Մոռացված ֆիլմերի ստվերները

«Թռիչքն սկսվում է երկրից». կատակերգություն ըստ Ներսես Հովհաննիսյանի. «Մոռացված ֆիլմերի ստվերները»

Նրա ֆիլմերի հերոսներն առանձնահատուկ հմայք ունեին, իսկ երկխոսությունները հիշվում ու օգտագործվում էին էկրան բարձրանալուց հետո։ Նրա նկարահանած ֆիլմերի սյուժեներում բոլոր տեսարաններն էին ծանոթ իրավիճակներ։ Դա կինոռեժիսոր Ներսես Հովհաննիսյանի գլխավոր սկզբունքն էր. «Հայֆիլմի» պատմության մեջ թողնել ուրույն ձեռագիր և զարգացող կինոարտադրություն։

Ներսես Հովհաննիսյան

Հին Երևանի Սվերդլովի փողոցի բակերից մեկում ծնվել, մեծացել և դեպի կինո է գնացել կինոռեժիսոր, դերասան Ներսես Հովհաննիսյանը։ Մայրաքաղաքի կենտրոնական թաղամասում մեծացող Ներսիկը, Տերյան 2 կինոստուդիայից ընդամենը երկու հարյուր մետր հեռավորության վրա էր բնակվում։ Կապուտաչյա, ժրաջան պատանին ամեն օր իրեն հայտնի, այսպես ասած, գաղտնի ելքով դուրս էր գալիս իրենց փողոցին զուգահեռ Սպանդարյան փողոց՝ դրանով իսկ կրճատելով դեպի կինոստուդիա տանող ճանապարհը և լուռ հետևում կինոյի կախարդական աշխարհում տեղի ունեցող անցուդարձին։

Կինոաշխարհի՝ այն ժամանակվա հայտնի ռեժիսորները չէին կարող չնկատել ամեն օր իրենց աշխատանքին հետևող պատանուն, որը նկարահանումներից ազատ ժամանակ նրանց զբաղեցնում և զարմացնում էր հայ, ռուս և օտարազգի պոետների բանաստեղծություններն ասմունքելով։ Հենց նրանց առաջարկով 12-ամյա Ներսեսը հրավիրվում է մասնակցելու ֆիլմերի կրկնօրինակման աշխատանքների՝ ձայնագրելով բազմաթիվ լիամետրաժ ֆիլմեր։

Պատանի Ներսեսը հենց այդ ժամանակ հասկացավ, որ այլևս չի հեռանալու կինոաշխարհից։ Դպրոցն ավարտելուց հետո հաստատակամ քայլերն ուղղեց դեպի գեղարվեստաթատերական ինստիտուտ, ավարտեց և դերասանի դիպլոմը ձեռքին վերադարձավ «Հայֆիլմ», բայց արդեն ռեժիսոր դառնալու ցանկությամբ։

1968 թվականին նկարահանեց իր առաջին՝ «Հանդիպում ցուցահանդեսում» կարճամետրաժը, հետո «Ձախորդ Փանոսը», իսկ 1975-ին էկրան բարձրացավ այսօր արդեն համաժողովրդական սեր վայելող «Հարսնացուն հյուսիսից» կատակերգությունը, որն էլ կինոռեժիսորին մեծ ճանաչում բերեց։

Ներսես Հովհաննիսյանի հաջորդ՝ երկու ընկերների տարիների անդավաճան ընկերության մասին պատմող ֆիլմը, էկրան բարձրացավ «Հարսնացուն հյուսիսից» ֆիլմի անհավանական հաջողությունից հինգ տարի անց, բայց այդպես էլ անծանոթ մնաց հանդիսատեսին։

«Թռիչքն սկսվում է երկրից» այսպես է կոչվում Ներսես Հովհաննիսյանի երկսերիանոց՝ 117 րոպե տևողությամբ կինոնկարը, որը նա ստեղծեց 1979-ին։ Կինոռեժիսորի հրավերով ստեղծագործական խմբում ընդգրկվեց Իջևանի ժողովրդական թատրոնի երիտասարդ ռեժիսոր Հրանտ Հակոբյանը։ Նա խոստովանում է, որ այդ հրավերը պատճառ դարձավ թատրոնին հրաժեշտ տալու և մեկընդմիշտ կինոարվեստում հիմնավորվելու։

