Երկրորդ շնչառություն

90-ականների «Միացե՛ք հայեր»-ը՝ կյանքեր փրկելու բանալի․ Գուսան Հայկազուն․ «Երկրորդ շնչառություն»

Գուսան Հայկազունը 70-ն անց է, այսօր էլ ստեղծագործում է և, չնայած կյանքում հաղթահարած դժվարություններին չի բացառում, որ կարող է նաև 7-րդ զավակն ունենալ ու յոթ որդով սեղան նստել: Մշակույթի վաստակավոր գործչի հիմնական մտածմունքն այսօր դարակներում մնացած հիմնականում քնարական երգերը ձայնագրելն է, բայց վստահ է, որ եթե ինքն էլ չհասցնի, զավակները կզբաղվեն, հատկապես փոքրերը երաժշտական տվյալներ ունեն, կրթություն ստանում են:

Երաժշտության հանդեպ սերը, ընդունակությունները գալիս են սրնգահար հորից ու պապից, որ գյուղերով շրջում էր իր խմբով և ուրախացնում մարդկանց քեֆերի ու հարսանիքների ժամանակ: Հիշում է անհայր մեծանալն ու դժվար մանկությունն, ակորդեոն ունենալու իր երազանքը երեխաներին միայնակ մեծացնող մայրն այդպես էլ չի կարողացել կատարել: Շինարարական տեխնիկումը, իսկ հետո նաև Պոլիտեխնիկական ինստիտուտն ավարտած երիտասարդը չի շարունակել գործունեությունը մասնագիտական ոլորտում: Արցախյան զարթոնքի օրերին՝ 1990-ականներին ստեղծել է հանրահայտ ու սիրված «Հայեր միացեք»-ը, որ առանց նոտայագրման էլ շատ արագ տարածվել է մարդկանց մեջ ու սիրվել, ու նաև միավորող նշանակություն ստացել: Դա նաև վճռորոշ է դարձել նրա կյանքում՝ բռնել և այլևս չթողնել երաժշտական ուղին:

Իր երկարակեցության գաղտնիքը գուսան Հայկազունը համարում է նաև իր լավատեսությունը: «Անապատում անգամ փշերի, տատասկների ու կարիճների մեջ, եթե մի փոքր ծիլ գտնեմ, կարողանում եմ դրանով ապրել ու երջանկանալ»,- խոստովանում է նա՝ եզրափակելով, որ իրեն ուժ ու կյանք տվողը երեխաներն են, սիրելի կինն ու հայրենիքի պայծառ ապագայի տեսլականը:

Նրա կարծիքով, մեր ժողովուրդը դժվար օրեր շատ է ունեցել ու կարողացել է հաղթահարել, կարևորը միմյանց չմեղադրելն ու անցյալի սխալներից դասեր քաղելն է:

Back to top button