
Իսպանիայում ապրող հայ մարզիկների համար ռինգ դուրս գալը միայն սպորտային կարիերա չէ, այլ կոնկրետ ինքնության հաստատում։ «Սփյուռքի ձայնը» հաղորդաշարի շրջանակներում MMA մարտիկ Գևորգ Սարգսյանը և բռնցքամարտիկ Ռոբերտ Իվանյանը պատմել են իրենց հաջողությունների, ինչպես նաև մասնագիտական ու անձնական բարդությունների մասին։
Գևորգ Սարգսյան. «Արդյունքներ՝ հովանավորության փոխարեն»
Գևորգ Սարգսյանն արդեն 21 տարի է՝ Իսպանիայում է։ Նա հասցրել է ստեղծել սեփական մարզադպրոցը, որտեղ այսօր մարզվում է 160 աշակերտ։ Նրա մարզական կենսագրությունը տպավորիչ է. 2021 թվականին դարձել է աշխարհի չեմպիոն, իսկ 2023-ին և 2024-ին նվաճել է Իսպանիայի չեմպիոնի տիտղոսը։ Սակայն այս հաջողությունների հետևում կան լուրջ ընտրություններ։

Իսպանիայի կառավարությունը բազմիցս առաջարկել է նրան հանդես գալ իրենց դրոշի ներքո՝ խոստանալով լիարժեք հովանավորություն և ավելի հեշտ ճանապարհ դեպի UFC: Գևորգի պատասխանը եղել է կտրուկ. «Ես հայ եմ ու Հայաստանն եմ ներկայացնում։ Ինձ Իսպանիայի կառավարությունից շատ նամակներ են հասել՝ եթե իրենց դրոշի տակ մենամարտեմ, ինձ ամեն ինչով կհովանավորեն, բայց ես դեմ եմ։ Ես Հայաստանի դրոշով եմ ռինգ դուրս գալու մինչև իմ վերջին մենամարտը»։ Չնայած այս նվիրվածությանը, Գևորգը 8 տարեկանից հետո Հայաստանում չի եղել։ Պատճառը զուտ իրավական է. զինվորական գրքույկի հետ կապված խնդիրները թույլ չեն տալիս նրան այցելել հայրենիք կամ ստանալ անհրաժեշտ փաստաթղթերը UFC-ում հանդես գալու համար։
Ռոբերտ Իվանյան. ինքնությունն՝ առանց Հայաստանը տեսնելու
Ի տարբերություն Գևորգի՝ 18-ամյա Ռոբերտ Իվանյանը ծնվել է Իսպանիայում և երբեք չի եղել Հայաստանում։ Նա արդեն երեք տարի է՝ պրոֆեսիոնալ բռնցքամարտում է և Իսպանիայի շրջանային չեմպիոն է։ Նրա համար հայ լինելը ոչ թե աշխարհագրական, այլ ներքին զգացողության հարց է։

Ռոբերտի կարևոր մենամարտերից մեկը տեղի է ունեցել Ֆրանսիայում՝ Միսաք Մանուշյանի հիշատակին նվիրված մրցաշարում, որտեղ նա հաղթել է հենց հայկական դրոշի ներքո։ Նրա ընկալմամբ՝ ազգային պատկանելությունը գիտակցված աշխատանք է. «Հայ լինելու համար առաջինը պետք է քեզ հայ զգաս։ Ես միայն լսել եմ Հայաստանի մասին, ու դա արդեն ինձ դուր է գալիս, ես ապրում եմ իմ հայությամբ»։
Սփյուռքի «լուռ» աշխատանքը
Ռոբերտի մայրը՝ Ռուբինա Հովհաննիսյանը, նկատում է, որ օտար միջավայրում հայ մնալն ամենօրյա «դաս» է։ Դա սկսվում է տանը հայերեն խոսելուց, պատմություն սովորելուց և վերջանում ռինգ մտնելիս Արցախի մասին երաժշտություն ընտրելով։
Այս երկու մարզիկների պատմությունը ցույց է տալիս, որ Հայաստան-Սփյուռք կապը միայն տոնական ելույթները չեն, այլ նաև բաց թողնված հնարավորությունները, մերժված հովանավորչական պայմանագրերը և սեփական արմատներին հավատարիմ մնալու դժվարին որոշումները։ Նրանք Իսպանիայում հաղթում են որպես հայեր՝ ակնկալելով միայն մի բան, որ հայրենիքը նկատի և ճանաչի իրենց։




