Մոռացված ֆիլմերի ստվերները

Բացահայտելով կինոլեգենդներին. Առնոլդ Աղաբաբով. «Մոռացված ֆիլմերի ստվերները»

Առնոլդ Աղաբաբովը հայ կինո մուտք գործեց «Բարև, ես եմ» ֆիլմի կինոսցենարով, բայց մի քանի տարի անց համատեղեց սցենարիստի և կինոռեժիսոի պարտականությունները, տարբեր տարիների նկարահանելով «Գառնի», «Շեկ ինքնաթիռ», «Յոթ սարից այն կողմ», «Արևիկ», «Որտե՞ղ էիր, մարդ Աստծո» կինոնկարները։

Առնոլդ Աղաբաբով

Առնոլդ Աղաբաբովի անվան հետ են կապված հայկինոյի պատմության շատ հետաքրքիր ու նշանակալի էջեր։ Մոսկվայի՝ Սցենարիստների և ռեժիսորների բարձրագույն դասընթացների՝ Յուրի Բլեյմանի արվեստանոցը Առնոլդ Աղաբաբովն ավարտեց անցյալ դարի 60-ականների առաջին կեսին։  «Բարև, ես եմ» ֆիլմի կինոսցենարը նրա դիպլոմային աշխատանքն էր։ Այդ սցենարով էլ Ֆրունզե Դովլաթյանը 1965 թվականին նկարահանեց համանուն ֆիլմը, որով  հայկինոյում սկսվեց վերելքի շրջան։

Այս ֆիլմը, իրոք, իրադարձություն էր ոչ միայն հայ, այլև ողջ խորհրդային երկրի կինեմատոգրաֆում: «Բարև, ես եմ» ֆիլմի հաջողությունից մի քանի տարի անց՝  1975 թվականին հայկական կինոյում հայտնվում է անսպասելի մի ֆիլմ՝ «Շեկ ինքնաթիռ» վերնագիրով, որի սցենարիստն ու բեմադրիչը Առնոլդ Աղաբաբովն է։  Հետաքրքիր ռեժիսորական ձեռագրով «Շեկ ինքնաթիռ» ֆիլմը հեքիաթի և իրականության սահմանագծում նկարահանված ֆիլմ է։

Քանդակագործ Լևոն Թոքմաջյանի քանդակներից շատերը վաղուց արդեն Երևանի ու երևանցիների սեփականությունն են:  Բայց քչերը գիտեն, որ անվանի քանդակագործը նաև մի էպիզոդիկ դերակատարում է ունեցել կինոյում: Նա  հումորով նշում է, որ ֆիլմի էկրան բարձրանալուց հետո երևանցիները ճանաչեցին Թոքմաջյան քանդակագործին:

Լևոն Թոքմաջյան

1978 թվականին էկրան է բարձրանում Առնոլդ Աղաբաբովի և Արկադի Հայրապետյանի նկարահանած «Արևիկ» երկսերիանոց հեռուստատեսային ֆիլմը, որտեղ փայլուն դերակատարմամբ հանդես եկան Խորեն Աբրահամյանը, Արմեն Ջիգարխանյանն  ու Սոֆիկո Ճիաուրելին։

Արկադի Հայրապետյանի դուստրը՝ Անահիտ Հայրապետյանը պատմում է, որ ֆիլմի նկարահանման և մոնտաժային աշխատանքներն ավարտելուց հետո՝ 1978 թվականի նոյեմբերի 10-ին, «Արևիկ» երկսերիանոց հեռուստաֆիլմը ցուցադրվեց հայկական հեռուստատեսության առաջին ծրագրով։  Այդ նույն թվականին Պրահայի՝ հեռուստատեսային ֆիլմերի միջազգային «Զլատա Պրահա» տասնվեցերորդ փառատոնին Առնոլդ Աղաբաբովի և Արկադի Հայրապետյանի  «Արևիկ» ֆիլմն արժանացավ գլխավոր` Գրան պրի մրցանակի։ Փառատոնի արդյունքներն ամփոփելուց հետո մոսկովյան մամուլում  հրապարակվեցին մի քանի հոդվածներ, որոնցում  «Արևիկ» ֆիլմն անվանում էին խորհրդային հեռուստատեսության հաղթանակ:

Անահիտ Հայրապետյան

«Կենտրոնական հեռուստատեսության հերթական լուրերի թողարկումը դիտելու ժամանակ Պրահայի հեռուստատեսային ֆիլմերի միջազգային փառատոնի մասին պատմող ռեպորտաժը դիտելիս տեղեկացանք, որ «Արևիկ» ֆիլմը արժանացել է գլխավոր՝ Գրան պրի մրցանակին: Ցուցադրեցին հայրիկիս հուզված աչքերը, Սոֆիկո Ճիաուրելիի ծափահարումը և դահլիճում ներկա հանդիսատեսի ոգևորությունը: Դա անմոռանալի իրադարձություն էր բոլորիս համար»,- հուզմունքը չզսպելով պատմում է Անահիտ Հայրապետյանը:

1979 թվականին Աղաբաբովին վերջապես հնարավորություն է ընձեռվում նկարահանել իր առաջին լիամետրաժ՝ «Յոթ սարից այն կողմ» ֆիլմը։ Բարոյահոգեբանական, քաղաքական և սոցիալական կարևոր խնդիրների մասին պատմող այս կինոնկարում էպիզոդիկ դերով հանդես եկած  դերասանուհի Սոֆիկ Սարգսյանը պատմում է, որ Առնոլդ Աղաբաբովը որպես բեմադրիչ առանձնանում էր դերակատարների դիպուկ ընտրությամբ և նրանց հետ աշխատելու յուրօրինակ կարողությամբ

Սոֆիկ Սարգսյան

«Աղաբաբովը դերասանների հետ աշխատելու նուրբ աշխատելաոճ ուներ։ Քչախոս էր։ Ռեժիսորներ կան նկարահանման հրապարակում անվերջ գոռում են, բայց ես երբեք նրանից բարձր ձայն չեմ լսել։ Զուսպ, հանգիստ իր ասելիքը ասում էր և անցնում էինք նկարահանման»,-պատմում է Սոֆիկ Սարգսյանը։

Առնոլդ Աղաբաբովի՝ «Որտեղ էիր, մարդ Աստծո»  ֆիլմը» նկարահանվեց Խորհրդային եւ անկախ Հայաստանների սահմանագծին։ Սահմանագծային այս ֆիլմը «Հայֆիլմ»-ի վերջին կինոնկարն էր, բայց միևնույն ժամանակ, հայկական առաջին բազմասերիանոց ֆիլմը։ Այն կյանքի կոչվեց ի հեճուկս մեր նորաստեղծ երկրի առջև ծառացած խնդիրների։ Կինոնկարը նկարահանվում էր գրող Զորայր Խալափյանի համանուն վեպի մոտիվներով։ 

Աննա Էլբակյան

Առնոլդ Աղաբաբովը  Զորայր Խալափյանի հետ վեպը վերածում են կինոսցենարի։ «Հայֆիլմ» կինոստուդիայի ու Մոսկվայի կենտրոնական հեռուստատեսության «Էկրան» միավորման խմբագրական կոլեգիաների՝ սցենարը հաստատելուց հետո սկսվում են նկարահանման նախապատրաստական աշխատանքները։ Առնոլդ Աղաբաբովը գլխավոր հերոսուհու՝ Անտիկի  դերակատարման համար բազմաթիվ դերասանուհիների փորձելուց հետո ի վերջո ընտրեց Սունդուկյանի անվան մայր թատրոնի երիտասարդ դերասանուհի Աննա Էլբակյանին: Առնոլդ Աղաբաբովի և Աննա Էլբակյանի առաջին հանդիպումը հարթ չանցավ: 

«Ես գրեթե վստահ էի, որ Աղաբաբովը ֆիլմը կնկարահանի ուրիշ դերասանուհու մասնակցությամբ, որովհետև «Հայֆիլմում» բոլորը դեմ էին իմ դերակատարմանը։ Նրանք գտնում էին, որ ասֆալտի վրա մեծացած աղջիկը չի կարող գյուղի աղջկա կերպարը մարմնավորել, բայց Աղաբաբովը բոլորին դեմ գնաց ու գլխավոր հերոսուհու դերը վստահեց ինձ»,- ասում է սիրված դերասանուհին։

Բազմազան էին Առնոլդ Աղաբաբովի դրամատուրգիական կարողություններն ու թեմատիկ հետաքրքրությունները, ինչի շնորհիվ նրան հաջողվեց նկարահանել ֆիլմեր, որոնց հիմքում մարդն է իր մտահոգություններով, ջերմ հարաբերություններով, հույզերով ու ապրումներով։ Այդ ֆիլմերով հիանում էին ոչ միայն Խորհրդային միության, այլև համաշխարհային կինոյի մեծությունները։ Ֆիլմեր, որ հայ կինոյի ոսկե դարաշրջանի հպարտ վկաներն են։

Back to top button