
Հայաստանում քաղաքական որոշում կա՝ կառուցել փոքր մոդուլային ատոմակայաններ, սակայն կառուցող ընկերության ընտրության հարցում պատասխանատուները դեռ չեն շտապում՝ նշելով, որ ժամանակ կա։ Մինչ որոշում կկայացվի, աշխարհում փոքր մոդուլային ատոմակայանները, հավանաբար, արդեն կսկսեն գործել։
Միևնույն ժամանակ, հայկական գիտական միտքը շարունակում է ուսումնասիրել փոքր ռեակտորների հնարավորությունները։ Նման հետազոտություն իրականացվել է Ա. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի կիրառական ֆիզիկայի հետազոտությունների բաժնում։ Գիրքը կոչվում է «Փոքր մոդուլային ռեակտորները՝ ապագայի էներգիայի աղբյուր. համապարփակ ուսումնական ուղեցույց»։

ԵՊՀ միջուկային ֆիզիկայի ամբիոնի պրոֆեսոր, հեռանկարային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Անահիտ Բալաբեկյանը պատմում է, որ ատոմային էներգետիկայի ոլորտը աշխարհում արագ է զարգանում։ Այն Էներգիայի հիմական աղբյուրներից է։ Աշխարհում որոշում է կայացվել գնել էներգիայի անվտանգ աղբյուր՝ արևային, հողմային, ջրի էներգիա։
Սրանք շրջակա միջավայրը զերծ են պահում աղտոտումից։ Ատոմային էներգետիկան միջին մասում է, այն ևս, ըստ գիտնականների, շրջակա միջավայրը չի աղտոտում։ Բացատրում են՝ բնական հումքի վրա է հիմնված, էներգետիկական ցանցում ունի մեծ չափաբաժին։

Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի կիրառական ֆիզիկայի հետազոտությունների բաժանմունքի ավագ գիտաշխատող Էդուարդ Ալեքսանյանը բացատրում է՝ փոքր մոդուլային ատոմակայանները նույնպես միջուկային վառելիքով են աշխատում։
Գիտական ձեռնարկում հիմնական շեշտադրումները դրված են Հայաստանի համար ակնկալվող նոր մոդուլային ռեակտորների կառուցման վրա։ Աշխատությունը նվիրված է Հայաստանում հնարավոր մոդուլային ռեակտորների կիրառման հեռանկարներին։
«Մոդուլային ռեակտորները պատրաստվում են գործարանային պայմաններում»,- նշում է Ալեքսանյանը։




