
Ստրասբուրգում ընթացող ԵԽԽՎ տարեկան նստաշրջանի ուշադրության կենտրոնում են նաև Հարավային Կովկասի երկրները, մասնավորապես Ադրբեջանն ու Վրաստանը։ «Ադրբեջանում քննադատական ձայների խլացումը» թեմայի շրջանակում եվրապատգամավոր Քրիստոֆ Լակրուայի զեկույցի հիման վրա բանաձև է ընդունվել, որով Բաքվին ստանձնած միջազգային պարտավորությունները կատարելու կոչ է արվել։ Այդ պարտավորությունները բխում են Եվրոպայի խորհրդի կանոնադրությունից, «Մարդու իրավունքների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայից և մարդու իրավունքների ոլորտի այլ միջազգային պայմանագրերից։
ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Արմեն Գևորգյանը, առիթից օգտվելով, կրկին բարձրաձայնել է Ադրբեջանում պահվող հայ գերիների ազատ արձակման անհրաժեշտության մասին։
ԵԽԽՎ նստաշրջանում բազմաթիվ մտահոգություններ են հնչել Ադրբեջանում քննադատական ձայները լռեցնելու փաստերի վերաբերյալ։ Ավելին՝ ԵԽԽՎ-ն բանաձև է ընդունել, որով դատապարտել է Ադրբեջանում անկախ լրատվամիջոցների և լրագրողների, ընդդիմադիրների, իրավապաշտպանների դեմ բռնաճնշումները և քաղբանտարկյալների թվի ավելացումը, որն այս տարվա մայիսի տվյալներով 328 է։
ԵԽԽՎ-ն Բաքվին հորդորել է կատարել ստանձնած միջազգային պարտավորությունները։ Այդ պարտավորությունները բխում են մարդու իրավունքների պաշտպանության միջազգային պայմանագրերից։ Բացի այդ՝ ԵԽԽՎ-ն Բաքվին կոչ է արել, որ մատնանշված հարցերը լուծելու համար վերսկսի երկխոսությունն ու գործակցությունը Վեհաժողովի հետ։
ԵԽԽՎ-ում Ադրբեջանի մանդատները 2024 թվականից չհաստատվեցին, ինչի հետևանքով ադրբեջանական պատվիրակությունը արդեն երկու տարի չի մասնակցում վեհաժողովի աշխատանքներին։ Սակայն դա չի նշանակում, որ Բաքուն պետք է անտեսի ստանձնած պարտավորությունները։
ԵԽԽՎ-ում մի շարք հստակ օրինակներով ներկայացվել է Ադրբեջանի գործելաոճը, նշվել է իրավապաշտպան Անար Մամեդլիի նկատմամբ քրեական հետապնդումների, անկախ լրատվամիջոցների ու լրագրողների թիրախավորելու, ազատ խոսքը լռեցնելու դեպքերի մասին։ Բանաձևում ասվում է․
«Ադրբեջանը 2023 թվականից ավելի համակարգված ձևով է իրականացնում քննադատական ձայները լռեցնելու իր քաղաքականությունը, որի շրջանակում ականատես ենք լինում նպատակային ձերբակալությունների, ճնշումների։ Դրանք միտումնավոր են արվում, որպեսզի լռեցնեն անկախ լրատվամիջոցների, իրավապաշտպանների ու քաղհասարակության ներկայացուցիչների ձայնը։ Քննադատական և անկախ լրագրությամբ զբաղվելը դարձել է վտանգավոր, ինչը ստիպել է, որ որոշ լրագրողներ լքեն երկիրը» ։
Վեհաժողովը 68 կողմ, 8 դեմ ձայներով ընդունել է այս բանաձևը։
ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Արմեն Գևորգյանը միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել է Ադրբեջանում պահվող հայ գերիների խնդրին։ Նա եվրապատգամավորներին ասել է, որ Հարավային Կովկասի ապագային միտված խաղաղության յուրաքանչյուր նոր նախաձեռնություն կմնա թերի, քանի դեռ հայ ռազմագերիները բանտարկված են․
«Հայ ռազմագերիների ազատ արձակումը պարզապես մարդասիրական քայլ չէ․ այն խաղաղության ամբողջ գործընթացի անկեղծության կարևոր փորձաքարն է։ Խաղաղության որևէ ճանապարհ չի կարող արժանահավատ լինել, եթե հանգեցնում է քաղաքակրթական բարբարոսության Լեռնային Ղարաբաղում»։
Նա մտահոգիչ է համարել դատապարտված հայ գերիների վիճակը, խոսել է Լեռնային Ղարաբաղում հայկական մշակութային ու կրոնական ժառանգության ոչնչացման փաստերի մասին․
«Եթե կա բավարար քաղաքական կամք մեծ ռազմավարություններ համաձայնեցնելու, ապա պետք է լինի նաև բավարար քաղաքական կամք հայ գերիներին հայրենիք վերադարձնելու։ Միևնույն ժամանակ մեր որոշ գործընկերներ պետք է ավելի շատ մտահոգվեն ոչ թե Ադրբեջանի՝ ԵԽԽՎ վերադառնալու հարցով, այլ Ադրբեջանի պատրաստակամությամբ՝ վերադառնալու կազմակերպության հիմնարար սկզբունքներին, արժեքներին և պարտավորություններին։ Հակառակ դեպքում մեծ է վտանգը, որ ականատես լինենք ԵԽ աստիճանական համակերպմանը Ադրբեջանի իշխող վարչակարգի չափանիշներին և ժամանակին դատապարտված «խավիարային դիվանագիտության» փոխարինմանը «գազային դիվանագիտությամբ»։
ԵԽԽՎ-ն բանաձև է ընդունել Վրաստանի վերաբերյալ։ Վեհաժողովը Թբիլիսիին քննադատել է ժողովրդավարական չափանիշներից նահանջելու համար և իշխանություններին կոչ է արել դադարեցնելու ընդդիմադիրների հետապնդումը։
ԵԽԽՎ-ն մտահոգություն է հայտնել Վրաստանում քաղաքացիական հասարակության, ընդդիմադիր գործիչների ու այլախոհության նկատմամբ ճնշումների առնչությամբ։ Վեհաժողովը պահանջում է, որ Վրաստանը կատարի Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումներն ու ԵԱՀԿ հանձնարարականները։
Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին ԵԽԽՎ բանաձևը «հակավրացական» է համարել։ Նա հորդորել է, որ հարգեն Վրաստանի ինքնիշխանությունն ու 2024 թ․ խորհրդարանական ընտրությունների արդյունքները։




