ԿարևորՀասարակություն

Աթենքի ակադեմիայում տեղի է ունեցել գիտական միջոցառում՝ նվիրված Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին

Ապրիլի 26-ին Հունաստանում ՀՀ դեսպանության և Աթենքի ակադեմիայի նախաձեռնությամբ և կազմակերպմամբ Աթենքի ակադեմիայի գլխավոր սրահում տեղի ունեցավ գիտական միջոցառում՝ նվիրված Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին։

Միջոցառման նախագահող Աթենքի Ակադեմիայի նախկին նախագահ, ակադեմիկոս Միխայիլ Ստաթոպուլոսը, ողջունելով հյուրերին, շեշտեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակման և միջազգային ճանաչման կարևորությունն ու ընդգծեց Հունաստանի կողմից դրա ճանաչման փաստը:

Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ Հունաստանի հանրապետության վարչապետի ներկայացուցիչ Յաննիս Խրիսուլակիսը` անդրադարձ կատարելով երկու ժողովուրդներին միավորող ընդհանուր արժեքներին, դարավոր կապերին և պատմության ընթացքում կիսած ընդհանուր ճակատագրին: Յ. Խրիսուլակիսը նշեց, որ հենց հայերի ցեղասպանության անպատժելիությունը հանգեցրեց հետագայում նաև հույների ցեղասպանությանը և այդ պատճառով՝ ցեղասպանությունների կանխարգելման ու հանուն հաջորդ սերունդների անհրաժեշտ է շարունակել պայքարը արդարության համար և հավելեց, որ այդ պայքարում հույն ժողովուրդը եղբայրական ժողովրդի՝ հայերի կողքին է:

Ողջույնի խոսքով հանդես եկավ Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը: Դեսպանը շնորհակալություն հայտնեց Աթենքի ակադեմիայում այս միջոցառման կազմակերպման համար, որը հատկապես արժևորվում է Հունաստանի նախկին նախագահ պարոն Պրոկոպիս Պավլոպուլոսի և Հայաստանից հրավիրված Արա Քեթիբյանի՝ որպես հիմնական բանախոսների մասնակցությամբ:

Դեսպան Մկրտչյանն անդրադարձավ ցեղասպանության իրագործման ընթացքին ներհատուկ մի շարք գործոնների, ինչպիսիք են մի կողմից դրա ժխտողականությունը, մյուս կողմից՝ արդարացումը և, ի վերջո, ցեղասպանների հերոսացումը, ինչն անպատժելիության հետևանք է։

Դեսպանը ներկայացրեց, թե ինչ քայլեր են ձեռնարկվում Հայաստանի կողմից ցեղասպանության կանխարգելման ուղղությամբ, որոնցից առաջինը Հայաստանի անվտանգային միջավայրի ամրապնդումն է, դիմադրողականության բարձրացումը, վստահելի գործընկերների հետ հարաբերությունների խորացումը, ինչպես նաև ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդումը և մարդու իրավուքների հարգումը երկրի ներսում։ Դեսպանը շեշետեց, որ միջազգային հարթակում այս տարի կարևոր նշանակություն ուներ Հայաստանի կողմից հերթական անգամ ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդում ցեղասպանության կանխարգելման բանաձևի մշակումն ու ընդունումը, ըստ որի բանաձևը շեշտադրում է ցեղասպանությունների և մարդկության դեմ իրականացրած հանցանքների վաղ նախազգուշացման և կանխարգելման մեխանիզմները, ռիսկի գործոնները ժամանակին արձանագրելը և դրանց պատշաճ արձագանք ապահովելը։

Այս համատեքստում դեսպանն անդրադարձավ ցեղասպան միջավայրի ձևավորմանը, որի ահազանգումներին ի պատասխան միջազգային հանրությունը հրատապ և շոշափելի քայլերի միջոցով պետք է կանխարգելի ցեղասպանությունը։

