«Ստեղծագործել ու դրսևորվել բացառապես հայրենիքում». այս որոշմանը նկարիչ Անդրեյ Շուգարովը եկել է Փարիզում ապրել-աշխատելուց և շատ շրջագայելուց հետո: «Հայաստանում ես ինձ ավելի վստահ եմ զգում ու շատ եմ սիրում իմ երկիրը և չեմ կարծում, թե արտերկրում ես՝ որպես արվեստագետ դրսևորվելու ավելի լավ հնարավորություններ կունենայի»,- ասում է Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի դասախոսն ու համաձայնում, որ հայրենի հողն ուժ է տալիս ստեղծագործող մարդուն:
Շուրջ 60 տարի ակադեմիայի տանիքի ներքո է, շնորհակալությամբ է հիշում իր վարպետներին, նրանց հետ միասին անցկացրած օրերն ու սերտած դասերը: Այսօր էլ ինքն է՝ որպես դասախոս, շատերի ճանապարհին լույս վառում: Երկրորդ շնչառություն նկարիչը չի վերցրել, թոշակի անցնելու դեռ միայն լավ կողմն է տեսել, միջոցները, թեկուզ քիչ, բայց աճել են:
Խոսելով իր ազնվական, թիֆլիսյան ծագման ու ազդեցության մասին՝ նկարիչը հաստատում է, որ դա անջնջելի հետք է թողել կյանքի բոլոր բնագավառներում՝ իր ստեղծագործություններից մինչև խոհանոց ու ավելին… Արվեստը թույլ չի տալիս նկարչին զգալ տարիքը, երկար ու առողջ կյանքի գրավականը նրա պարագայում կյանքի երիտասարդ սերն է, որ ոչ մի կերպ թույլ չի տալիս ծերանալ:




