
Լեհաստանի Ժեշուվ քաղաքում ընթացող Եվրոպայի պատանեկան առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչները բարձր արդյունքներ են արձանագրել արագ և կայծակնային շախմատի մրցաշարերում:
Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխանցմամբ՝ մինչև 10 տարեկան պատանիների կայծակնային շախմատի մրցաշարում Մանվել Վարդանյանը 18 հնարավորից վաստակել է 14 միավոր և կիսել 1-4-րդ հորիզոնականները: Լրացուցիչ ցուցանիշների հաշվարկով Մանվելը զբաղեցրել է պատվավոր 2-րդ տեղը՝ հռչակվելով Եվրոպայի փոխչեմպիոն և արժանանալով արծաթե մեդալի:
Նույն տարիքային խմբի աղջիկների պայքարում Սոֆիա Բաղրամյանը կայծակնային շախմատի մրցաշարում 18 հնարավորից վաստակել է 13 միավոր և դարձել բրոնզե մեդալակիր: Սոֆիան հիանալի արդյունք էր ցույց տվել նաև արագ շախմատի մրցաշարում՝ նվաճելով արծաթե մեդալ, իսկ արդյունքների ամփոփմամբ իր անհատական վարկանիշն ավելացրել է միանգամից 189 կետով:




