Երկրորդ շնչառություն

Արցախի այաները՝ դարավոր պատմության, բարբառի ու արժեքների պահապանները․ «Երկրորդ շնչառություն»

Արցախի այաները՝ գերդաստանի մեծ տատերը, Արցախ աշխարհի հազարամյակների պատմության, բարբառի, ավանդույթների ու արժեքների պահապաններն են: 60-ից 80 և ավելի տարեկան մոտ մեկ տասնյակ արցախցի տատիկների և մեկ պապիկի համախմբող այս խումբը պատրաստ է հյուրախաղերով ներկայանալ ցանկացած միջոցառման ու իրադարձության, որտեղ ակնկալում են լսել Արցախի բարբառը, երգերն ու տաղերը:

«Այան գերադաստանի մեծ տատն է, անցյալում նա շատ մեծ կշիռ է ունեցել՝ լինելով ապայի հիմնական խորհրդատուն: Որպես կանոն, ապաները և տղամարդիկ գնացել են հանդում աշխատելու, իսկ տնտեսության և ընտանիքի կառավարումն ամբողջությամբ իրականացրել են այաները: Նրանք են եղել նաև գերդաստանի խաղաղության, միջավարի ու միջանձնային առողջ հարաբերությունների պատասխանատուները»,- բացատրում է համույթի գեղարվեստական ղեկավար Աննա Այվազյանը՝ հավելելով, որ իմաստուն այաների խորհուրդները տեղ են գտել Արցախի բանահյուսության մեջ և համարվում են դրա հիմնական գոհարներից:

Նա պատմում է, որ Ստեփանակերտում տարիներ առաջ կազմակերպված՝ տատիկների մրցույթից հետո որոշել են ստեղծել Արցախի այաների համույթը, որ պիտի դառնար, առաջին հերթին, Արցախի բարբառը, ավանդույթները, երգերի, խաղերն ու տաղերը ներկայացնողն ու տարածողը: Արցախի կորստից հետո խումբն իր գործունեությունն այսօր ծավալում է Հայաստանում և ավելի հավակնոտ խնդիրներ է դրել իր առաջ:

Առաջին օրվանից արձագանքելով խմբին անդամակցելու կոչին՝ բանասիրական գիտությունների թեկնածու, Արցախի պետական համալսարանի դասախոս Սիրուն Բաղդասարյանն անմիջապես միացել է: Նա բացատրում է, որ Արցախի բարբառն ածանցվում է հայոց լեզվից ու բարբառով մեջբերում ժողովրդական ասույթը՝ «Միր լյիզուն, միր պառերը էրգենքյան են կաթալ»:

Նա անկեղծանում է, որ բնավ չեն հարմարվում տեղահանմանն ու նոր պայմաններին և հույսով սպասելու են վերադարձին: «Սա պայքարի ձև է, մինչ կվերադառնանք մեր հողը»,— ասում է տիկին Սիրանը՝ ավելացնելով, որ հայ կինն էլ շատ ուժեղ է: Տիկին Աննան հավատում է, որ երբ Աստված փորձությունը տալիս է, հետն էլ ուժ է տալիս դիմանալու: Երգուպարը, խաղուտաղը, ազգային արժեքները պահպանելը, մատուցելն ու փոխանցելը թոշակի անցած այս կանանց համար դիմանալու, օրերն անցկացնելու, ուժ ստանալու միակ հնարավորությունն է, սփոփանքի տեղը, սերունդներին օգտակար լինելու կարևոր քայլը: Այլապես ասում են՝ կխելագարվենք: Իսկ հարազատների գերեզմանները, տարիների ստեղծած տուն-տեղը թշնամուն թողած մարդկանց ուժը գալիս է արցախցու պինդ կողից:

«Տարեցները խոսելու են բարբառով, միջին սերունդի մարդիկ հաստատ չեն մոռանա: Բայց վտանգ կա, որ եկող սերունդը կարող է չհիշել բարբառը, եթե մեր վերադարձն ուշանա…»,— խոսքն Արցախի Հորովելից մի բարեհնչուն կտորով ամփոփում է տիկին Աննան: Արցախյան օջախի, բարբառի, ավանդույթների ու արժեքների պահապանն այան է՝ գերդաստանի մեծ տատը:

Back to top button