ԿարևորՌեպորտաժներՔաղաքական

Մոսկովյան հանդիպման երեք դրվագ և մեկ պայմանավորվածություն

Հայաստանի վարչապետի և Ռուսաստանի նախագահի Մոսկվայի հանդիպումը երեք հարցի հստակ պատասխան տվեց։ Երկրների ղեկավարները, ճիշտ է, չշփվեցին լրատվամիջոցների հետ, չեղավ նաև հաղորդագրություն լրատվամիջոցների համար, բայց եղան հստակ պայմանավորվածություններ, որոնք մասին աստիճանաբար հայտնի է դառնում։ Փաշինյանը և Պուտինն ուղիղ շփվել էին ամիսներ առաջ, երբ Հայաստանի վարչապետը 2023–ի դեկտեմբերին մեկնել էր Սանկտ Պետերբուրգ Եվրասիական տնտեսական խորհրդի նիստին մասնակցելու համար։ Այս անգամ Փաշինյան–Պուտին հանդիպմանը նախորդել էին պաշտոնական Երևանի և Կրեմլի փոխադարձ սուր քննադատությունները։  

Հայաստանի վարչապետի և Ռուսաստանի նախագահի հանդիպումը հստակ մի քանի արդյունք է տվել։ Օրինակ՝ ռուս սահմանապահները դուրս կբերվեն Հայաստանի 5 մարզից։ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը սոցցանցում գրել է՝ «համաձայն ձեռք բերված պայմանավորվածության, 44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո Տավուշի, Սյունիքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի, Արարատի մարզերում տեղակայված ռուս սահմանապահ և զինվորական կետերը կդադարեցնեն իրենց տեղակայումը և դուրս կգան այդ կետերից»։

Բարձրագույն մակարդակում հաստատվել է նաև «Զվարթնոց» օդանավակայանում ՌԴ սահմանապահների գործունեությունը դադարեցնելու որոշումը։ Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ օգոստոսի 1-ից «Զվարթնոց» օդանավակայանում սահմանային հսկողությունն ամբողջությամբ կանցնի հայ սահմանապահների տնօրինությանը։

Ռուսական կողմը նույնպես հաստատում է ձեռք բերված պայմանավորվածությունները, բայց ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հստակեցրել է, որ հայկական կողմի խնդրանքով ռուս սահմանապահները կմնան Թուրքիայի և Իրանի հետ Հայաստանի սահմանին։

«Այո, դա ճիշտ է, 2020 թվականի աշնանը հայկական կողմի խնդրանքով մեր զինվորականներն ու սահմանապահները տեղակայվել են Հայաստանի մի շարք շրջաններում։ Փաշինյանն ասել է, որ այսօր փոփոխված պայմանների պատճառով այլևս դրա անհրաժեշտությունը չկա, այդ պատճառով էլ նախագահ Պուտինը համաձայնել է, և մեր զինվորականների, սահմանապահների դուրսբերումը համաձայնեցվել է»։

Հայ–ռուսական մոսկովյան բանակցությունները տևեցին մեկ ժամից ավելի։

Զուսպ ձեռքսեղմում, առանց ավանդական գրկախառնության․ Հայաստանի վարչապետը և Ռուսաստանի նախագահը Կրեմլում առանձնազրույցից առաջ ներածական խոսքում նախընտրեցին խոսել դրականի մասին՝ շրջանցելով ամիսներ շարունակ կուտակված երկկողմ խնդիրներն ու փոխադարձ դժգոհությունները։ Բայց ակնարկներ ամեն դեպքում եղան, որ տարածաշրջանային անվտանգության խնդիրները բաց ռեժիմով քննարկելու ենթակա հարցեր չեն։

Հանդիպումից առաջ ձևավորված սպասումներին հակառակ, Կրեմլի խոսնակը հայտարարեց, որ պետք չէ չափազանցնել Պուտինի և Փաշինյանի բանակցությունների բարդությունը, խնդրահարույց թեմաներ կան, բայց ավելի սերտ է փոխգործակցությունը։ Պեսկովի գնահատականներով՝ Մոսկվան լավատեսորեն է նայում Երևանի հետ հարաբերությունների հեռանկարին։