Դեսպան Մկրտչյանն ընդգծեց, որ «Ցեղասպան միջավայր Օսմանյան կայսրությունում ձևավորվել էր 1915 թ․-ից դեռ առաջ, որն առկա էր 1890-ական թթ-երին կամ դրանից առաջ։ Նման միջավայր առկա էր Լեռնային Ղարաբաղում նախկան հակամարտության բռնկումը 1990 թթ.-երին կամ, օրինակ 2023 թ․՝ մինչ արցախահայերի վերջնական էթնիկ զտումը, երբ ինն ամիս շարունակ շրջափակում էր, սով էր և ի վերջո ռմբակոծում»։

Դեսպանը կարևորեց 2024 թ․ դեկտեմբերին Երևանում նախատեսված հինգերորդ Գլոբալ ֆորումի անցկացումը՝ Հայաստանի կողմից ցեղասպանության և էթնիկ զտումների կանխարգելման մեխանիզմների միջազգային պայքարի համատեքստում։

Գիտաժողովի հիմնական բանախոսներն էին Հունաստանի նախկին նախագահ, Աթենքի Ակադեմիայի անդամ պրոֆ․ Պրոկոպիոս Պավլոպուլոսը և ցեղասպանագետ Արա Քեթիբյանը, ով հանդես եկավ «Հայոց ցեղասպանությունն ըստ ԱՄՆ մամուլի հրապարակումների» զեկույցով։

Հանրապետության նախկին Նախագահ Պավլոպուլոսը ընդգծեց Աթենքի ակադեմիայի դերը ինչպես Հունաստանում, այնպես էլ` ողջ Եվրոպայում և աշխարհում որպես Ցեղասպանության ճանաչման առաջամարտիկի և արդարության պաշտպանի:

Նա անդրադարձավ Արցախի դեպքերին՝ զուգահեռներ տանելով երկու տարբեր ժամանակահատվածներում իրականացված հանցագործությունների միջև:

Ընդգծելով 1996թ. Հունաստանի կողմից Հայոց Ցեղասպանության պաշտոնապես ճանաչման և ապրիլի 24-ը որպես Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակման օր սահմանելու փաստը, նա շեշտեց նաև 2014 թ. դրա ժխտումը քրեականացնելու մասին օրենքի ընդունման կարևորությունը։ Ըստ նախկին նախագահի` դա այն քիչ օրենքներից էր, որի նախաձեռնող էր հանդիսանում ոչ թե կառավարությունը, այլ հենց խորհրդարանը, որն արտահայտել է հենց ողջ հույն ժողովրդի կամքը:

Մանրամասն ներկայացնելով և զուգահեռներ տանելով հայ և հույն ժողովուրդների հանդեպ 20-րդ դարի սկզբին իրականացված ոճրագործության փաստերը, նա ներկայացրեց զոհերի թվերը և դրա հետևանքները՝ որպես անպատժելիության արդյունք, որոնք դրսևորվեցին հետագայում Հոլոքոստի պարագայում, Կիպրոսում և այլ տարածաշրջաններում:

Նախկին նախագահ Պրոկոպիս Պավլոպուլոսն ընդգծեց․ “Անդրադառնալով «այլևս երբեք»-ին, որպես պատմական «ընթացքի ուղենիշ», այն մեզ տվել է ժամանակի և հետևանքների առումով հիմնական այն դասը, որ Հայոց ցեղասպանության հիշողությունը, ի թիվս այլոց՝ Պոնտոսի և Փոքր Ասիայի ցեղասպանությունների, պետք է միշտ կենդանի մնա՝ առանց զիջումների ու առանց նպատակահարմարության մասին հաշվարկների, ինչպիսին էլ որ լինեն դրանց ծագումն ու «ընթացքը» տվյալ պահին։ Հետևաբար, միջազգային մասշտաբով պայքարը Հայոց ցեղասպանության, բայց նաև մյուս բոլոր ցեղասպանությունների լիարժեք և ազնիվ ճանաչման համար շարունակվում է և կշարունակվի մինչև դրա վերջնական հատուցումը։ Բայց «այլևս երբեք»-ի դասը չի ստանում իր ամբողջական իմաստը առանց իր հիմնական «պատվիրանի» «հաստատման», որը հիմնված է «Զրո հանդուրժողականություն» հրամայականի վրա: Եվ ակնհայտ է, որ այս պատվիրանն այսօր էլ ակնհայտ հասցեատեր ունի, որը Թուրքիան է, հատկապես, երբ որպես իր կատարած ցեղասպանությունների հեղինակ, առաջին հերթին պարտավոր է առնվազն ակնհայտ ներողություն խնդրի, որը երբեք չի արտահայտել մինչ օրս: Եվ ոչ միայն դա, նա արհամարհաբար ու հանդգնորեն գնում է այնքան հեռու, որ «պարծենում» է իր բարբարոս անցյալով։ Եվ միջազգային հանրությունը և Եվրամիությունը պետք է մտածեն, որ Թուրքիայի այս հանդգնությունը «սնվում է» նրանց կողմից անհանդուրժողականության վերաբերմունք ցույց տալու անկարողությունից:”

