Երկրորդ շնչառություն

Ավանդների փոխհատուցման ծրագրի թիրախում տարեցներն են․ «Երկրորդ շնչառություն»

Խորհրդային տարիներին ներդրված ավանդների փոխհատուցման 2006 թվականին սկսված ծրագիրն այսօր շարունակվում է: ՀՀ կառավարության 2024 թվականի հունվարի 11-ի որոշմամբ կատարվել են փոփոխություններ, և որոշվել է ավանդի փոխհատուցման դիմում ներկայացնելու իրավունք տրամադրել նաև մինչև 1941թ.-ի հունիսի 30-ը ծնված տարեցներին:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կենսաթոշակային ապահովության և այլ դրամական վճարների վարչության՝ ընտանիքների տրվող նպաստների բաժնի պետ Արմեն Մարգարյանը հավաստիացնում է, որ այն կենսաթոշակառուները, որոնք ծրագրի շահառու են, բայց երկրում չեն կամ որևէ այլ պատճառով չեն կարող դիմել այժմ, հարմար պահի կարող են դիմում ներկայացնել և օգտվել իրենց իրավունքից: «Մինչ այժմ ավանդների փոխհատուցման ծրագրից օգտվել է շուրջ 132 000 ավանդատու, իսկ պետության կողմից հատկացված միջոցները գերազանցել են 23.3 միլիարդ դրամը»,-ասում է նա:  

Զրուցակիցս, ևս մեկ անգամ ներկայացնելով դիմելու կարգը՝ նշում է, որ նախևառաջ, առաջին փուլում հարկավոր է բոլոր փաստաթղթերով (անձնագիր, սոցքարտ, խնայդրամարկղի գրքույկ) դիմել ՎՏԲ բանկի որևէ մասնաճյուղ: Այստեղ դիմում են լրացնում, որ անհրաժեշտ է տեղեկատվություն մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրած իրենց խնայողությունների վերաբերյալ: Այս հավելյալ ճշգրտումն անհրաժեշտ է, քանի որ լինում են դեպքեր, երբ մարդիկ կորցրած են լինում իրենց գրքույկները, իսկ նախկին խորհրդային բանկի իրավահաջորդը հանդիսացող այս բանկում պահպանված են բոլոր տվյալները:

Դիմումին ի պատասխան կենսաթոշակառուն ստանում է իր խնայողությունների վերաբերյալ տեղեկանք: Երկրորդ փուլում կենսաթոշակառուն իր գրանցման և փաստացի բնակության վայրի միասնական սոցիալական ծառայություն ներկայացնում է դիմում, որն ամփոփվում է մինչև դիմելու ամսվա 30-ը, և նա ներառվում է հանրապետական հերթացուցակ: Քաղաքացին այս փուլում որոշում է գումարն ստանալ փոխանցումով, թե կանխիկ: Հաջորդ ամիս բոլոր անհրաժեշտ ստուգումները կատարելուց հետո սկսվում է վճարման գործընթացը:

Մինչև 1000 ռուբլի ներդրած մարդիկ ստանում են 84 հազար դրամ, 1000-3000 ռուբլի ավանդի պարագայում 142 800 դրամ, իսկ 10 000 ռուբլու դեպքում մարդիկ ստանում են 216 400 դրամ:

Ա.Մարգարյանի խոսքերով, փոխհատուցման տրամադրման սանդղակն անփոփոխ է ծրագրի մեկնարկից ի վեր: Ի դեպ, նախկին ԽՍՀՄ երկրների համեմատ, ՀՀ-ում փոխհատուցման չափը համարվում է միջին: Խորհրդային տարիներին ներդրված ավանդների փոխհատուցման 2006 թվականից գործող ծրագիրը շարունակվում է:

Ընտրվեց նոր սոցիալական խումբ, արդեն եղածին կավելացվեն նաև մինչև 1941 թվականի հունիսի 30-ը ծնված տարեցները: Թիրախային խմբերը փոխվում են, սոցիալական ծրագրի կանոնները՝ անփոփոխ են:  

Մինչ այս պահը ավանդի փոխհատուցման ծրագրից օգտվել է 132 000 ավանդատու, պետության կողմից տրամադրվել է 23.3 մլրդ դրամ: Արտերկրում գտնվող տարեցները կարող են դիմել ու օգտվել ծրագրից ցանկացած պահի, երբ հայրենիքում կլինեն:

Back to top button