
Caucasus Heritage Watch կազմակերպությունը հրապարակել է արբանյակից արված լուսանկարներ, որոնք վկայում են, որ Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու մոտ գտնվող գերեզմանատունն ամբողջությամբ ոչնչացվել է։ Լուսանկարները հրապարակվել են X–ի էջում։
Ապրիլի 4-ի արբանյակային լուսանկարները ցույց են տալիս, որ Շուշիի Ղազանչեցոց գերեզմանատան ավերումն ավարտված է։
Սա գերեզմանոցի առաջին ավերումն է այն բանից հետո, երբ Արդարադատության միջազգային դատարանը հրամայեց Ադրբեջանին կանխել և պատժել հայկական մշակութային ժառանգության վրա հարձակումները:
Գերեզմանոցում ավերածությունները սկսվել են 2023-ի հոկտեմբերին։ Կազմակերպությունն այդ մասին հայտնել էր նոյեմբերի 27-ին:
«Այն ժամանակ դեռ ուշ չէր կանխել գերեզմանատան ոչնչացումը։ Բայց մինչև 2023 թվականի դեկտեմբեր գերեզմանատունն արդեն գրեթե ոչնչացվել էր», — ասվում է CHW-ի հայտարարության մեջ:




