Երկրորդ շնչառություն

Մատների յոգա՝ մուդրա. ախտերի կանխարգելում, մարդու խորքային, ամբողջական և հոգեսոմատիկ ապաքինում․ «Երկրորդ շնչառություն»

Մատների յոգան՝ մուդրան խթանում է նաև ուղեղի աշխատանքը և ցուցված է հատկապես նստակյաց տարեցներին: Հոլիստիկ թերապևտ Ռիտա Մինասյանի խոսքերով, եթե բժշկությունը կոչված է մարդու ցավերը մեղմել և բուժել հիվանդությունները, ապա բազմադարյա այս գաղափարախոսությունն ու պրակտիկաները միտված են ախտերի կանխարգելմանն ու մարդու խորքային, ամբողջական և հոգեսոմատիկ ապաքինմանը:

Նրա ներկայացմամբ, նախքան Քրիստոսը 11-րդ դարում Հեռավոր Արևելքում ի հայտ եկած ուսմունքն ու պրակտիկաները վաղուց արդեն մեծ տարածում ունեն ոչ միայն արևելքում, այլ նաև ամբողջ աշխարհում: Սերնդեսերունդ փոխանցված ուսմունքը կոչված է բուժել մարդու մարմինը՝ հասնելով մտքի, մարմնի ու հոգու ներդաշնակությանն ու հավասարակշռությանը:

«Այս ամբողջական մոտեցման նպատակը հիվանդությունները կանխարգելելն է ոչ միայն ֆիզիկական, այլ նաև հոգեբանորեն ու էմոցիոնալ առումով: Մարմին, միտք, հոգի. այս եռամիասնության ներդաշնակությունն է կարևոր»,- ասում է Ռ. Մինասյանը՝ ավելացնելով, որ հոգեբանական ու էմոցիոնալ խնդիրների պարագայում դեղորայքը վերացնում է հիվանդությունների ախտանշանները, իսկ ամբողջական այս համակարգերը վերացնում են խնդրի պատճառը:

Մասնագետն առաջարկում է պարզ վարժություններ, որոնք օրական րոպե կրկնելու պարագայում 28 օրից, որը համարվում է մեկ ցիկլ, դրական տեղաշարժն ակնհայտ է լինելու:

Մուդրաները կարելի է դիտարկել որպես ռեֆլեքսոլոգիա, դրանց շնորհիվ խթանվում են որոշ օրգաններ ու դրանց գործառույթները:

«Կարելի է, օրինակ, երկու ձեռքերի ափերն իրար մեջ առնել գդալների ձևով և բութ մատներն իրար մոտեցնել, այնպես, ասես վերևից որևէ բան եք խնդրում: Այս մուդրան կօգնի լցվել էներգիայով»,— բացատրում է նա՝ հավելելով, որ մանկությունից սկսած հավատացել է, որ միտքն ու հոգին կարող են ազդեցություն ունենալ մարմնի վրա: Բայց ապաքինման գործընթացում ամենակարևորը ներսում հույս, հավատ ու սեր ունենալն է:

Հետաքրքրականն այն է, որ որոշ մուդրաներ, ըստ նրա, անգիտակցորեն ավանդաբար օգտագործել են նաև մեր տատիկներն ու պապիկները՝ այդպիսով ակամայից խթանելով ուղեղի աշխատանքն ու պայծառ մտքով ապրել մինչև խորը ծերություն:

Back to top button