Նկարահանման հրապարակում աշխատելը նրա համար սկզբում անսովոր և դժվար էր, բայց այդ ամենն արագ հաղթահարեց Ներսես Հովհաննիսյանի անմիջական բնավորության ու լուսավոր էներգիայի շնորհիվ։

Հրանտ Հակոբյան

«Ֆիլմի ստեղծման աշխատանքներում ներգրաված էին հայ կինոյի բարձրակարգ մասնագետներ՝ կինոօպերատոր Ալբերտ Յավուրյանը, ֆիլմի նկարիչ Ռաֆայել Բաբայանը, դիմահարդար Պողոս Աստճյանը և այլն»,- հիշում է Հրանտ Հակոբյանը:

Ներսես Հովհաննիսյանը երկար տարիներ ցանկանում էր Արմեն Ջիգարխանյանի և Խորեն Աբրահամյանի մասնակցությամբ մի ֆիլմ ստեղծել։ Դրա մասին նա պատմեց արձակագիր, դրամատուրգ Աղասի Այվազյանին, որը նույնպես վարակվեց այդ գաղափարով։ Որոշ ժամանակ անց Աղասի Այվազյանը Ներսես Հովհաննիսյանին ներկայացրեց «Օդանավակայան» աշխատանքային վերնագրով կինոսցենար։

Ռեժիսորն ընթերցեց, հավանեց, բայց գրողին առաջարկեց որոշակի փոփոխություններ կատարել, ինչն էլ համատեղ ջանքերով իրականացվեց։ Դերասանական կազմի հաստատումից հետո նկարահանող խումբը մեկնեց Կապան։ Երեք ամիս Կապանի փոքրիկ օդանավակայանը վերածվել էր նկարահանման հրապարակի։

Սոֆիկ Սարգսյան

«Իմ կարծիքով Խորեն Աբրահամյանն ու Արմեն Ջիգարխանյանը արյունակից եղբայրներ էին»,-ասում է Սոֆիկ Սարգսյանը և ավելացնում, որ ինչքան էլ հոգնած լիներ Ջիգարխանյանը, երբ հնչում էր ռեժիսորի ասիստենտի ձայնը «Արմեն Բորիսիչ ձեր տեսարանի նկարահանումն է»,- նա պատրաստ, հավաք մտնում էր կադր ու նրա հոգնածությունից մի նշույլ անգամ չէր երևում  կադրում:

Թատրոնի և կինոյի արդեն փորձառու դերասանուհի Սոֆիկ Սարգսյանն այս ֆիլմում հանդես եկավ ուղեկցորդուհու դերով։ Նրա համար այս ֆիլմը յուրահատուկ նշանակություն ունի։  Կինոօպերստոր Ալբերտ Յավուրյանը, տեսնելով երիտասարդ դերասանուհուն, նրա համար մտածեց ու նկարահանեց սցենարից դուրս հատուկ մի գեղեցիկ դրվագ։

«Ես դաշտային ծաղիկները ձեռքիս, դանդաղեցված կադրում վազում եմ։ Այդ կադրը Ալբերտ Յավուրյանը նկարահանեց և ասա ասաց` այ էս կադր նկարահանում եմ Սոֆոյին նվեր»,- խանդավառությամբ պատմում է Սոֆիկ Սարգսյանը։ 

Կինոռեժիսոր Հրանտ Հակոբյանն ասում է, որ Ներսես Հովհաննիսյանի նկարահանման հրապարակում, հաճախ «անլուրջ և ոչ աշխատանքային» մթնոլորտ էր տիրում։ Ամեն ինչ կատակով, ժպիտով, բայց այդ կատակի հետ խումբը կատարում էր բոլոր անհրաժեշտ աշխատանքները։ Այդ ամենից անմասն չէր մնում նաև Արմեն Ջիգարխանյանը։  

