ԿարևորՀասարակություն

Բերդաքաղաքը՝ հիշողության քարտեզներում․ Շուշիի վերջին գծագրումները շուշեցիներից

Քարագլուխ, Քարագլխի բերդ, Շոշի բերդ, Շուշու, Շուշի։ Պատմական բոլոր ժամանակներում Արցախի ամենանշանավոր քաղաքի անվանումները փոխվել են՝ ըստ աշխարհաքաղաքական իրավիճակների, պատմիչների նկատառումների կամ լեզվամտածողության, բայց բոլորի նշանակությունը նույնն է՝ ժայռի կամ լեռան գագաթին գտնվող քաղաք։ 2004 թ. մայիսին «Շուշի հնագիտական արշավախումբը» դաշտային հնագիտական դիտումների միջոցով կազմեց Շուշիի հնագիտական հուշարձանների ցուցակը, որտեղ ամենահին գտածոները թվագրվեցին պալեոլիթին։ Ամրոցը, փաստորեն գոյություն ուներ դեռ մեր թվարկությունից առաջ։

Շուշիի հնագիտական արշավախմբի պատմաբան-շուշիագետ Աշոտ Հարությունյանը  քար առ քար է հիշում քաղաքը։ Բոլոր թաղամասերը սիրելի են՝ ասում է, բայց առանձնացնում մեկը․

«Ամենասիրելի թաղամասն ինձ համար եղել է Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու թաղամասը, իր էդ եկեղեցին՝ ամբողջ շրջապատով , չգիտեմ ես թե հոգևոր, թե մարմնավական հանգստանում էի, իսկ ընդհանրապես Շուշիի բոլոր թաղամասներն էլ յուրահատուկ քաղաք է, բնության հետ համահունչ»։ 

Հարությունյանը բնիկ շուշեցի է, վստահ է՝ իր գերդաստանի  արմատները մի քանի դար Շուշիի հողում են եղել։ Հիմա Երևանից արբանյակային քարտեզներով է հետևում, թե ինչպես է օրեցօր փոխվում հայրենի քաղաքը։ Իր տունը քարտեզի վրա չկա 2020-ի նոյեմբերից․ պայթել է իր աչքի առաջ։

«Օրինակ Շուշիի՝ դեպի գերեզմանոց տանող ճանապարհին մի փոքրիկ թաղամաս է եղել՝ խորհրդային ժամանակների տներով և հին հայկական առանձնատներով, իրենք դա քանդել են և հինգհարկանի, չորսհարկանի տներ են ներկայում կառուցում, վարչակազմի շենքն են վերափոխել, շուրջը շինարարություն է, Կանաչ ժամը ավերել են, Ղազանչեցոցի գմբեթներն են իջացրել, թողել եսիմ ինչ վիճակում»։

Մինչ Շուշիի ենթակառուցվածքային ցանցը քանդվում է, շուշեցիների հիշողության վայրերը հետազոտողները դարձնում են քարտեզ։ Հարյուրավոր շուշեցիներ 44-օրյա պատերազմից անմիջապես հետո մշակութային հիշողությունն ուսումնասիրող հայ հետազոտողներին պատմել, թղթի վրա փողոց առ փողոց գծել են պաշտոնական կամ ֆիզիկական քարտեզներում անտեսանելի ոտքի ճանապարհը, արահետը։ Արդյունքում՝ ստեղծվել են Շուշիի վերջին՝ մենթալ գծագրումները։

«Մեր թիմից կային մարդիկ, որ էլի աշխատել էին 90-ականնեիրն մտաքարտեզներով, և իրենք նորից սկսեցին անել էդ աշխատանքը, պատերազմի տրավմայի 2 տարբեր սերունդների մոտ։ Ոչ թե մենք, այլ հենց շուշեցիներն էին անում համեմատությունները 2 պատերազմների, որովհետև բոլոր պատումների մեջ կար էդ համեմատությունը, ձևը պատումի, իրենք ոչ թե պատմում են՝ սա մեր տունն էր, մենք դուրս եկանք, այլ համեմատում էին՝ իսկ 90 ականներում սենց էր։ Համեմատական վերլուծությունը իրենք էին անում»։

Հիշողության քարտեզագրումն արել է «Մշակութային և սոցիալական նարատիվների լաբորատորիան»։ Շուշեցիների հետ հարցազրույցները ոչ միայն փաստավավերագրական կարևոր նյութ են դարձել, այլև օգնել հասկանալու՝ ինչ է նշանակում հետպատերազմական քաղաք՝ ասում է լաբորատորիայի տնօրեն Տիգրան Ամիրյանը․

«Ինտերվյուներից մեկում ինչ-որ իրավիճակ էր պատմում շուշեցին, որ սենց հարձակվեցին 90-ականներին, եկավ հայկական զորքը, գործընկերս ասաց՝ ու դուրս շպրտեցի՞ք իրենց, ասեց չէ, նրանք դուրս եկան։ Իրենք ունեն շատ հստակ ընկալում, որ իրենք էլ կարող են հայտնվել նույն դերում, որ ոչ մի բան իրենց չի պաշտպանի իրենց դերում հայտնվել, և երևի դրա համար էլ իրենց խոսքը տարբերվում ա մեր խոսքից, մենք շատ վիրտուալ ենք ընկալում և խոսում քաղաքականացված խոսույթով՝ չհասկանալով մինչև վերջ, որ տեղում բնակվող և պատերազմող մարդը լրիվ այլ է»։

Հետազոտողների խումբն օգտագործել է 1970-ականներին ստեղծված մտաքարտեզների մեթոդը, երբ մարդիկ դառնում են ոչ պրոֆեսիոնալ քարտեզագիրներ․նրանք հավաքում են բանավոր պատմությունները ու ըստ հիշողությունների՝ կազմում տեղանքի քարտեզները։

«Շուշին լավ ուսումնասիրված, քարտեզագրված քաղաք է, մենք միանգամից միացրինք ուրբանիստների և ճարտարապետների թիմերը, իրենք աշխատում  էին պաշտոնական քարտեզները հասկանալու համար, իսկ դրան զուգահեռ՝ մարդաբանական թիմը աշխատում էր պատումները և մենթալ քարտեզները մարդկանց կողմից ստեղծելով, հաճախ փորձում էինք հասկանալ ինչքան մոտ են դրանք իրար։ Դա նույնպես զարգացնում է ուսումնասիրությունը, տալիս է պատկերացում, որովհետև կա քաղաքային բաշխումը, կա ճանապարհ, բայց ասենք թե էդ մարդու հիշողություններում պահպանվել է, հաճախ կանանց մոտ է էդպես լինում, որովհետև իրենք են առօրյայում աշխույժ և մեքենայով չեն շարժվում, իրենց  մոտ հիշվում է ոչ թե այս ճանապարհը՝  անունով, այլ փոքր ինչ-որ ճանապարհ, որը շատ է օգտագորվել, ունի ուրիշ անվանում, միայն մի խումբ կանայք կարող է իմանան էդ բառը»

Դա մարդկանց ապրած կյանքի քարտեզն էր, որտեղ տարածքը հայկական ու ադրբեջանական մասերի բաժանող կարմիր կամ կապույտ գծեր չկային։ Նախագիծը ստեղծվեց, երբ Ադրբեջանի ղեկավարությունը նոր էր սկսել փոխել քաղաքի դեմքը՝ փաստորեն դառնալով Շուշիի վերջին գծագրումը հենց շուշեցիների ձեռքով։ 

Back to top button