Երկրորդ շնչառություն

Տարեց կանանց «Աշնանային ձայներ» երգչախումբն աջակիցներ է փնտրում․ «Երկրորդ շնչառություն»

Շաբաթական մեկ անգամ՝ երեքշաբթի օրերը՝ ժամը 13:30-ից մինչև 15:00-ը «Նարեկացի» արվեստի միությունը հյուրընկալում է տարեց կանանց «Աշնանային ձայներ» սիրողական երգչախմբին: Ավելի քան 30 անդամ ունեցող երգչախմբում տարբեր մասնագիտություններ ունեցող և այսօր արդեն թոշակի անցած կանայք են: Նրանց միավորում է հայկական երաժշտությունը ու միմյանց հանդեպ հարգանքն ու հոգատարությունը:

Երգչախմբի անդամներից՝ 70-ամյա Գայանե Ազոյանը, պատմում է, որ 1990-ականներից հին երևանցիները ստեղծել են «Հնաբնակ երևանցիներ» ասոցիացիան՝ նպատակ ունենալով գտնել ու պահպանել հնաբնակ տոհմերի պատմություններն ու փաստաթղթերը: Այդ կազմակերպության շրջանակում էլ կանանց թվի ավելացմանը զուգահեռ սկսել է գործել երգչախումբ՝ Կառլեն Բաբայանի գլխավորությամբ:

Տիկին Գայանեն շուրջ 40 տարի աշխատել է բանկային համակարգում և թոշակի անցնելուց հետո սկսել է նորովի վայելել կյանքն ու իր ամբողջ ավյունը ներդել է երգչախմբում՝ երգում է ու ասմունքում:

«Մարդը, որ ամբողջ կյանքում աշխատել ու արարել է, պարապ մնալ չի կարող: Շատ կարևոր է կայուն զբաղվածություն ունենալը, որի շնորհիվ պահպանվում է կյանքի ռիթմը: Թոշակառուների համար երկրորդ շնչառություն է բացվում, երբ նրանք գտնում են մի հետաքրքիր զբաղմունք իրենց համար»,— համոզված է տիկին Գայանեն: Նա հիացմունքով է պատմում իր կիրթ ու զարգացած ընկերուհիների մասին. մեկը ժողովրդական վարպետ է, մյուսը՝ վաստակավոր մանկավարժ, երրորդը՝ գրող ու թարգմանիչ: 

Աստղիկ Խաչատրյանը երգչախմբի ղեկավարումն ստանձնել է 2018-ին՝ առաջարկ ստանալով խմբավար Նարինե Դավթյանից: Այսօր երգացանկում ներառված է ավելի քան 50 երգ, հիմնականում հայկական ժողովրդական․ «Մեր երգացանկի կորիզը Կոմիտաս վարդապետի ստեղծագործություններն են: Մենք փորձում ենք մեր հանդիսատեսին ներկայացնել մաքրամաքուր հայկական երաժշտությունը»,- ասում է Աստղիկը:

Նրա խոսքերով, հրավերներ շատ են ունենում, բայց հաճախ ստիպված են լինում մերժել, քանի որ միջոցներ չեն ունենում անգամ մոտակա մարզեր հասնելու համար: Տարեցների երգչախումբը համազգեստ չունի, ստիպված են լինում սև ու սպիտակ հագնել, բայց եթե հովանավորներ ու աջակիցներ ունենան, շատ ավելի մեծ արդյունք կունենան:

Երգչախումբը դիմել է Երևանի քաղաքապետարանին մշակույթի ոլորտում աշխատող կանանց տրամադրվող դրամաշնորհի շրջանակում աջակցություն ստանալու հարցով, բայց պատասխան են ստացել, որ ֆինանսավորում չկա:

Տարեց կանայք զարմացած են՝ տարեվերջյան համերգին ներկա լինելու և կոմիտասյան երաժշտությունը վայելելու համար էլ է քաղաքապետարանի մշակույթի բաժնին գումար հարկավոր: Տարեց կանանց ամենամեծ այս երգչախումբը հույս ունի, որ այս տարի կանանց միամսյակի շրջանակում անպայման որևէ մի տեղից աջակցություն կստանան գոնե միանման հագուստ ձեռք բերելու համար:

Back to top button