Երկրորդ շնչառություն

Աշխատանքը՝ բովանդակալից կյանքի ու առողջ ծերության բանաձև. «Երկրորդ շնչառություն»

Տավուշի մարզի Այգեհովիտ սահմանամերձ գյուղում աշխատելու և ծերանալու երջանկությունը 65-ամյա Արշավիր Ահարոնյանը պատրաստ է կիսել յուրաքանչյուրի հետ: Նա աշխատասիրության վառ օրինակ է բոլորի համար, գիշերն իր կեսդարյա հացի փռում է աշխատում, ցերեկը՝ հիմնած այգում, որը համարում է իր զավակներից մեկը:

«Աշխատելուց ես չեմ հոգնում, այգին հաճույք է, այգին երեխայի պես է, պիտի սիրես, փայփայես, եթե սիրեցիր, արդյունք կլինի: Հարսանիք, կնունք, ծնունդ. միայն այս առիթներով ենք բացակայում գործից, մնացած օրերին ոնց-որ կլոր սեղանի շուրջ պտտվենք. գիշերը հաց ենք թխում, ցերեկն այգին ենք մշակում, աշխատում ենք օրնիբուն, ամառ-ձմեռ, մեզ մոտ ձյուն էլ չի գալիս»,- պատմում է Հացի Արշոն:  

Ասում է` շատ ծանր մանկություն է ունեցել, առանց հայր է մեծացել ու ստիպված է եղել աշխատել 11 տարեկանից: Մի անգամ է մորից փող խնդրել մանկական կինո գնալու համար, բայց երբ գումար չլինելու պատճառով մայրը մերժել է, պատանին Աղստևից ձուկ է բռնել, վաճառել ու ընկերներին էլ իր հետ տարել այդ ֆիլմը դիտելու: Արշավիր Ահարոնյանի համար մանկության այս միջադեպը վճռորոշ է եղել ամբողջ կյանքի համար: «Այդ օրվանից մինչև այսօր ես ոչ մեկից գումար չեմ խնդրել ու վերցրել, անգամ իմ թոշակի քարտը երբեք ինձ մոտ չի եղել: Երեխեքին եմ տվել, թող օգտագործեն»,- ասում է նա:

Հիվանդությունների մասին կենսասեր այս մարդը երկար չի խոսում, որոշ խնդիրներ թվարկում է՝ հպարտությամբ տեղեկացնելով, որ արդեն քանի տարի դադարեցրել է ծխելն ու ոգելից խմիչք օգտագործելը: Քաղաք գալն իսկական կտտանք է Ա.Ահարոնյանի համար, նա կարծում է, որ երջանիկ կյանքը միայն գյուղում է:

«Որտեղ ուզում ես կանգնի, ուր ուզում ես քշի, ինչ ուզում ես կեր, բոլորը բոլորին ճանաչում են ու հարազատ են, բոլորի ուրախությանն էլ ենք մասնակցում, տխրությանն էլ, քաղաքի պես չէ, որ դուռը դռան հարևանին չճանաչես»,- գյուղում ապրելու և մեծանալու առավելություններն է ներկայացնում զրուցակիցս:

Նա համոզված է, որ Այգեհովիտը դրախտ է երկրի վրա ու, չնայած մի քանի տասնյակ մետր են հեռու թշնամու դիրքերից, դա պատճառ չէ բարեբեր հողը մրգատու ծառերի այգիներով չծածկելու համար: Միակ խնդիրն աշխատուժն է, որ Տավուշի տարածաշրջանի գյուղերում ֆերմերը դժվարանում է գտնել: Զավակներին ու թոռներին իր օրինակով է մեծացնում, որ սիրեն աշխատանքը և միշտ բարիք ստեղծեն ու վայելեն:

«Այսքան տարիների ընթացքում միայն մեկ անգամ եմ արձակուրդ գնացել Ղրիմ, հետ եկա ու վերջ, արձակուրդից հոգնեցի»,- ասում է Հացի Արշոն:

Back to top button