Ամփոփելով խոսքը, նա ջերմությամբ հիշեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր կատարած իր այցելությունը՝ կոչ անելով առիթի դեպքում անպայման այցելել մեծ խորհրդանաշականություն պարոնակող այդ վայրը:

Արա Քեթիբյանն իր խոսքում նախ հիմնավորված կերպով ներկայացրեց իր խմբագրությամբ լույս տեսած ժողովածուների թեմաների և ընտրության դրդապատճառները, որն իր գործընկերների հետ իրականացրել է չորս տասնամյակների ընթացքում: Նա հիմնավոր կերպով ներկայացրեց Ամերիկյան մամուլում 19-դարի վերջից մինչև 20 րդ դարի 20-ական թվականները Հայոց Ցեղասպանության և կոտորածների մասին տեղ գտած հոդվածները, որոնք լավագույն կերպով ներկայացնում էին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցող իրադարձությունները: Ընդգծվեց, որ այդ ժամանակաշրջանում ԱՄՆ-ում մամուլն արդեն իսկ բավական լայն տարածում ուներ մի կողմից։ Մյուս կողմից, ԱՄՆ-ը չեզոք երկիր էր և չէր ներքաշվում եվրոպական մայրցամաքում ծավալվող աշխարհաքաղաքական բախումներում, միաժամանակ մամուլում բազմակողմանիորեն և մանրամասն անդրադառնալով տեղի ունեցող իրադարձություններին։ Եւ այդ իմաստով Հայոց ցեղասպանության լուսաբանումը ամերիկյան ամենատարբեր լրատվամիջոցներում, որոնց հեղինակները ոչ միայն լրագրողներն էին, այլ նաև դիվանագետները, միսիոներները, հյուպատոսարանների աշխատակիցները, միանգամայն կարևորագույն աղբյուր են հանդիսանում Հայոց Ցեղասպանության, ինչպես նաև հույների և ասորիների ցեղասպանությունների վերաբերյալ։ Քեթիբյանը ներկայացրեց նաև, որ տեղեկատվության հասանելիության ապահովումը Օսմանյան կայսրությունից դուրս չափազանց բարդ գործընթաց էր, քանի որ ժամանակի իշխանությունները ամեն գնով փորձում էին արգելափակել տեղեկատվության արտահոսքը երկրից, հատկապես արևելյան հատվածներից։ Եւ այնուամենայնիվ մի շարք լրատվամիջոցների, ինչպիսիք էին The New York Times-ը, The Christian Science Monitor-ը, The Washington Post-ը, The Boston Daily Globe-ը, The Chicago Tribune-ը, հաջողվեց կանոնավոր կերպով ստանալ տեղեկատվություն և լուսաբանել տեղի ունեցողը, ինչը չափազանց արժեքավոր փաստագրական վկայություն է Հայոց ցեղասպանության վերաբերյալ։

Միջոցառման շրջանակում տեղի ունեցավ հայազգի նկարիչներ Էօզեն Հակոբյանի, Գագիկ Ալթունյանի, Ասատուր Բախարյանի, Էդուարդ Սացաիլյանի, Մինաս Սեմերջյանի և Մարիամ Ցակիրյանի կտավների ցուցադրության բացումը։

Ցուցահանդեսը բաց կլինի մինչև ս․թ․ ապրիլի 30-ը Աթենքի ակադեմիայի ցուցասրահում։

Back to top button