««Թռիչքն սկսվում է երկրից» ֆիլմի նկարահանումների ժամանակ Ջիգարխանյանը գեր զբաղված էր՝ զուգահեռ նկարհանվում էր երեք ֆիլմում: Մեկնում էր Մոսկվա նկարահանման, վերդառնում ՝ Կապան: Մեր ֆիլմի համար շատ կարևոր տեսարանի նկարահանման օրը Արմեն Ջիգարխանյանը  Երևանից ուղղաթիռով պիտի գար Կապան: Յակ- 46 ուղղաթիռները նշված ժամին հերթով վայրէջք էին կատարում օդանավակայանում, բայց Արմենը չկար ու չկար: Մի քանի ժամ սպասելուց հետո մենք սկսեցինք մոտենալ օդաչուներին, ուղեկցուհիներին և հարցնել «Ու՞ր է Արմեն Բորիսիչը» պատասխանում էին, որ այս չվերթով նա չի եկել: Վերջին ուղղաթիռին դիմավորեցինք  Ջիգարխանյանը նորից չկար: Թևաթափ շուռ եկանք, որ վերադառնանք նկարահանման հրապարակ, երբ լսեցինք նրա ձայնը «Եկել եմ» շրջվեցինք ու տեսանք ժպիտը դեմքին օդանավից դուրս եկող Արմեն Ջիգարխանյանին ու նրա չարաճճի հայացքը»,-չզսպելով ծիծաղը պատմում է Հրանտ Հակոբյանը:  

Ֆիլմի նկարահանումներն ու մոնտաժային աշխատանքներն ավարտելուց հետո այն ներկայացվեց պատվիրող կողմին։ Մի շարք կրճատումներից աղճատված այդ կինոնկարն ընդամենը երկու անգամ ցուցադրվեց Մոսկվայի կենտրոնական հեռուստատեսությամբ, ու մոռացվեց։
 

«Թռիչքն սկսվում է երկրից» ֆիլմը հայ կինոյի պատմության այն եզակի ֆիլմերից է, որտեղ նկարահանվեց Գաբրիել Սունդուկյանի անվան մայր թատարոնի գրեթե ողջ դերասանական կազմը. Վերջալույս Միրիջանյան, Արմեն Խոստիկյան, Լյուսյա Հովհաննսիայն, Ավետիք Ջրաղացպանյան, Մարիկա Թումասովա և այլն։

Ցավոք ժամանակին այդպես էլ չնկարահանվեցին նրանց մասնակցությամբ թատերական ներկայացումները։ Սակայն, բարեբախտաբար, բացը ինչ-որ կերպ կարող ենք լրացնել` դիտելով Ներսես Հովհաննիսյանի «Թռիչքն սկսվում է երկրից» ֆիլմը։

Բայց  ֆիլմի ցուցադրման իրավունքը մինչև օրս պատկանում է պատվիրատուին` ԽՍՀՄ կենտրոնական հեռուստատեսությանը, որի իրավահաջորդն այսօր Ռուսաստանյան Առաջին ալիքն է, որը կարծես հակված չէ ցուցադրել խորհրդային ժամանակներում այլ ազգության կինոգործիչների նկարահանած ֆիլմերը։ Մնում է հուսալ, որ օրերից մի օր «Թռիչքը սկսվում է երկրից» ֆիլմը կհայտնվի հայկական կինոյի ճակատագրով զբաղվող շահագրգիռ մասնագետների ուշադրության կենտրոնում, կհիշեն ու կզբաղվեն անտեսված այս ֆիլմով ու ի վերջո այն իր ուրույն տեղը կզբաղեցնի  հայ կինոյի պատմության մեջ։

Հ .Գ. 2023 թվականը հոբելյանկան է ոչ միայն հայ կինոյի, այլև կինոռեժսիոր Ներսես Հովհաննիսյանի համար։ Հոկտեմբերի 12-ին կլրանա կինոռեժիսորի 85-ամյակը։ Տարվա ընթացքում, թերևս կլինեն նրան նվիրված միջոցառումներ, քննարկումներ որոնց շնորհիվ հայ հանդիսատեսը նրան մոտիկից ճանաչելու ևս մեկ հնարավորություն կունենա։ Սակայն նրա հիշատակը հավերժացնելու լավագույն միջոցը նրա նկարահանած և մեզ ժառանգած հայտնի ու անհայտ ֆիլմերի հաճախակի ցուցադրությունն է, որոնց շնորհիվ կինոսեր հանդիսատեսը  հնարավորություն կունենա վերհիշելու հախուռն, անմիջական Ներսես Հովհաննսիյանին։ 

Back to top button