Երկրորդ շնչառություն

Ազգային գաղափարախոսության բացակայությունն է երկրում տիրող իրավիճակի պատճառը. 90-ամյա ցեղասպանագետ․ «Երկրորդ շնչառություն»

Գիտության վաստակավոր գործիչ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ավելի քան 30 մենագրությունների հեղինակ, բանագետ, բանահավաք, ցեղասպանագետ Վերժինե Սվազլյանը կյանքի ընթացքում այնքան տարված է եղել գործով և դեռ մանկուց ծնողներից ստացած հայրենասիրության պատգամով, որ չի նկատել, թե ինչպես է դարձել 90 տարեկան:

Իսկ հարցին, թե ո՞րն է ձեր երկարակեցության գաղտնիքը, պատասխանում է՝ 44 տարեկանում մահացած հորս գաղափարներն ու գործը շարունակելու ցանկությունը:

Հայրը՝ Գառնիկ Սվազլյանը, Զմյուռնիայի աղետից էր մազապուրծ եղել, հաստատվել Ալեքսանդրիայում և ընտանիքի հետ օրուգիշեր աշխատում էր հայրենիքի բարօրության համար, զավակներն էլ ակամայից ներգրավված էին այդ աշխատանքներում:

Հայ օգնության կոմիտեի Եգիպտոսի մասնաճյուղի ղեկավարն էր հայրը ու պարբերաբար հավաքած միջոցներն ուղարկել է Հայաստան, հայրենիքը շենացնելու համար ներգաղթ էր քարոզում: Զրուցակցիս ձեռքի տակ մի տրցակ լուսանկարներ են բոլոր այն շենքերի, որ կառուցվել են Եգիպտոսում ապրող հայերի նվիրատվություններով՝ Բժշկական համալսարանի շենքի մի հատվածը, Սպորտկոմիտեի շինությունը և այլն:

1947 թվականին վերջապես Սվազլյանների ընտանիքն էլ արդեն հայրենադարձվեց, արագ ինտեգրվեցին, կրթության և աշխատանքի հարցերը լուծվեցին: Տիկին Վերժինեն պատմում է, որ հոր մահից հետո 13 տարեկանում արդեն ստիպված էր աշխատել գրքատար, հետո արդեն ուսումնարան ընդունվեց, Մանկավարժական ինստիտուտ, ապա՝ ասպիրանտուրա:

Երախտագիտությամբ է խոսում իրեն ուղղորդված մանկավարժների մասին, նրանցից մեկի ծննդյան 125-ամյակի համար այս տարիքին դիմումներով հեղեղել է քաղաքապետարանը, որ հուշաքար դնելու թույլտվություն ստանա: Հիշում է, որ դեռ ուսանողական տարիներից տետրերն առած քայլում էր գյուղեգյուղ, տնից տուն ու հավաքում մարդկանց հուշերը, պատմությունները, հանելուկները, երգերը, առածներն ու ասացվածքները՝ ըստ գավառների, բարբառների:

Ամբողջ կյանքը Հայոց ցեղասպանության մասին պատմություններ լսած ու արձանագրած գիտնականի համար տարակուսելի է Մեծ եղեռնը մոռացության մատնելու ցանկացած կոչ ու կարծիք:

«Ինչպե՞ս կարող ենք մոռանալ, ո՞նց հանենք մարդկանց գլխից, ո՞վ կարող է հերքել փաստեր, որ ամբողջ աշխարհին են հայտնի, միայն թուրքերն են հերքում: Ես միայն հավատում եմ իմ ժողովրդին, որի բերանից դուրս եկածն ինքս եմ հավաքել ու հրատարակել»,— առանց վրդովմունքի այս թեմայի մասին չի կարողանում խոսել Վերժինե Սվազլյանը:

Հիշելով ներգաղթը կազմակերպելու համար իր ու հոր ջանքերը՝ նա անթույլատրելի է համարում արտագաղթի այսօրվա մոլուցքը, երբ դժվարությունների պատճառով հայ մարդը գոհունակությամբ օթևան է փնտրում այլ երկրներում:

ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի ավագ գիտաշխատողն այսօր էլ հրատարակության է պատրաստում նոր աշխատություն՝ «Արևմտահայոց թուրքալեզու բանահյուսությունը»:  

Տիկին Վերժինեն խորապես համոզված է, որ այսօր երկրում առկա բոլոր խնդիրների պատճառն ազգային գաղափարախոսության բացակայությունն է: «Եթե գաղափարախոսություն չկա, ուրեմն, ոչինչ չկա»,— ասում է նա՝ հավելելով, որ եթե այսպես երկար շարունակվի, պետականությունը վտանգված է:



Back to top button