էինք, դա հայկական արտադրանքի բազմազանեցումն է»։

 Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը խոստովանում է՝ բոլոր այն վատատեսական սցենարները, որոնք կանխատեսում էին, չիրականացան։ Բայց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ընդգծում է ՝ հիմնական նպատակն այն է, որ տնտեսվարողները արտադրական ցիկլից հետ չմնան, հակառակ դեպքում այն վերականգնելն ավելի դժվար կլինի․

 «Մենք թիկունք կպահենք, բայց նաև չհամարենք, որ պրոբլեմի բուժումը ավարտվել»։

 Տնտեսվարողները պետք է աշխատեն՝ ասում է կառավարության ղեկավարը, իսկ կառավարությունը աջակցության նոր ծրագրեր է հաստատում։ Ըստ այդմ՝ Ինտենսիվ այգեգործության զարգացման աջակցության ծրագրի՝ 2026 թվականի մոնիտորինգի արդյունքներով արտոնություն կստանան այգիներ հիմնած շահառուները։ Բայց միայն նրանք, որոնց վարկի մայր գումարի արտոնյալ ժամկետը կամ լրացել է կամ կլրանա մինչև 2027 թվականի հուլիսի 31-ը։ Այս դեպքում վարկի մարման ժամկետը կերկարաձգվի 1 տարով, այսինքն՝ մայր գումարի համար լրացուցիչ արտոնյալ ժամկետ կսահմանվի: Նման ծրագիր ընդունվել է նաև ջերմատների համար: Դրանց դեպքում, սակայն, արտոնյալ ժամկետը կավելացվի ևս 6 ամսով։

Կարդացեք նաև

Back to top button