Այս պահի դրությամբ հայտնի չէ՝ արդյո՞ք Փաշինյան–Պուտին հանդիպմանը քննարկվել է Հայաստանի կողմից ՀԱՊԿ–ի այս տարվա գործունեության ֆինանսավորման դադարեցման հարցը։ Երևանի այդ որոշումը հաստատել է արտգործնախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանը։

Ինչ գումարի մասին է խոսքը՝ ԱԳՆ–ն չի մանրամասնում։ Հայտնի է միայն, որ 2023–ին՝ միջազգային տարբեր կառույցների անդամակցության համար Հայաստանը պետբյուջեից հատկացրել էր շուրջ 2 միլիարդ դրամ։ Դրա մեծ մասը՝ 1.5 միլիարդը կազմում էին ՀԱՊԿ–ի և ԵԱՏՄ–ի անդամավճարները։

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը տեղյակ է ֆինանսավորումը դադարեցնելու Երևանի որոշման մասին, սակայն Հայաստանը մնում է կազմակերպության անդամ։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ՀԱՊԿ-ում իր աղբյուրներին։ Ավելի վաղ պաշտոնական Երևանը հայտարարում էր կառույցում իր գործունեությունը «սառեցնելու» մասին, թեև այդպիսի գործընթաց կամ գործիքակազմ կառույցի կանոնադրությամբ նախատեսված չէ։ Այսպիսով, կարելի է ասել, որ ՀԱՊԿ–ի հետ կապված Հայաստանը առաջին անգամ դիմեց իրավական քայլի՝ քաղաքական հայտարարություններից բացի։ Կա կարծիք, որ սա նաև Փաշինյանի՝ Մոսկվա գնալու «գինն» է՝ արևմուտքին ցույց տալու համար։ Ամեն դեպքում, փաստ է, որ միայն 2023–ին Հայաստանը չի մասնակցել ՀԱՊԿ–ի երկու զորավարժություններին և Մինսկում անցկացված ՀԱՊԿ գագաթնաժողովին։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հավատում է, որ ցանկացած դեպքում ՀԱՊԿ-ն արդյունավետ կառույց կմնա, նաև առանց Հայաստանի: Նրա խոսքով՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու որոշումը Հայաստանի ինքնիշխան իրավունքն է։ Հիշեցնենք, որ Հայաստանի դժգոհությունը կառույցից սկսվել է ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիայի ժամանակ ՀԱՊԿ–ի անգործությունից։

ՀԱՊԿ կանոնադրության 19–րդ հոդվածի համաձայն, անդամ–պետությունները կարող են դուրս գալ կառույցից, վերջնաժամկետից 6 ամիս առաջ դիմում ներկայացնելու դեպքում։ Կառույցի պատմության մեջ ՀԱՊԿ–ից դուրս է եկել երեք պետություն՝ Վրաստանը, Ուզբեկստանը և Ադրբեջանը։

Մոսկովյան օրակարգի երրորդ ուղղությունը՝ տնտեսականը, ներկայացվեց Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հոբելյանական նիստում։ Տնտեսական օգուտների տեսանկյունից Հայաստանի վարչապետը ներկայացրեց «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը։ Այն, ըստ էության, այլընտրանք է ադրբեջանական այսպես կոչված «Զանգեզուրի միջանքցին», ինչը, հղում անելով նոյեմբերի 9–ի եռակողմ հայտարարության 9–րդ կետին, հայտարարության մյուս երկու կողմը պարտադրում է Երևանին։

«Խաղաղության խաչմերուկ» նախագիծի նպատակն է ստեղծել անհրաժեշտ լոգիստիկ պայմաններ բոլոր շահագրգիռ պետությունների միջև առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման համար՝ պետությունների ինքնիշխանության և իրավազորության, հավասարության և փոխադարձության լիարժեք հարգման հիման վրա»։

Ըստ էության, կարելի է ասել, որ Փաշինյանը Մոսկվայում ևս մեկ անգամ պնդեց Հայաստանի դիրքորոշումը Սյունիքով ճանապարհների ապաշրջափակման հարցի վերաբերյալ։ 

Back to top button